Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տոլերանդ պետություն է

Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տոլերանդ պետություն է

Չնայած վերջերս Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների կատարած փոխայցերին՝ մենք ականատես ենք, որ լարվածությունը սահմանում չի թուլանում, հակառակորդի հրազենից վիրավորվում են զինծառայողները։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը կարծիք հայտնեց, որ այդ նախաձեռնությունն այնքան էլ հեռանկարային չէ, քանի որ Ադրբեջանն ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը տոլեռանդ պետություն է։ Եվ այդ փոխայցերն էլ, ըստ նրա, տեղավորվում են այդ տրամաբանության մեջ։ «Ես այդ փոխայցերին չեմ վերաբերում որպես հեռանկարային քայլ և չեմ կարծում, որ կա Ղարաբաղի հարցում խաղաղ կարգավորման հեռանկար։ Եթե ուշադիր հետևեք այն հայտարարություններին, որ արել էին Բաքու այցելած հայ լրագրողները և Հայաստան եկած ադրբեջանցի լրագրողները, կտեսնեք, որ այստեղ որևէ ձեռքբերման և արդյունքների մասին խոսելն անիմաստ է։ Հասկանալով, որ այդ փոխայցերը հանրությանը և իշխանություններին խաղաղության նախապատրաստելու փորձ են, դրա համար էլ միջնորդները ջանքեր չեն խնայում, միևնույն է, կարծում եմ, որ այն անհեռանկարային գործընթաց է։ 2000-ականներին էլ եղել են նման նախաձեռնություններ, սակայն դրանք ոչ մի տեղ չեն տարել։ Այն ժամանակ կար նախաձեռնություն՝ Ռուսաստանում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների մասնակցությամբ։ Հայաստան էր եկել Փոլադ Բյուլբյուլօղլին՝ որպես պաշտոնյա, սակայն փորձը ցույց տվեց, որ նման նախաձեռնություններն արդյունք չեն տալիս»։ Նկատեցինք, որ դեկտեմբերի 4-7-ը սպասվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի պետ Արման Կարապետյանի և ՀՀ արտգործնախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության խորհրդական Արտեմ Ազանուրյանի այցը Բաքու՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) Միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին և կառույցի 20-ամյակին նվիրված ժողովին մասնակցելու նպատակով։ ԶԼՄ-ներում հնչում են մեկնաբանություններ, որ լրագրողների այցին հաջորդում է պաշտոնյաների այցը, որը կարող է ունենալ խաղաղասիրական նպատակներ։ «Դա միջազգային միջոցառում է, չեմ կարծում, թե դա պայմանավորված է այն բանով, որ լրագրողները գնացել են, պաշտոնյաներն էլ են գնում։ Չեմ կարծում, թե պետք է մեկը մյուսի հետ կապել»,- ասաց միջազգայնագետը։ Լուսանկարում՝ ադրբեջանցի լրագրողները Երևանում