Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Չեմ կարծում՝ Մեհրիբան Ալիևան իր այդ կարգավիճակով կարող է գալ Արցախ՝ մուղամ լսելու

Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային Արցախ է հրավիրում՝ մուղամ լսելու։ Տիկին Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։ «Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն՝ ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մենք կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը»,- հայտարարել է վարչապետի կինը: Եթե Մեհրիբան Ալիևան ընդունի իր հրավերը, Աննա Հակոբյանը պատրաստ է մեկնել Բաքու։ Վարչապետի կինը, սակայն, շեշտում է, որ եթե Ալիևան նպատակ ունի գալ Արցախ՝ պատերազմի միջոցով, դա անկատար երազանք է մնալու․«Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ նրանց համար մուղամ լսելը կդառնա անկատար երազանք»: Հիշեցնենք, Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Արցախում մուղամ լսելու ցանկության մասին գրել էր «Թելեգրամի» իր էջում՝ մասնավորապես գրելով, թե «Ադրբեջանի ժողովուրդը ընդամենը մեկ երազանք ունի՝ միասին լսել Ղարաբաղի շիկեստե ղարաբաղյան հողում»: Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի նախաձեռնած հրավերին, ասաց. «Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի Հանրապետության փոխնախագահն է, և նրա այցը Արցախի Հանրապետություն դե ֆակտո ճանաչման հարց կնշանակի։ Եթե որպես զբոսաշրջիկ՝ մեր երկրում խտրականություն չկա։ Մենք միշտ էլ ասել ենք, որ Ադրբեջանի ժողովրդին մենք՝ Արցախում ապրողներս, չենք նայում որպես թշնամիներ, Ադրբեջանում չեն ապրում միայն ադրբեջանցիներ, կան նաև տարբեր ազգային փոքրամասնություններ, որոնք նույնպես որպես զբոսաշրջիկ կարող են այցելել Արցախ, ես որևէ վատ բան չեմ տեսնում։ Բայց տիկին Մեհրիբանի պարագան այլ է, նա Ադրբեջանի փոխնախագահն է, ու չեմ կարծում, որ իր այդ կարգավիճակով այցելի Արցախ։ Նաև չմոռանանք՝ կան նաև խոսակցություններ, որ նա պատրաստվում է դառնալ երկրի նախագահ»։ Թովմասյանը նաև հավելեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ընթացող բանակցությունները, որ վարում է իր ամուսինը, ցույց չեն տալիս, թե նա Ստեփանակերտ կարող է գալ թեյ խմելու, մուղամ լսելու ու որպես զբոսաշրջիկ։ Դա ռազմատենչ հայտարարություն է՝ ուղղված Արցախի բնակչությանը, որ այն ինչ չի ստացվում բանակցային գործընթացում՝ իմ նախագահ ընտրվելու դեպքում նա մուղամ կլսի ոչ թե անկախ Արցախի Հանրապետությունում, այլ, իր պատկերացմամբ՝ Ադրբեջանի կողմից զավթված Արցախում, նրա երազանքը դա է։ Իսկ մնացած դեպքերում՝ ոչ միայն տիկին Մեհրիբանը, այլ ուրիշ ադրբեջանցիներ, որոնք ցանկություն ունեն գալ Արցախ, կարող են գալ։ Պատմության մեջ եղել են այլ դեպքեր, երբ ադրբեջանցիները ցանկություն են հայտնել այցելել Արցախ։ Եթե ուշադիր հետևեք պատմությանը՝ և՛ առաջնագծից են եղել այցելողներ, և՛ Իրանի Իսլամական Հանրապետությունում ապրող էթնիկ ադրբեջանցիներ այցելել են Արցախ»։ Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցության ներկայացուցիչը խոսեց նաև բանակցային գործընթացի ներկայիս փուլի մասին և նշեց, որ մոտ ապագայում հակամարտության կարգավորման հույս չունի։ «Չկար սեղանին դրված մի փաստաթուղթ՝ ընդհանուր պետությունից սկսած մինչև այս պահը, որի վերջը պատերազմը չէր. Քի Վեսթ, Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ, Լավրովի պլան՝ ոչ համայն հայությունը, ոչ էլ Ադրբեջանի բնակչությունը պատրաստ չեն փոխզիջումների՝ հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո։ Ես մի բանում եմ համոզված՝ Արցախյան հակամարտությունը հնարավոր է լուծել միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում։ Այդ փոխվստահության մթնոլորտը բացակայում է երկու ժողովուրդների, ղեկավարների միջև։ Իսկ Ապրիլյան պատերազմը էլ ավելի խորացրեց ատելությունը երկու ժողովուրդների միջև, ուստի արցախյան հիմնախնդրի լուծում մոտ ժամանակահատվածում ես չեմ տեսնում։ Բայց բանակցությունները պետք է շարունակվեն, որովհետև խաղաղ բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է»,-եզրափակեց Արթուր Թովմասյանը։