Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացման համար բավարար քայլեր չեն կատարվում

«Ընդհանրապես տարեվերջի ցուցանիշները բավական տպավորիչ են լինում, ինչը բացատրվում է հիմնականում Նոր տարվա եռուզեռով, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ցուցանիշներով, ներմուծման և արտահանման ցուցանիշների աճով: Սա բնականոն ցուցանիշ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ նորարարական տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերին գրանցված 7 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին: Մեր զրուցակիցը առաջին հերթին կարևորում է այն հանգամանքը, թե ինչպես են փոխվում առաջին հերթին արտահանման և ներմուծման ցուցանիշները. «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մեր վճարային հաշվեկշիռը բոլոր տարիների ընթացքում եղել է բացասական, իսկ խոշոր հաշվով՝ վճարային հաշվեկշիռը բնութագրում է մեր երկրի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Մենք առաջիկա տարիներին պետք է կարողանանք հասնել նրան, որ դա չեզոքացվի, և արտաքին աշխարհի հետ մեր առևտուրը, ինչու ոչ, նաև դարձնենք դրական»: Աշոտ Մարկոսյանը համաձայն է վարչապես Փաշինյանի գնահատականի հետ, թե՝ տնտեսության մրցունակության բարձրացման հետևանքով Հայաստանում 2019թ. հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սննդամթերքը թանկացել է ընդամենը 0,1 տոկոսով. «Այստեղ անչափ կարևոր են այն հարաբերական առավելությունները, որ մենք ունենք Եվրասիական տնտեսական շուկայում: Ուրախալի է այն հանգամանքը, որ հատկապես գյուղատնտեսական և վերամշակվող արդյունաբերության արտադրանքը այդ շուկայում զգալի հաջողություններ ունի»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: