Յուրա Մովսիսյանը վերադառնում է․ Որտե՞ղ կխաղա Հայաստանի հավաքականի լավագույն հարձակվողը

Յուրա Մովսիսյանը վերադառնում է․ Որտե՞ղ կխաղա Հայաստանի հավաքականի լավագույն հարձակվողը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկ և կես տարի չխաղալուց հետո պայմանագրով ազատ գործակալի կարգավիճակ է ստացել: Տևական դադարից հետո մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը շարք կվերադառնա։ 32-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է MLS-ի դրաֆտում, և հիմա ցանկացած ակումբ կարող է ընտրել հայ հարձակվողին։ Պայմանագիր կնքելու համար կողմերն ունեն 7 օր ժամանակ։Հիշեցնենք, որ Մովսիսյանի տրանսֆերը պատկանում էր «Ռեալ Սոլթ Լեյքին»։ Այլ թիմ չտեղափոխվելով և միևնույն ժամանակ չխաղալով Մովսիսյանը կլորիկ աշխատավարձ էր ստանում վերը նշված ակումբից։ Վերջերս «Ռեալ Սոլթ Լեյքը» նոր գլխավոր մարզիչ էր նշանակել Ֆրեդի Խուարեսին, ով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ակումբը դեկտեմբերի 1-ից երեք միլիոն եվրոյի ազատ գումար ունի իր տրամադրության տակ, քանզի այլևս աշխատավարձ չի վճարում Մովսիսյանին ու Ալֆրեդո Օրտունոյին: Այդ պատճառով ՌՍԼ-ը կարող է նոր ու բարձրակարգ հարձակվող փնտրել: Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Մովսիսյանը ևս 6 ֆուտբոլիստների հետ հեռացել էր ՄԼՍ-ում հանդես եկող «Չիկագո Ֆայեր» որտեղ ելույթ էր ունենում վարձակալության հիմունքներով: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Մովսիսյանը դիտարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու տարբերակը: Մասնավորապես նշվում է, որ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են մի քանի հայկական թիմեր: Այդուհանդերձ հանդիսանալով «Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Մովսիսյանը տարբեր պատճառներով չկարողացավ թեկուզ վարձակալության հիմունքներով համալրել այլ թիմի շարքերը և հայտնվեց խաղից դուրս վիճակում։ Երեք տարվա ընդմիջումից հետո վերադառնալով Հայաստանի ազգային հավաքական՝ Մովսիսյանը Ազգերի լիգայի խաղարկությունում 5 գոլ խփեց՝ ընդգրկվելով մրցաշարի լավագույն ռմբարկուների շարքում: Կրկին համոզվեցինք, որ Մովսիսյանը շարունակում է մնալ մեր հավաքականի հարձակման գծի առաջատարը: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ ընդունելի կլինի, որ Մովսիսյանը պայմանագիր կնքի հայկական որևէ թիմի հետ: Անհրաժեշտ է, որ հնարավորինս սեղմ ժամանակահատվածում Մովսիսյանը խաղային պրակտիկա ձեռք բերի։ Բնական է, որ կարիերայի ընթացքում խաղալով բարձրակարգ ակումբներում և ելույթ ունենալով բարձր մակարդակի առաջնություններում՝ Մովսիսյանի համար բավական դժվար է Հայաստանում հանգրվանելը: Վերջին տարիներին Մովսիսյանի խաղը շարունակ անկում է ապրում թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ պատճառներով: Շատերի համար Հայաստանի առաջնությունն անդունդ է, որտեղ հայտնվելով՝ ֆուտբոլիստները լուրջ տեղաշարժի հնարավորություն այլևս չեն ունենում:Մովսիսյանն արդեն 32 տարեկան է, կարծում ենք պարզ է, որ հայտնվելով հայկական որևէ ակումբում՝ տաղանդավոր հարձակվողը քայլ կկատարի բոլորովին այլ հարթություն: Հիմալ էլ կարող ենք ասել, որ եթե առաջիկա մեկ-երկու ամիսներին Մովսիսյանը ավելի լուրջ ակումբներից առաջարկ չստանա, կկանգնի բավական ծանր երկընտրանքի առջև: Այն է՝ կա՛մ ավարտել կարիերան, կա՛մ խաղալ, ասենք, «Ալաշկերտում»: Կարծես տխուր ավանդույթ է դարձել, որ մեր հավաքականի երբեմնի առաջատար ֆուտբոլիստներն արտասահմանյան թիմերում տարբեր պատճառներով հաջողություն չունենալուց հետո վերադառնում են հայկական թիմեր: Վերջին տարիներին Հայաստանի առաջնություն վերադարձան մեր ազգային հավաքականի խաղացողներ Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Տարոն Ոսկանյանը, Արտյոմ Սիմոնյանը, Էդգար Մանուչարյանը: Ընդհանուր առմամբ նրանք վատ տպավորություն չեն թողնում, բայց նաև չեն ցուցադրում այն ֆուտբոլը, որը կգրավի կարգով անհամեմատ ավելի բարձր մակարդակի թիմերի ուշադրությունը: Թե ինչ ընտրություն կկատարի Մովսիսյանը՝ այս պահին դժվար է ասել: Բնական է, բոլորս ցանկանում ենք, որ Մովսիսյանը խաղա, քանզի այս հարձակվողին անհրաժեշտ է մեր հավաքականին: Նույնիսկ Հայաստանի առաջնությունում խաղալով՝ Մովսիսյանը կարող է օգնել մեր ազգային թիմին: Հետևաբար Հայաստան վերադառնալու պարագայում էլ պետք է ողջունել այս ֆուտբոլիստի որոշումը և հույս հայտնել, որ նրա կարիերայում այնուամենայնիվ դրական տեղաշարժեր կլինեն: Մովսիսյանի խաղային որակներին անցյալ տարի բավական դիպուկ գնահատական էր տվել հայտնի թաթար մասնագետ Ռինատ Բիլյալետդինովը: Վերջինս հույս ուներ, որ հայ հարձակվողը կվերադառնա Ռուսաստանի Պրեմիեր լիգա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Մովսիսյանի ծառայությունով հետաքրքրված են եղել մի քանի ռուսական ակումբներ: «Մովսիսյանն իրական առաջատար է՝ մարտիկ, որը բարձրացնում է խաղացողների մարտական ոգին: Միացյալ Նահանգներում Յուրայի խաղը գրավել էր միլիոնավոր երկրպագուների ուշադրությունը: Իմ տեղեկություններով՝ դեռևս ամռանը Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել ռուսական մի քանի ակումբներ: Հիմա հայ հարձակվողը խնդիրներ ունի, և մինչև վերջ հույսեր էի փայփայում, որ նա կվերադառնա Ռուսաստան: Նա մեծ օգուտ կտար Պրեմիեր լիգային: Ինչու չէ, Յուրան կարող էր ուժեղացնել նաև «Ռուբինի» հարձակման գիծը»,- ասել էր Բիլյալետդինովը:Այս պահին տեղեկություններ չկան՝ արդյոք Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրվա՞ծ են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբները, թե՞ ոչ: Բայց այն, որ մեր հավաքականի հարձակվողը կարող է օգուտ տալ նաև ռուսական ակումբներին, կարծում ենք՝ անհերքելի է:Մովսիսյանի կարիերայի վրա ծանր ազդեցություն թողեց անցյալ տարի շվեդական «Յուրգորդենի» կազմում ստացած վնասվածքը: Մեր ֆուտբոլիստը փորձում էր իր տեղը գտնել Եվրոպական առաջնությունում, բայց… Մոտ 5 ամիս չխաղալուց հետո նա այդպես էլ չկարողացավ ամրապնդվել «Չիկագո Ֆայերի» կազմում: