Պատրանքներ չպետք է ունենանք, մեզնից շատ բան կախված է. նոր վետո՝ Ցեղասպանության բանաձևի վրա

Պատրանքներ չպետք է ունենանք, մեզնից շատ բան կախված է. նոր վետո՝ Ցեղասպանության բանաձևի վրա

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը։ Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը, հարցադրմամբ հանդես եկավ ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին անգամ Սենատում բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի ընդգրկմանը օրակարգում, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը: Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանը օրակարգում: Բանաձևի առաջադրմանը սակայն դեմ հանդես եկավ Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Վերջինս գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար.«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»: Հիշեցնենք, որ, ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի, մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվեց Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից: Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ տվյալ իրավիճակում Հայաստանը  մեծ հաշվով, անելիք չունի.«Մենք շատ լավ պատկերացնում ու հասկանում ենք, որ սա իսկապես թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդիր է ու մեր գործողությունն ու  աշխատանքն այստեղ շատ ընդհանուր պատկերի հետ գործ ունի։ Այսինքն՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ Միացյալ Նահանգներն իր շահերով է  առաջնորդվում նաև  հայկական հարցի  հետ կապված։Մենք ավելորդ պատրանքներ չպետք է ունենանք, որ ցանկացած պահի հարցը կարող է ճանաչվել կամ առաջ գնալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Բադալյանն ընդգծեց.«Մենք պետք է արձանագրենք հետևյալը. ճանաչում եղել է Ներկայացուցիչների պալատում, որն աննախադեպ էր որոշակի իմաստով՝ չնայած որ բանաձևն ուներ խորհրդատվական բնույթ, քաղաքական առումով այն աննախադեպ էր։ Ու մենք  կարող ենք արաձանագրել, որ հայկական հարցի քննարկումը Միացյալ Նահանգներում  քաղաքական նոր մակարդակի վրա է բարձրացել։ Հիմա մնացած աստիճանները՝ Սենատում, կամ ավելին Սպիտակ տան նման մոտեցումը՝ ընդհանուր թուրք-ամերիկյան հարաբերությունների տիրույթում է ու մենք պետք է աշխատնեք այդ ուղղությամբ, եթե  ունենք հնարավորություններ՝ նպաստենք նոր մակարդակներում ձեռքբերումներին։ Բայց մեծ հաշվով անելիքներ չունենք,պատրանքներ չպետք է ունենանք,թե մեր անելիքներից ինչ-որ բան է կախված»։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ընդունելով Միացյալ Նահանգներում առկա իրողությունները, մենք կարող ենք  նաև շատ այլ հարցերում՝ Մերձավոր արևելք, Կովկաս, մեր անվտանգության համակարգի հարցերում՝ նկատի ունենալ ինչպիսի վիճակ է  հայկական հարցի առումով ու մեր քայլերը պլանավորել արտաքին քաղաքականության ընդհանուր մարտավարության համատեքստում»։ Ըստ Հակոբ Բադալյանի՝  սա ընդհանուր մի համակարգի աշխատանք է պահանջում, որտեղ ակտիվ ճակատում լոբբիստական կազմակերպություններն են.«Որովհետև նրանք ԱՄՆ հայազգի քաղաքացիներից կազմված կառույցներ են, որոնք ակտիվորեն աշխատում են ամերիկյան քաղաքականության ներկայացուցիչների ուղղությամբ։ Այսինքն նրանք ԱՄՆ քաղաքաիցներ են, որոնք սպասարկում են հայկական հարցը։ Մեր արտգործնախարարության աշխատանքն այստեղ շատ սահմանափակ է, որովհետև չպետք է մոռանանք, որ այլ երկիր ենք ու շատ սահմանափակ է մեկ այլ երկրի քաղաքական կյանքին առնչվելու հանգամանքը։Ուստի իհարկե առաջին տեղում լոբբիստական կառույցների աշխատանքն է, բայց արտգործնախարարության հետ այդ կառույցները ևս պետք է համագործակցեն»։ Արդյոք այս փուոլում առաջնային է  ցեղասպանության ճանաչումը և ոչ Արցախի անկախության ճանաչումը հարցին ի պատասխան մեր զրուցակիցն արձագանքեց.«Առաջնային ու երկրորդական չէի դասի, իհարկե շատ կարևոր է նաև Արցախի անկախության ճանաչումը։ Բայց ես հայկական հարց ասվածը դիտարկում եմ փաթեթով։Այդ փաթեթի մի կարևոր հատված է  պատմականը, այսինքն Ցեղասպանության հարցը և մյուս մասն արդեն ընթացիկ արցախյան հաղթանակը, դրա կապիտալիզացիան միջազգային հարթակում։ Ես սա դիտարկում եմ որպես մեկ փաթեթ։ Ցեղասպանության ուղղությաաբ որևէ գործընթաց իհարկե իր որոշակի ազդեցությունը թողնում է նաև արցախյան հարցի վրա։ Այդ պատճառով, երբ որ մենք առանձին ենք դիտարկում՝ սկսում ենք առաջնահերթությունների դասակարգել, իսկ երբ հայկական հարցը դիտարկում ենք ամբողջականության մեջ, իսկ դա անխուսափելիորեն ներառում է նաև Արցախը, ապա այստեղ մենք արդեն տեսնում ենք, որ խնդիրը այն չէ, թե որն է կարևոր։ Որևէ ուղղությմաբ առաջմղումը ավելի ամբողջական էֆեկտ է  ունենալու նաև արցախյան հարցում»,-եզրափակեց Հ. Բադալյանը։