Ինձ համար ամենաշոկայինն այն էր, որ կանանց դեռևս թլպատում էին. Թոմ Քաթինային փոխարինած հայ բժիշկ

Թոմ Քաթինան 2017թվականին ստացավ «Ավրորա» մարդասիրական մրցանակը: Թոմ Քաթինան Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում աշխատող միակ վիրաբույժն է, ով տարեկան 1000 վիրահատություն է կատարել և օրական մոտ 400 հիվանդի է սպասարկել: «Առաջին լրատվական»-ի այսօրվա հյուրը պատերազմական լեռներում Թոմ Քաթինային փոխարինած բժիշկ Արմեն Մկրտչյանն է: Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Մկրտչյանն արդեն վերադարձել է և անցել իր աշխատանքին: «Շատերը ինձ և Թոմ Քաթինային նմանեցնում էին արտաքինով, բնավորությամբ և մարդասիրական գծերով,- պատմում է մեր զրուցակիցը:- Ես շատ էի ինտեգրվել այդ ժողովրդին, մանավանդ երեխաներն իմ տարերքն են, բայց ինձ համար, իհարկե, դժվար է քաղաքակրթությունից հեռու մնալ: Արմեն Մկրտչյանի խոսքով՝ իր մտքով անգամ չէր անցել, որ աֆրիկյան ցեղերի ավանդույթների զոհերի պետք է բուժեր կամ բուժօգնություն ցույց տար: «Այնտեղ շատ ավանդույթներ պահպանվում են և դրանց հետ մարդկային կյանքեր են կապված: Ինձ համար շոկային էր, որ այնտեղ այսօր՝ 21-րդ դարում դեռևս աղջիկներին թլպատում են, երեխաներին այդ իրավիճակի առաջ են կանգնեցնում՝ գնում են մի քայլի, որն իրենց ավանդույթն է պահանջում: Թլպատված աղջիկ էին բերել հիվանդանոց, հազիվ հնարավոր եղավ կյանքը փրկել: Բազմաթիվ աղջիկներ դառնում են այդ ավանդույթի զոհը. այնտեղ ամեն երկրորդ կինը հեպատիտ B-ով հիվանդ էր կամ սեռավարակով վարակված: Այնտեղ կա նաև ավանդույթ, որ կնոջը ճիպոտով ծեծում են և որքան շատ է դիմանում, իբրև թե այդքան շատ է սիրում ամուսնուն... Ըստ ավանդույթի՝ նաև դանակով խոր կտրվածքներ են անում, որ սպի մնա մարմնի վրա, և շատերն այդպիսի ավանդական, ոչ հիգենիկ պայմանների զոհ են դառնում: Ես զարմացած եմ»: Մանրամասն՝ տեսանյութում: