Ինչու են ռուսները օդից կախված թողնում հայանպաստ որոշումը․ Բլեֆի հետքերով

Ինչու են ռուսները օդից կախված թողնում հայանպաստ որոշումը․ Բլեֆի հետքերով

Այս տարվա հոկտեմբերի 10-ին ՌԴ սպորտի նախարարությունը տարածել էր հաղորդագրություն, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մարզիկները Ռուսաստանում լեգեոներներ չեն համարվի ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, ջրագնդակի մրցումներում: Այս հայտարարությունը ոգևորություն էր առաջացրել մասնավորապես հայ ֆուտբոլասերների շրջանում: Մինչ օրս հույսեր ենք փայփայում, որ ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կհամալրեն մեր ազգային թիմի շարքերը: Այսօր Հայաստանի հավաքականը ծայրահեղ ծանր վիճակում է մի քանի նոր բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը կարող է էական նշանակություն ունենալ: Նախագիծը վերջնականապես պետք է հաստատվեր այս տարվա նոյեմբերի 14-ին: Որոշման վերջնական ուժի մեջ մտնելու վերաբերյալ մինչ օրս սակայն տեղեկություններ չկան: Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին Եվրասիական տնտեսական միության դատարանը որոշում էր ընդունել ԵԱՏՄ երկրների մարզիկների նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու մասին, որպեսզի պահպանվի համընդհանուր շուկայի ազատ կիրառման հնարավորությունը: Վճռում նշված էր, որ այս կետի չկիրառումը արգելք է հանդիսանում ԵԱՏՄ ներսում միասնական շուկա ստեղծելու համար: Այս որոշումը, սակայն, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, այսպես ասած, բանի տեղ չէր դրել: Հիմա կարծես թե իրավիճակը կրկնվում է: Ինչու հայանպաստ որոշումը ռուսական կողմը շարունակ թողնում է օդից կախված: Ռուսաստանի ֆուտբոլի միությունը որոշակի արտոնություն էր տվել թերևս բելառուս ֆւտբոլիստներին, որոնք իրենց երկրի ազգային թիմի անդամ են: Ինչու նույն որոշումը ՌՖՄ-ն չի ընդունում նաև հայ ֆուտբոլիստների մասով: Նշենք, որ ռուսական ֆուտբոլում առկա է լեգեոներների սահմանափակում, որն ազդում էր նաև ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների վրա: Ռուսաստանի Պրեմիեր լիգայում լեգեոներներ են համարվում այն ֆուտբոլիստները, որոնք իրավունք չունեն հանդես գալու Ռուսաստանի ազգային հավաքականում: Սահմանափակման համաձայն՝ խաղադաշտում միաժամանակ չի կարող լինել 6-ից ավելի լեգեոներ: Սրա հետևանքով Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բազմաթիվ հայ ֆուտբոլիստներ տարիներ շարունակ հրաժարվել են հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, որպեսզի իրենց ակումբներում խնդիրներ չունենան: Մի քանի տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի հետ, որը առկա խնդրի պատճառով այդպես էլ չխաղաց մեր ազգային թիմում: Հայաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև այժմ «Ռոստովում» ելույթ ունեցող պաշտպան Խորեն Բայրամյանը, որը ևս, չցանկանալով ռիսկի դիմել, մերժեց հրավերը: Անցյալ տարվա ամռանը տեղի ունեցած աշխարհի առաջնությունից հետո պարզ էր դարձել, որ ֆուտբոլային գերատեսչությունը մտադիր չէ փոփոխել սահմանափակման մասին օրենքը: Լեգեոներների սահմանափակումը, ըստ ռուսական կողմի, ուժեղ հավաքականներ և որակյալ կադրեր ունենալու հիմնական գրավականն է: Հիշեցնենք, որ բացի Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ի անդամ են նաև Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղըզստանը: Հաշվի առնելով նշված երկրներում ֆուտբոլի մակարդակը՝ կարող ենք ասել, որ Ռուսաստանի առաջնությունում որոշակի արտոնություն կարող են ստանալ հայ և բելառուս ֆուտբոլիստները: Մյուս երկրներն այսօր ուղղակի չունեն ֆուտբոլիստներ, որոնց խաղամակարդակը թույլ կտա խաղալու Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: Շատ չեն նաև հայ և բելառուս ֆուտբոլիստները, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն և խաղում են Պրեմիեր լիգայում: Բացի այն, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստները չեն միանում Հայաստանի ազգային հավաքականում, լեգեոներների սահմանափակման մասին օրենքը բացասական նշանակություն ունի մեզ համար նաև այլ տեսանկյունից: Մասնավորապես, սահմանափակման հետևանքով ըստ էության կանգ է առել հայաստանցի ֆուտբոլիստների հոսքը Ռուսաստանի առաջնություն: Ռուսական ակումբները նախընտրում են ձեռք բերել թեկուզ ավելի թանկ, բայց ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստների, և գործող լիմիտը լրացնում էին նրանցով: Ժամանակին ռուսական ակումբները հետաքրքրված էին Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստներով: Ու հիմա, եթե հայաստանցի մարզիկը ռուսական ֆուտբոլում չունենա լեգեոների կարգավիճակ, կբացվի նոր հորիզոն: Ենթադրվում է, որ ռուսական ակումբներն իրենց հերթին ուշադրությունը կսևեռեն հայաստանցի և բելառուս ֆուտբոլիստների վրա: Վերջին տարիներին ավելի բարձրակարգ ակումբների ֆուտբոլիստներ «արտահանելը» բավական լուրջ խնդիր է մեզ համար: Հուսանք, որ ԵԱՏՄ-ի դատարանի որոշումը, ինչպես նաև սպորտի նախարարության նախագիծը վերջնականապես ուժի մեջ կմտնի զարկ կտա այս գործընթացին: Հուսանք նաև, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի ազգային հավաքականը զգալիորեն կլուծի կադրային խնդիրը: