Էրդողանը սպառնացել է հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ բալթյան երկրների համատեղ պաշտպանությունից

Էրդողանը սպառնացել է հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ բալթյան երկրների համատեղ պաշտպանությունից

Թուրքիան կհրաժարվի աջակցել ՆԱՏՕ-ի Լեհաստանի և մերձբալթյան երկրների պաշտպանության ծրագրերին, եթե դաշինքը որպես ահաբեկչական չճանաչի Անկարայի համար սպառնալիք հանդիսացող կազմակերպությունները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է Hürriyet-ը: «Երեկ հանդիպեցի Լեհաստանի նախագահի հետ: Ըստ էության, նրանք ասացին, որ մենք կարող ենք միավորվել ի պաշտպանություն մերձբալթյան երկրների: Եթե ՆԱՏՕ-ում մեր ընկերները որպես ահաբեկչական չընդունեն այն կազմակերպությունները, որոնք մենք համարում ենք այդպիսին, և որոնց դեմ մենք պայքարում ենք, մենք դեմ կլինենք ՆԱՏՕ-ի կողմից ձեռնարկված ցանկացած քայլի», - ասել է Էրդողանը: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ում իրենց ներկայացուցչին պարտավորեցրել են չստորագրել փաստաթուղթը և հանդիպումների և մասնավոր զրույցների ընթացքում կոշտ դիրքորոշում ցուցաբերել՝ պահանջելով դաշինքից քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» որպես ահաբեկչական ճանաչել պաշտոնական ձևակերպմամբ: ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն Reuters-ին հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ծրագրում է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին: