«ՏԷՑ-ում գործ խոսալուց էրկու հոգի ինձ խփեցին, մեքենաս տարան». Բագրատունյաց փողոցում մարմնավաճառը դաժան ծեծի է ենթարկվել

«ՏԷՑ-ում գործ խոսալուց էրկու հոգի ինձ խփեցին, մեքենաս տարան». Բագրատունյաց փողոցում մարմնավաճառը դաժան ծեծի է ենթարկվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Հրաչյա Հ.-ի և Նարեկ Շ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ Հրաչյա Հ.-ն նախնական համաձայնության է եկել իր մտերիմ Նարեկ Շ.-ի հետ՝ ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու շուրջ: 2019 թվականի հունվարի 2-ին, ժամը 19-ի սահմաններում նրանք պատահական տաքսիով գնացել են Երևանի Բագրատունյաց փողոցում գտնվող՝ Նաիրիտ գործարանի մոտ: Այնտեղ մոտեցել են մարմնավաճառությամբ զբաղվող Սուսան Ս.-ին (անունը փոխված է), համաձայնության են եկել վերջինիս ծառայություններից օգտվելու շուրջ: Սուսան Ս.-ն նստել է իր կողմից շահագործվող «Նիսան Մարչ» մեքենայի ղեկին, Նարեկ Շ.-ն նստել է վարորդի կողքի նստատեղին, Հրաչյա Հ.-ն՝ հետևի նստատեղին: Սուսան Ս.-ն մեքենան վարել է դեպի Բագրատունյաց փողոցում գտնվող «Սև քար» հյուրանոցը: Հասնելով այնտեղ՝ փորձել է մեքենան կայանել: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հրաչյա Հ.-ն իր մոտ եղած պարանը հետևից գցել է Սուսան Ս.-ի պարանոցին ու ձգել է, իսկ Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է Սուսան Ս.-ի որովայնին ու պահանջել է մեքենան: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Հրաչյա Հ.-ն իր մոտ եղած, որպես զենք գործադրված առարկայի կոթով հարվածել է Սուսան Ս.-ի գլխին, ապա քաշելով՝ նրան տեղափոխել է մեքենայի սրահի հետնամաս: Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, մի քանի անգամ դանակով հարվածել է Սուսան Ս.-ի թիկունքին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ և ձախ կեսերի հետին մակերեսների, որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակած-կտրած, թափանցող, աջ զստային շրջանի ծակած-կտրած, չթափանցող, ներքին և արտաքին սուր արյունահոսությամբ, լյարդի և թոքերի վնասումներով, հեմոպնևմոթորաքսով, հեմոպերիտոնեումով, ճակատային ձախ կեսի, գագաթային, գագաթածոծրակային հատվածների սալջարդով ուղեկցված վերքերի ձևով: Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Շ.-ն նստել է մեքենայի ղեկին, մեքենան վարել է դեպի Բագրատունյաց ու Ե. Թադևոսյան փողոցների խաչմերուկ, կանգնել է լուսացույցի կարմիր լույսի տակ: Սուսան Ս.-ն, ըստ մեղադրանքի, կարողացել է այդ կանգառն օգտագործել, նա մեքենայի հետևի աջ դուռը բացել ու իրեն դուրս է գցել մեքենայից: Իսկ Հրաչյա Հ.-ն և Նարեկ Շ.-ն, ըստ մեղադրանքի, մեքենային տիրանալով՝ դիմել են փախուստի՝ Սուսան Ս.-ին պատճառելով 1 միլիոն 56 հազար դրամի գույքային վնաս: Հրաչյա Հ.-ին ու Նարեկ Շ.-ին մեղադրանք է առաջադրված խմբի կազմում նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում գործելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ամբաստանյալների խափանման միջոցը կալանավորումն է: Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Քրեական գործով ձեռք բերված տվյալների համաձայն՝ Բագրատունյաց ու Ե. Թադևոսյան փողոցների խաչմերուկում մեքենայից իրեն դուրս նետելով՝ Սուսան Ս.-ն կարողացել է հասնել մոտակա հյուրանոց: Դատարանը հարցաքննեց այդ հյուրանոցի աշխատակցուհուն, ով բացել էր դուռը ծանր վիրավոր ու արնաթաթախ կնոջ առաջ: Վկան հայտնեց, որ իր աշխատած հյուրանոցում տրվում են սենյակներ օրավարձով ու ժամավարձով: Դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 2-ին, ժամը 17-ին ինքը գնացել է աշխատավայր՝ հյուրանոց: Ժամը 19-ի սահմաններում հացուպանիր էր ուտում ու հեռուստացույց էր նայում, երբ դրսից ձայներ է լսել. «Ոնց որ կատվի մլավոց լիներ՝ նվնվոց, հևոց էր»: Կինը դուրս է նայել ու տեսել է, որ Աննան՝ ինքը այդ անունով էր ճանաչում Սուսանին, իջնում է հյուրանոցի աստիճաններով: Կինը բացել է դուռը, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Սուսանն ամբողջովին արյան մեջ էր, նրա երկար մազերը թափված էին դեմքին, գլխից էլ էր արյուն հոսում: Նա ասել է՝ Գոռին զանգի, Գոռին զանգի, ու հեռախոսահամար է տվել: Ասել է նաև, որ «ՏԷՑ-ում գործ խոսալուց» երկու հոգի խփել ու մեքենան տարել են: Ըստ վկայի՝ Սուսանը ուշագնաց է եղել, նրա «պռոշները կավճի գույն էին արդեն»: Ժամը 19-ն անց 16-ին վկան զանգել է Գոռ անունով տղային, քիչ անց եկել են տղաներ, նաև՝ Գոռ անունով տղան, նրանք արնաքամվող Սուսանին տարել են հիվանդանոց: Ըստ վկայի՝ այն բազկաթոռը, որի վրա նստել էր Սուսանը, ամբողջովին արյունով էր ներծծվել: Վկան ասաց, որ հիվանդանոցից ահազանգել էին ոստիկանություն, որտեղից զանգել են իրեն, հարցրել են՝ այդ ի՞նչ է պատահել, հետո ոստիկանության աշխատողներ են եկել հյուրանոց ու իրեն հրավիրել են ոստիկանության Շենգավիթի բաժին: Բաժնում գտնվելու ժամանակ կինը միջանցքի խոսակցություններից լսել է, որ Բագրատունյաց-Թադևոսյան փողոցների խաչմերուկի տեսասարքն արձանագրել է՝ Սուսանին մեքենայից դուրս էին գցել խաչմերուկում: Հրաչյա Հ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Էդուարդ Աղաջանյանի հարցերին պատասխանելով՝ վկան ասաց, թե «Աննա» անունով կինն իրենց հյուրանոցում շատ հազվադեպ էր լինում՝ տարին շատ-շատ՝ մեկ-երկու անգամ, բայց ինքը նրան գիտեր: Պաշտպանի հարցին՝ վկային հայտնի՞ է՝ ինչով էր զբաղվում տուժողը, վկան հարցով պատասխանեց՝ «ՏԷՑ-ում ովքե՞ր են կանգնում, դուք չգիտե՞ք, ձեզ համար էլ ակնհայտ է...»: Այնուամենայնիվ, վկան ինչքան էլ չէր ցանկանում արտաբերել Սուսանի զբաղմունքի անվանումը, համաձայնեց պաշտպանի հարցում հնչած ենթադրությանը, որ տուժող Սուսան Ս.-ն զբաղվել է մարմնավաճառությամբ: Վկան նշեց, որ դեպքը չի կարողանում մոռանալ. «Կակռազ չեմ մոռանում, էս մի տարի ա՝ սթրես եմ տանում՝ էդ արյունլվա աղջկան տեսնելուց հետո...»: Վկան պնդեց նաև իր նախաքննական ցուցմունքը: Վկայի հարցաքննությունից հետո նախագահողը տեղեկացրեց՝ տուժողը, որ դատական նիստին ներկա չէր, դիմում էր գրել դատարանին ու խնդրել էր վերադարձնել իրեղեն ապացույց հանդիսացող մեքենան: Կողմերը չառարկեցին: Դատարանը որոշեց՝ «Նիսան Մարչ» մեքենան վերադարձնել՝ ի պահ հանձնել տուժողին: Դատարանը նաև բերման ենթարկելու որոշումներ կայացրեց նիստերին չներկայացող վկաների վերաբերյալ: Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 18-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը: