Ո՞ւմ են նախընտրում տափերականցիները համայնքապետի պաշտոնում

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի 6 մարզի 12 համայնքում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Բացի դրանից՝ ևս 4 համայնքում արտահերթ ընտրություններ են։ Արագածոտնի մարզի Ավան և Արարատի մարզի Տափերական  համայնքներում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ են, իսկ Արարատի մարզի Նորաշեն և Արմավիրի մարզի Ծիածան համայնքում՝ ավագանու արտահերթ ընտրություններ։ Նախընտրական մրցապայքարին  ծանոթանալու նպատակով «Առաջին լրատվական»-ն այցելեց Արարատի մարզի Տափերական համայնք, որտեղ համայնքապետի պաշտոնում առաջադրվել է 8 թեկնածու։ Բնակիչները մեզ հետ զրույցում անկեղծորեն խոստովանեցին, որ  առաջադրված թեկնածուների նախընտրական քարոզարշավներին  մեծամասամբ չեն հետևում, քանի որ թեկնածուներին անձամբ ճանաչում են, համագյուղացիներ են և տարիների ընթացքում հասցրել են տեսնել նաև նրանց կատարած աշխատանքները։ Այս առումով տափերականցիներից ոմանք առանձնացրին իրենց նախընտրելի թեկնածուին՝ Մուշեղ Ղազարյանին, ով  նաև Տափերականի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է  և  տարիների իր գործունեությամբ՝ հասցրել էր արժանանալ համագյուղացիների համակրանքին ու դրական վերաբերմունքին։ Հարցմանը մասնակցած  տափերականցիներից ոմանք էլ խուսափեցին  կոնկրետ թեկնածուի անուն նշել՝ ասելով, որ չեն ցանկանում որևէ մեկին «նեղացրած» լինել , քվեարկության օրը կկատարեն իրենց ընտրությունը։ «Ամենալավն էն ա, որ նախկին տարիների պես ընտրակաշառք ու վախի մթնոլորտ չկա, մարդկանց չեն ուղղորդում, թե ում քվեարկեն, ում ինչքան ձեն տան, արդար, թափանցիկ ընտրություններ ա լինելու։ Ով էլ կընտրվի՝ մեր գյուղի համար թող լավ ղեկավար լինի , գյուղում հազար հատ պրոբլեմ կա»,-ասաց համայնքի բնակիչներից մեկը։ Մեկ ուրիշն էլ իր հերթին նկատեց, «Ես, օրինակ Մուշեղին եմ շատ լավ ճանաչում, շատ խելոք, մարդկային ու ինտելեկտուալ մարդ ա, միշտ գյուղի խնդիրները լուծել ա, նրա մասին գերազանց կարծիք ունեմ ու շատ լուրջ ուժ է նա»։   Մանրամասները՝ տեսանյութում։