Հայաստանը կարող է հանք արդյունահանող երկրից վերածվել ՏՏ ոլորտում գիտելիք արտահանող երկրի

ATN Համահայկական առևտրի պալատը, որը նաև ծանոթ է որպես Հայկական առևտրային ցանց, վերջերս հրապարակել 2019-ին իր կողմից արժանացած Համահայկական գործարար գերազանցության մրցանակակիրների անունները: Հայաստանյան ներդրող անվանակարգում մրցանակակիրն է «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը: «Սինոփսիս Արմենիա»-ն, անընդհատ ընդլայնելով իր գործունեությունը, այժմ աշխատանքով ապահովում է ավելի քան 600 մասնագետի և պատրաստվում է տարեկան մեծացնել այդ թիվը 100-ով։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանն «Առաջին լրատվականի հետ զրույցում նշեց, որ IT ոլորտը զարգացման մեծ աճ ունի, և բնականաբար հայաստանյան մասնաճյուղն էլ պետք է արագ զարգանա. «Բայց այստեղ աճը մի քիչ ավելի արագ է, քանի որ հայ ՏՏ մասնագետների յուրահատկությունները նույնպես նպաստում են դրան: Մի կողմից՝ այդ յուրահատկությունները նորարարական գաղափարներն են, մյուս կողմից՝ որպես աշխատուժ մեր մասնագետները մնայուն, հաստատուն և երկարատև աշխատելու կարողություններ ունեն: Մենք 35 երկրներում նորարարությունների ստեղծագործական կենտրոններ ունենք, բայց Հայաստանում որոշակի հատկություններ կան, որը չենք կարող անտեսել, այդ յուրահատկություններից է կենտրոնների կայունությունը: Երվանդ Զորյանի հավաստմամբ՝ Հնդկաստանը, Չինաստանը, Իռլանդիան հզոր ՏՏ մասնագետներ ունեն, բայց հայ մասնագետները նույնպես հզոր մասնագետների թվին են պատկանում: Նախորդ հինգ տարիներին հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ high tech-ի ծավալներն ավելի քան կրկնապատկվել են, և ծրագրվում է առաջիկա հինգ տարիներին ոլորտում գրանցել առնվազն 60 տոկոս աճ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը հասցնելով 400 միլիոն դոլարի: Անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե արդյոք իրատեսական է այս ծրագիրը, Երվանդ Զորյանը նշեց. «Այդ ամենի իրականացման համար աշխատանք պետք է իրականացնեն ընկերությունները, կառավարությունը և համալսարանները: Կրթությունը, պետության կողմից տրամադրված աջակցությունը և օրենքները, ինչպես նաև ընկերությունների ջանքերը միասին կարող են իրականություն դարձնել ոլորտի զարգացումը, ապահովել մեծ աճը»: Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ Հայաստանը կարող է հանքարդյունահանող երկրից վերածվել ՏՏ ոլորտում գիտելիք արտահանող երկրի, և արդեն դառնում է: Մանրամասն տեսանյութում: