Բաքուն Ռուսաստանի հետ նոր ռազմական պայմանագիր կկնքի

Բաքուն Ռուսաստանի հետ նոր ռազմական պայմանագիր կկնքի

Ադրբեջանն ու Ռուսաստանը սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կկնքեն: Այս մասին «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Որոշակի հետաքրքիր գաղափարներ ունենք: Գործարքն ավարտվելուն պես լրատվամիջոցներին կտեղեկացնենք այդ մասին»,- ասել է նա: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում անդրադարձել էր ՀԱՊԿ երկրներին ուղղված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ զենք չվաճառել Ադրբեջանին: «Ես միայն կընդգծեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկերության կարևորագույն ոլորտներից մեկն է»,- մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը՝ ասել է ՌԴ արտգործնախարարը: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը «զարգացնում են իրենց համագործակցությունը միջազգային նորմերին համապատասխան, համաձայն Ադրբեջանի և Ռուսաստանի օրենսդրության, և ամբողջովին հաշվի առնելով այն հավասարակշռությունը, որը կարևոր է տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար»: Օրերս Ղրղզստանում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ն ունի բոլոր միջոցները Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետը նշել էր, որ, անվտանգության պահպանման շահերից ելնելով, ՀԱՊԿ երկրները պետք է անպատասխան թողնեն Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: