Վարչապետի զարմանքն անհասկանալի էր. հետհեղափոխական Հայաստանում շարունակվում են խոշտանգումները թե բանակում, թե ոստիկանությունում

Ոստիկանության բաժնում անձի խոշտանգման մասին տեսանյութի բոլոր մասնակիցների ինքնությունը բացահայտված է, նույնիսկ արդեն մեղադրյալ կա։ Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց՝ երբեմն հայտարարություններ են արվում, որ հիմա էլ ոստիկանությունում խոշտանգումներ են լինում։ Հիմքեր կա՞ն նման հայտարարությունների համար, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը պատասխանեց․ «Գիտեք, հիմքեր կան, և վարչապետը երբ հռետորական հարցեր է բարձրացնում, նրան հետո ոչ ոք փաստարկ չի բերում։ Երեկ էլ Ազգային ժողովում այդ հարցն անպատասխան մնաց, որը ենթադրում է, որ չկան։ Ես ուզում եմ բերել արտառոց մի դեպք, որը ոչ միայն խոշտանգում է, այլև խոշտանգումից հետո մարդը մահացել է։ Խոսքը Էդգար Ծատինյանի մասին է, որին ապրիլի 7-ին կանչել են ոստիկանություն՝ որպես վկա մի մահվան դեպքով։ Սակայն նրան այնտեղ խոշտանգել են և ստիպել են, որ կուլ տա թմրանյութ, որից նա այնքան է վատացել, որ տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ հիվանդանոցում նրան օգնություն չի ցուցաբերվել։ Ես նորից նայել եմ դատաբժշկական փորձաքննությունը, որտեղ այս ամենն արձանագրված է։ Այսինքն՝ ստամոքսի լվացում անգամ չեն արել, որովհետև այդ թմրանյութով տոպրակները չէին մնա ստամոքսում։ Մանրամասն նկարագրված է, թե ինչպես են խոշտանգել նրան։ Եվ դա միակ դեպքը չի, ցավոք սրտի։ Այնպես որ, չեմ կարծում, որ վարչապետը տառապում է անտեղյակության սինդրոմով»։ Իսկ փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ ասաց․ «Իսկապես, երեկ վարչապետի ելույթից հետո ինձ համար այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վարչապետին սխալ ձևով է զեկուցվում գործերի մասին։ Ինչպես եղել է նախկինում, հիմա էլ լինում են խոշտանգման դեպքեր, սակայն դատավորները խուսափում են խոշտանգման հոդվածով մեղադրական դատական ակտեր կայացնել։ Օրինակ՝ Արմեն Աղաջանյանի մահվան դեպքի հետ կապված դիմել եմ քննիչին, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացվի, սակայն վերջինս մերժել է։ Դրանից հետո դիմել եմ գլխավոր դատախազին, որից ստացել եմ երեք տողանոց մի պատասխան, որ քննիչը ձեզ պարզաբանել է։ Բայց երբ արդեն աղմուկ է բարձրանում, ես Էրեբունու դատախազից որոշում եմ ստանում, որ ձեր միջնորդությունը հիմնավոր է, բավարարվում է, և պետք է կրկնակի փորձաքննություն նշանակվի։ Այսինքն՝ եթե այս աղմուկը չելներ, այդպես էլ այդ գործը կփակվեր»։     Մանրամասները՝ տեսանյութում։