Հայկական որ թիմերն են տեղ գտել 1000 լավագույնների շարքում

Հայկական որ թիմերն են տեղ գտել 1000 լավագույնների շարքում

Հայկական ֆուտբոլային ակումբներն ավարտեցին իրենց մրցելույթները 2019 թվականին: Ընդհանուր առմամբ այս տարին ակումբային ֆուտբոլի մակարդակով մեզ համար կարելի է հաջողված համարել: Մասնավորապես մեր թիմը պատմական արդյունքներ գրանցեց եվրագավաթների խաղարկությունում՝ վարկանիշային միավորներ վաստակելով Հայաստանի համար: Clubworldranking պարբերականի վարկածով աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն այս պահին ունի ունի 3 ներկայացուցիչ: Մեր չեմպիոնը՝ «Արարատ-Արմենիան», եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ հայտնվեց վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 780-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում ՀՀ փոխչեմպիոն Երևանի «Փյունիկն» է: Վերջինիս այս տարի ևս հաջողվեց դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ անցյալ տարի էլ «Փյունիկը» բավական հաջող ելույթ ունեցավ Եվրոպա լիգայի խաղարկությունում: Մասնավորապես, երևանյան թիմը Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս թողեց Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 770-րդ հորիզոնականում է: ՀՀ փոխչեմպիոնին 33 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»: Վերջինս այս տարի հաղթահարեց Եվրոպա լիգայի առաջին փուլի արգելքը՝ պայքարից դուրս թողնելով «Մակեդոնիային»: Երևանում մեր թիմը հաղթել էր 3:1, իսկ մրցակցի հարկի տակ՝ 3:0 հաշվով: Երկրորդ փուլում էլ երևանյան թիմը մոտ էր ռումինական հեղինակավոր «Ստյաուայի» արգելքը հաղթահարելուն: Սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» հյուրընկալվելիս հաղթել էր 3:2 հաշվով: Ընդ որում, առաջին կեսից հետո հաղթում էինք 3:1 հաշվով, և թվում էր, թե «Ալաշկերտի» ֆուտբոլիստները նաև 4-րդ գնդակը կխփեն 10 ֆուտբոլիստներով մնացած մրցակցի դարպասը: Ամիսներ առաջ լավագույն 1000 ակումբների շարքում էր նաև հայկական մեկ այլ ակումբ՝ «Գանձասար-Կապանը»: Վերջինս այս շրջանում անհաջող ելույթների պատճառով, սակայն, դուրս է մնացել վարկանիշային աղյուսակից: Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 625-րդ, «Նեֆթչին»՝ 680-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 750-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 890-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիայի» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 880-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ: Աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում «Բարսելոնան» պահպանում է առաջատարի դիրքը: Clubworldranking-ի վարկածով՝ իսպանական ակումբն ունի 15934 միավոր: «Բարսելոնան» շարունակում է զգալիորեն գերազանցել երկրորդ տեղում գտնվող արգենտինական «Լիվերպուլին»: Վերջինս ունի 14463 միավոր: Երրորդ հորիզոնականում արգենտինական «Ռիվեր Փլեյթն» է, իսկ 4-րդը՝ «Վալենսիան»: Լավագույն հնգյակը եզրափակում է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Սիթին»: 6-րդ հորիզոնականում Մադրիդի «Ռեալն» է, որին հաջորդում են բրազիլական «Ֆլամենգոն», արգենտինական«Բոկա Խունիորսը», Լոնդոնի «Չելսին» և բրազիլական «Պալմեյրասը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 40-րդ հորիզոնականում է: Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 84-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 55-րդն է, «Կրասնոդարը»՝ 72-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 73-րդը: Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Առաջին հորիզոնականում «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն է: Երկրորդ հորիզոնականում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզիչ Մարսելո Գալարդոն, եզրափակում է լավագույն եռյակը: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ 5-րդը՝ Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին է, իսկ «Բոկա Խունյորսի» գլխավոր մարզիչ Ալֆրեդոն՝ 6-րդը, բրազիլական «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Տիագո Նունյեսը 6-րդն է: «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն 7-րդ հորիզոնականում է, որին հաջորդում են, «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Խորխե Ժեզուսը, «Գրեմիոյի» գլխավոր մարզիչ Ռենատո Գաուչոն և բրազիլական մեկ այլ թիմի՝ «Տայգերսի» գլխավոր մարզիչ Ռիկարդո Ֆերետին: Լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 3 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 226-րդն է: «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 904-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 941-րդը: