Ինչ-որ ձեռք հասել է ՄԻԵԴ․ ինչո՞ւ չի բավարարվել Պետրոս Մակեյանի հայցը

Ինչ-որ ձեռք հասել է ՄԻԵԴ․ ինչո՞ւ չի բավարարվել Պետրոս Մակեյանի հայցը

Մի քանի կայքերում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի բավարարել «Մակեյանն ու մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» գործով հայցը՝ գտնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը («Արդար դատաքննության իրավունք») չի խախտվել։ Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին, Շոթա Սաղաթելյանին ու Աշոտ Զաքարյանին 2008թ․ փետրվարի 19-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրություններից հետո մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով («Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից և զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»)։ ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում ՄԻԵԴ-ի այս նոր վճիռը չէր տեղադրվել․ նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ ժամանակ է պետք ՄԻԵԴ-ի վճիռն ամբողջությամբ թարգմանելու համար։ Պետրոս Մակեյանն երեկ անակնկալի եկավ ՄԻԵԴ վճռի մասին լսելիս, քանի որ տեղյակ չէր այդ մասին։ Իսկ երբ արդեն ծանոթ էր վճռին, տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ի հետ իրենց գրագրություններն ավարտվել են 2012-13թթ․։ Պետրոս Մակեյանի փաստաբանն է եղել լուսահոգի Տիգրան Տեր-Եսայանը։ «Այն ժամանակ ՄԻԵԴ-ը ճանաչել էր արդար դատաքննության խնդիրը։ 2014 թվականից մենք սպասում էինք ՄԻԵԴ վճռին։ Հիմա ինձ համար անհասկանալի է, թե ինչու ՄԻԵԴ-ը նման վճիռ կայացրեց։ Կարծում եմ, որ կա՛մ ինչ-որ դավադրություն կա, կա՛մ էլ Նիկոլ Փաշինյանի բնորոշած՝ եվրայոնջաներն են այդպես որոշել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոս Մակեյանը։ 2008թ․ հետընտրական իրադարձություններից հետո Պետրոս Մակեյանի և նրա ընկերների դատավարությունն ընթանում էր Գյումրիում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Այդ դատավարությանը մասնակցած լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները հիշում են, թե ինչպիսի լարված մթնոլորտում էր այն ընթանում, ինչպես էին հերթով դատական նիստին ներկայացող վկաները հայտարարում, որ իրենք Մակեյանի և մյուսների դեմ ցուցմունք են տվել նախաքննական մարմնի ճնշումների ներքո։ Այդ մասին դատարանում հայտարարեցին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, անձնագրերում կնիքներ խփող Կարինե Հարությունյանը, որոնց նկատմամբ գործադրվել էին ակնհայտ ճնշումներ։ «Բոլորն են հիշում, թե ինչպիսի խայտառակ, շինծու գործ էր, ինչպես էին վկաները գալիս, հայտարարում, որ իրենց ահաբեկել են, ճնշել են, ներողություն էին խնդրում և գնում։ Կա տեսաերիզ, որում երևում է, որ մենք մեկ րոպե քառասուն վայրկյան ենք եղել այդ տարածքում, իրենք սարքել են երեսուն րոպե»,- հիշում է Մակեյանը։ Նկատեցինք, որ մինչ օրս Մարտի 1-ի գործով հայցերի դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միայն ընդդեմ ՀՀ-ի է կայացրել վճիռները, բավարարել է դիմումատուների հայցերը։ «Ես ամիսներ առաջ տեսել եմ դավադրություն, ահազանգել, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ կարող հայտարարել այդ մասին, չեմ կարող անուններ տալ։ Կար ՄԻԵԴ-ի որոշումը, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի համաձայն՝ խախտվել են մեր իրավունքները։ Պետք է լիներ վճիռը, բայց եթե հիմա եղել է այդ փոփոխությունն, ուրեմն ինչ-որ ձեռք հասել է ՄԻԵԴ։ Թե ում ձեռքն է՝ չեմ կարող ասել»,- արձագանքեց Մակեյանը։