«Ռուսական ռուբլու տատանումը ծանր է անդրադառնում մեր վրա»․ ինչպես դիվերսիֆիկացնել արցախյան շուկան

«Արցախ Ֆրութ» ՓԲ ընկերության պահածոների գործարանը հիմնադրվել է 2008 թվականին՝ Ստեփանակերտում։ Ընկերությունն առաջարկում է արտադրանքի լայն տեսականի` պահածոյացված բանջարեղեն, մարինադներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ, թթի դոշաբ ու նռան օշարակ։ Գործարանը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ «Արցախ Ֆրութ» ընկերության տնօրեն Արմեն Ծատրյանի  տեղեկացմամբ՝    անհրաժեշտ  գյուղմթերքի  մեծամասնությունը  ձեռք են բերում Արցախից, մնացածը՝ Հայաստանից: «Հայաստանից  ամենաշատը ներկրում ենք լոլիկ, որոշ չափով նաև սմբուկ, սպիտակ կեռաս և մի քանի այլ մրգատեսակներ։ Մեր արտադրանքի միայն 15-20  տոկոսն է, որ  ներքին շուկայի սպառմանն է ուղղվում, մնացած շուրջ 80 տոկոսն արտահանում ենք Ռուսաստանի Դաշնություն՝ սկսած դեռևս 2009 թվականից։ Հիմա ունենք արտահանման առաջարկներ նաև Ղազախստանից  ու Ղրղզստանից, սակայն  լոգիստիկայի հետ կապված խնդիրներ կան, որոնց պատճառով նրանց հետ  հեշտ աշխատել չի ստացվում։ Իսկ  ռուսական շուկա՝ հիմնականում Մոսկվա և Կրասնոդարի մարզ՝ տարեկան կտրվածքով արտահանում ենք 400-500 հազար միավոր ապրանքատեսակ, որը դրամային արժողությամբ՝ մոտ 250-ից 300 միլիոն դրամ է կազմում, բայց ռուբլու տատանումը շատ ծանր է նստում մեր վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արմեն Ծատրյանը։ Գործարանը  ներկա դրությամբ ունի 50-60 աշխատակից, ամսական միջին 120 հազար  դրամ աշխատավարձով։ «Բայց քանի որ աշխատանքը հիմնականում սեզոնային բնույթ է կրում՝ հիմա մենք փորձում ենք նաև այնպես անել, որ ձմեռվա  ամիսներին  աշխատողներն առանց գործ չմնան»,- ասաց գործարանի տնօրենը։ Մանրամասները՝ տեսանյութում։