Քրգործ հարուցող մարմինները գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում. Ռոբերտ Քոչարյան

Միակողմանի գործիք է լինելու, որի նպատակն է լինելու չեզոքացնել բարձր վարկանիշ ունեցող, իրենց համար անկանխատեսելի դատավորներին շարքից հանել կոնկրետ քրեական գործերով։ Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Իմ կողմնակիցները կարող է սկսեն ինչ-որ կերպ արտահայտվել դատախազների նկատմամբ, ցածր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, հակառակ կողմը սկսի կարծիք հայտնել բարձր վարկանիշ ունեցող դատավորների նկատմամբ, բայց այս գործիքը միակողմանի օգտագործվող գործիք է, որովհետև քրեական գործ հարուցող մարմինները քննչական մարմիններն են, որոնք ուղղակի գործադիր իշխանության ազդեցության տակ են գտնվում»,-հավելեց Ռոբերտ Քոչարյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում՝ Մխիթար Պապոյանի նախագահությամբ ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազները դատավորին ներկայացրեցին ինքնաբացարկի միջնորդություն։ Որպես հիմք դատախազները նշել են ֆեյսբուքյան մի գրառում՝ դատավորներ Վազգեն Ռշտունուն, Արշակ Վարդանյանին եւ Մխիթար Պապոյանին վերագրելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ անձնական երաշխավորություն կիրառելու մասին դատավոր Դավիթ Գրիգորյանի փոխարեն որոշման գրելը։ Մխիթար Պապոյանն իրեն զրպարտելու համար դիմել էր ԱԱԾ, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Դատավորները նշված գործով չունեն դատավարական որեւէ կարգավիճակ, անգամ չեն հարցաքննվել։