Կալանավորել էին երկու ամսով, տասնհինգ օր էլ ապօրինի պահել են

Կալանավորել էին երկու ամսով, տասնհինգ օր էլ ապօրինի պահել են

Հայտնի է, որ երկու ամսից ավելի է, ինչ Հայ ազգային կոնգրեսը նախաձեռնել է 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո տարբեր մեղադրանքներով հանիրավի ազատազրկված անձանց արդարացման գործընթաց։ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ևս մի քանի հոգի արդարացվել են։ Այժմ էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ վճռաբեկ դատարան ներկայացրել է բողոք Սամվել Հարությունյանի և Մասիս Այվազյանի վերաբերյալ 2008թ․ կայացված մեղադրական դատավճիռների դեմ։ Նրանք մեղավոր են ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։ Թավշյա հեղափոխությունից հետո, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց մի շարք վճիռներ Մարտի 1-ի գործով, դրանցից մեկը «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործն էր։ ՄԻԵԴ-ն արձանագրել էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը («Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք»)։ 2008թ․ նշված անձանց նկատմամբ կայացված դատավճիռները պաշտպանական խմբի կողմից բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ դատարան, որոնք մերժվել էին՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռները։ Մասիս Այվազյանի դեպքում Վճռաբեկ դատարան նաև բողոք էր ներկայացվել, որը, սակայն, վերադարձվել էր՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործադիր քարտուղար Մասիս Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է, որ 2008թ․ ինքն ազատազրկվել և անազատության մեջ է անցկացրել 110 օր։ «Ինձ կալանավորել էին երկու ամիս ժամկետով, ժամկետը լրանալուց հետո 15 օր պահել են ապօրինի։ Ինձ առաջադրված մեղադրանքով բռնության ենթարկված անձ չկար։ Այդ պատճառով էլ այդ գործը ես շահել եմ ՄԻԵԴ-ում։ Հիմա գլխավոր դատախազը դիմել է գործը բեկանելու և արդարացնելու համար»,- ասաց Մասիս Այվազյանը։ Նա հավելում է, որ Մարտի 1-ի գործերը շինծու գործեր են։