Պարտիզանական պայքարը հակապետական է. ՀՅԴ-ի քայլերը վտանգավոր են ու մտահոգիչ

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հանդիպել է լրագրողների հետ և խոսել կուսակցության ղեկավարին առաջադրված մեղադրանքից: «Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը օդ է… Հարուցված քրեական գործն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան: Այստեղ պետք է ասենք՝ շնորհակալություն քեզ, Փաշինյան Նիկոլ»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահը: Ի՞նչ է ակնարկում Արմեն Աշոտյանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Նարինե Դիլբարյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանի շնորհակալություն հայտնելը փիար տեխնոլոգիա է, որով ուզում է ցույց տալ, որ իրենք հանկարծակիի չեն եկել. «Փամփշտակալում գուցե ինչ-որ փամփուշտ կա, քաղաքական տեխնոլոգիաների տեսակետից դա լիովին հասկանալի է, ուրիշ ի՞նչ կարող էր ասել Աշոտյանը՝ ի պաշտպանություն իրենց կուսակցության նախագահի»: Ն.Դիլբարյանի դիտարկմամբ՝ կարևոր է բացահայտել այն բոլոր հարվածները, որ հասցրել է Սերժ Սարգսյանը՝ խոչընդոտելով ժողովրդավարական համակարգի կայացմանը. «Կեղծելով ընտրությունները, ջախջախիչ հարված հասցնելով ժողովրդի ազատ կամարտահայտմանը, աղավաղելով սահմանադրական հանրաքվեի արդյունքները և ընդունելով այնպիսի Սահմանադրություն, որի պատճառով այսօր բազմաթիվ ականների առջև ենք կանգնած»: Վերլուծաբանի խոսքով՝  Ս. Սարգսյանի գլխավոր դերակատարությունն այն էր , որ նա ձևախեղել է Սահմանադրությունը՝ ապահովելու համար իր իշխանության վերարտադրությունը: «Արմեն Աշոտյանը լավ կաներ շնորհակալություն հայտներ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ իր կուսակից նախարարին, որը, ըստ մամուլի, եղել է Սերժ Սարգսյանի մասին ցուցմունք տվողը, և հայտնել է, որ Սերժ Սարգսյանն է իրեն  հրահանգներ տվել,- նշեց Վահագն Ալեքսանյանը:- Քաղաքական օրակարգում ՀՀԿ-ի հայտնվելը բնական պրոցես եմ համարում, բնական եմ համարում նաև այն, որ շուտով Աշոտյանը կարող է բարձրախոսը վերցնել ու դուրս գալ փողոց, և կարող են 30 հոգով հավաքվել ու հայտարարել, որ հազարավոր մարդիկ կոնսոլիդացվել են Ս. Սարգսյանի ազատության համար»: «Ընթանում է իրավական պրոցես, և ՀՀԿ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի հասարակությանը շեղի իրավական պրոցեսից և մանիպուլյացիայի ենթարկի»,- նկատեց Գևորգ Պապոյանը: Քննարկման մասնակիցները հավանական չեն համարում Ս. Սարգսյանի և Ռ. Քոչարյանի միավորումը՝ հանուն ընդդիմադիր շարժում ստեղծելու գաղափարի: «Ինքնապաշտպանական բնազդը կարող է դառնալ շարժիչ ուժ, բայց Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը «անխառնելի հեղուկներ» են, նրանց միավորումը չի կարող տեղի ունենալ, որովհետև նրանց միջև բացված խորխորատը մեծ է»: Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև ՀՅԴ-ի այս շաբաթվա վարքագծին: Հիշեցնենք՝ երեկ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հայտարարություն-նամակ է տարածել, ըստ որի՝ ՀՅԴ ԳՄ հայաստանյան կոմիտեների ժողովում որոշվել է պարտիզանական հարվածներ հասցնել ներկա իշխանություններին։ «Պարտիզանական պատերազմը մղում են իրենց վրա գրոհ ձեռնարկած այլ պետության դեմ, այսինքն՝ թշնամու դեմ: Մենք երկրի ներսում թշնամիներ չունենք: Եթե կա քաղաքական ուժ, որը համարում է, որ 70 տոկոս ձայն ստացած լեգիտիմ իշխանությունը թշնամի է, ապա սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, և պետք է մշակված գործողությունների պլանն ուսումնասիրվի անվտանգության մարմինների կողմից. պետք է հասկանալ՝ ինչ նկատի ունեն պարտիզանական պատերազմ ասելով»,- նշեց Գ. Պապոյանը՝ ընդգծելով նաև, որ ՀՅԴ-ի շահերից է բխում այդպիսի գործունեության տեսլական ունեցող մարդկանցից ազատվելը: Նարինե Դիլբարյանի խոսքով՝ պայքար է ծավալվում ընդդիմության հարթակի համար. «Ինչ վերաբերում է պարտիզանական պայքարին, դա իրավական տեսանկյունից անթույլատրելի է, քաղաքական տեսանկյունից՝ աբսուրդ է»: Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ այսօր տեղեկություն տարածվել, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` երեք երիտասարդները արտաքսվել են ՀՅԴ շարքերից: «Շատ կարևոր է արձանագրել նաև, որ ՀՅԴ ուսանողական միակ կառույցը՝ ՆԱՈՒՄ-ը, դեմ էր արտահայտվել ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով ցույցերին, ինչին հաջորդել է այդ երիտասարդների արտաքսումը կուսակցությունից»,- նշեց Վ. Ալեքսանյանը: Մանրամասն՝ տեսանյութում: