ՀՀԿ շնորհակալությունը Նիկոլ Փաշինյանին

ՀՀԿ շնորհակալությունը Նիկոլ Փաշինյանին

Սերժ Սարգսյանի գործն օդ է, արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին դրա համար: Սերժ Սարգսյանի գործը ներքաղաքական իրողությունների համար բավականին լակմուսային է և հանգրվանային: Այլ կերպ լինել չէր էլ կարող, հաշվի առնելով հանգամանքը, որ Սարգսյանը իշխանությունը թողնելուց հետո առանցքային ֆիգուր է, մնում է նախկին համակարգի շրջանակում: Այդ տեսանկյունից, ՀՀԿ փոխնախագահը առերևույթ հեգնելով մեղադրանքի որոշումն ու իշխանության քայլը՝ Նիկոլ Փաշինյանի դեմ կոնսոլիդացիան խորացնելու տեսանկյունից, իրականում բավականին նրբորեն ակնարկում է, որ այդ կոնսոլիդացիայի առանցքում կարող է լինել միմիայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, և ոչ մի այլ ուժ կամ դեմք նախկին իշխող համակարգից: Արմեն Աշոտյանն ըստ էության ակնարկում է այն, ինչը ասել էր մի քանի շաբաթ առաջ՝ նախկին իշխող համակարգի շրջանակում ձևավորվող ընդդիմադիր ֆորմատների առնչությամբ: Նա հայտարարել էր, որ ոչ մի ընդդիմություն չի կարող արդյունավետ լինել առանց ՀՀԿ առանցքի: Մեծ հաշվով, Սերժ Սարգսյանի հանդեպ իրավական գործընթացն ու մեղադրանքը նրան բերում է առանցք, կամ ընդգծում նրան այդ առանցքում: Այն դեպքում, երբ բավականին բաց ու ակնառու հայտեր են եղել այդ դերի համար, սկսած Ռոբերտ Քոչարյանից, որը հայտարարել է «կոնսենսուս մինսուս մեկ» բանաձևը և դրա շուրջ իշխանության դեմ մոբիլիզացիայի տրամաբանությունը: ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը փաստորեն հայտարարում է, որ կոնսենսուս կարող է լինել, սակայն ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Սերժ Սարգսյանի շուրջ: Այստեղ նուրբ պահ է թերևս նաև այն, որ երկրորդ նախագահը կոնսենսուսային կրեդո էր փորձում դարձնել Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հնարավոր պայմանավորվածության մասին նուրբ կասկածների տարածումը, առաջին հերթին նաև նախկին իշխանության շրջանակներում՝ այդպիսով բոլոր այդ շրջանակներին հենց իր շուրջ համախմբելու համար: ՀՀԿ փոխնախագահը խոսելով մեղադրանքի և քաղաքական հետապնդման մասին, մատնացույց է անում փաստացի, որ Սարգսյանը իշխանության պակաս թիրախում չէ, քան Ռոբերտ Քոչարյանը, ըստ այդմ կասկածները Սերժ Սարգսյանի հանդեպ անհիմն են: Իհարկե Ռոբերտ Քոչարյանն այդ առումով ունի մեկ հարց-քայլ՝ ինչու՞ Սարգսյանը ձերբակալված չէ: