Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ էր Մոսկվա. նա և Քոչարյանը հավասարվում են

Սերժ Սարգսյանը մեկնելո՞ւ էր Մոսկվա. նա և Քոչարյանը հավասարվում են

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին տված ճեպազրույցում հայտարարել էր, որ իշխանությունը Սերժ Սարգսյանի դեմ գործ է հարուցել և խափանման միջոց ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը, քանի որ վախեցել է նրա ակտիվ արտաքին քաղաքական գործունեությունից: ՀՀԿ նախագահը հայտարարել է, որ Սարգսյանը ծրագրում էր այցեր մի քանի կարևոր մայրաքաղաքներ, որտեղ քննարկելու էր պետական նշանակության, ազգային օրակարգի կարևոր հարցեր: Իշխանության վախի մասին հայտարարությունները դնենք մի կողմ, այստեղ թերևս խնդիրը պարզ քարոզչական պաշտպանության դաշտում է: Սակայն մի քանի մայրաքաղաքներ ծրագրված այցերի մասին հայտարարությունը հետաքրքիր է՝ մի քանի առումով: Սերժ Սարգսյանը մեկնել էր Զագրեբ ԵԺԿ կոնֆերանսին և վեհաժողովին մասնակցելու, ելույթ ունեցավ այնտեղ, որտեղ Հայաստանի իշխանությանը քննադատելուն զուգահեռ՝ բավականին նուրբ տողատակով Եվրոպային էր նաև նախատում, որ բավարար աջակցություն չեն ցուցաբերել իրեն: Եթե սա համադրենք նաև ԱՄՆ դեսպանի հետ շաբաթներ առաջ ունեցած հանդիպման հետ, որտեղ Սերժ Սարգսյանը խոսել էր իրական ժողովրդավարության մասին և դարձյալ ակնարկով մեղադրել, որ այդ հարցում չեն աջակցել իրեն բավարար չափով, ապա ստացվում է հետաքրքիր տրամաբանություն և պատկեր: Այդ համատեքստում էլ առաջանում է հարց՝ իսկ մայրաքաղաքների շարքում, ուր այցերը նախապատրաստվում են և շարունակելու են նախապատրաստվել՝ ըստ ՀՀԿ փոխնախագահի, կա՞ Մոսկվան՝ ՌԴ մայրաքաղաքը: Սերժ Սարգսյանի Մոսկվա այց պլանավորվո՞ւմ էր: Եթե, իհարկե, ընդհանրապես այդպիսի այցեր պլանավորվում էին, և դրանք իրապես քաղաքական, ոչ թե զբոսաշրջաժամանցային նպատակներ էին հետապնդում կամ, ասենք, առողջարանային: Մոսկվայի հանգամանքը այստեղ հետաքրքիր է նրանով, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի նախագահը, օրինակ, կանոնավոր կերպով հիշում է Ռոբերտ Քոչարյանին, իսկ ահա Սերժ Սարգսյանին՝ ոչ: Եվ Սերժ Սարգսյանն էլ չի հիշում ՌԴ իշխանությանը՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Երկրորդ նախագահն իր պաշտպանական մարտավարությունում ակնհայտ կերպով խաղադրույք է կատարում Մոսկվայի վրա, թեև առայժմ «չի գուշակում» ոչ մի «հաշիվ»: Իսկ «Սպուտնիկ Արմենիայում» իր վերջին հոդվածում նա ընդհանրապես «մատնում» էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ դեսպանի հետ նրա հանդիպումից անմիջապես հետո: Օրեր առաջ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դատարանում հայտարարել էր, որ մարտիմեկյան գործը երեք նախկին նախագահներին ներառող գործ է, և երկրորդ նախագահը այդ իմաստով անհավասար պայմանում է, երբ բանտում է: Ինչ-որ իմաստով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հավասարվում են: Ազատության աստիճանը, իհարկե, տարբեր է, բայց արտաքին այցերի առումով նրանք, կարծես թե, հայտնվում են հավասար դիրքում: Ինչ ազդեցություն է թողնելու այդ հանգամանքը Հայաստանի ներքին կյանքի և նախկին իշխող համակարգի ներքին հարաբերակցության վրա: