Զգուշավոր քաղաքականություն. ԲՀԿ-ն չի ուզում թիրախավորվել և չի  շտապում «Վերնատուն»

Զգուշավոր քաղաքականություն. ԲՀԿ-ն չի ուզում թիրախավորվել և չի շտապում «Վերնատուն»

ԲՀԿ-ն չի միանա արտախորհրդարանական ուժերի ձևաչափին, քանի որ ունի սեփական օրակարգը՝ հայտարարել է խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Լրագրողները հետաքրքրվել են Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատանը» միանալու հնարավորության մասին: ԲՀԿ-ն եղել է հրավիրվածների շարքում, սակայն չի մասնակցել «Վերնատան» առաջին հավաքին: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ԲՀԿ-ն առհասարակ որևէ ֆորմատի հետ չի ուզում իրեն  նույնացնել կամ դիրքավորվել այլ դաշտում: «ԲՀԿ-ն  համարում է, որ ինքնաբավ կառույց է՝ թե՛ մարդկային ռեսուրսի և թե՛ ֆինանսական առումով, նաև խորհրդարանում հարթակ ունի, փաստացի երկրորդ խորհրդարանական ուժն է։ Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն առայժմ ոչ մի  տեղ չի շտապում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Ինչ վերաբերում է «Վերնատան» հետ ԲՀԿ-ի համագործակցության հնարավորությանը, ապա ըստ Հակոբյանի՝ այդ ակումբի  գլխավոր նպատակներից մեկը հարթակ ձևավորելն է, որպեսզի այդ հարթակի շուրջ ինչ-որ կոնսոլիդացիա լինի՝  և՛ կայացած, և՛ չկայացած, և՛ նորաստեղծ ուժերի,  և՛ անհատների միջև. «ԲՀԿ-ն իր այս  գնահատականով ցույց է տալիս, որ  նման հարթակների անհրաժեշտություն չունի, քանի որ ինստիտուցիոնալ ձևավորված կառույց է, ունի և՛ խոսելու,  և՛ հեռարձակման հարթակ, այսինքն՝ սեփական հեռուստաընկերություն։ Ուստի առայժմ նման կոնսոլիդացնող հարթակի անհրաժեշտություն չունի։ Լինելով բավականին երկար ժամանակ քաղաքական դաշտում՝ մեծ փորձ ունի ու հիմա  դեռևս փորձում է հասկանալ ու տեսնել, թե ինչ կստացվի «Վերնատնից», որոշակի զգուշավորություն է ցուցաբերում»։ Հակոբյանի դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն բավականին երկար տարիներ է՝ քաղաքական դաշտում է, և շատ բան է տեսել, ավելորդ անգամ չի ուզում թիրախավորվածի դերում լինել. ««Վերնատունը» մի միջոցառում արեց, միանգամից քննադատության մեծ ալիք բարձրացավ՝ ոչ միայն զուտ գաղափարի համար։ Ես անձամբ «Վերնատունն» առայժմ միայն հարթակ եմ համարում, կազմակերպչական բնույթի բան չկա, ընդամենը մի հարթակ է, որտեղ ինչ-որ ուժեր քննարկում էին իրենց իսկ նշած օրակարգով հարցեր, և դրա արդյունքում  թիրախավորվեց ոչ միայն գաղափարը, այլև առանձին մասնակիցները»։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ըստ քաղտեխնոլոգի, իրեն համարում է այսօրվա քաղաքական ոչ իշխանական դաշտում ամենակայացած ու ամենափորձված, ամենամեծ ռեսուրս ունեցող կառույցը. «Ժամանակ առ ժամանակ նույնիսկ տեսնում ենք, որ արտաքին քաղաքական կապերի պակաս չունի»։ ԲՀԿ-ին կարո՞ղ ենք համարել ընդդիմություն՝  մեր հարցին ի պատասխան Վիգեն Հակոբյանն ասաց. «Պարզ է, որ ԲՀԿ-ն իրեն  ընդդիմություն  է համարում՝ դա սահմանադրական նորմ է. եթե իշխանություն չես, ընդդիմություն ես։  Եվ պետք է նշել, որ  ի տարբերություն նախորդ ժամանակների՝ ԲՀԿ-ն իրեն հենց  ընդդիմություն էլ համարում է, այլևս չեն ասում՝ այլընտրանք ենք։ Գուցե և հենց այդպես է, բայց իրենք իրենց ոչ իշխանական ուժերի մեջ համարում են ամենակայացածը, համագործակցության  և այլ ուժերի հետ «կռվելու» տարիների փորձ ունեն։ Ուստի ԲՀԿ-ն գլուխը կորցրած չի շտապելու  ինչ-որ տեղ։ Իրեն եթե պետք է լինում՝ ինչ-որ հարցերի շուջ բավականին կոշտ ընդդիմադիր դիրք է ընդունում, ինչ-որ հարցերի շուրջ մեղմ դիրք է ընդունում ու համագործակցում գործող իշխանությունների հետ։ Կարող ենք արձանագրել, որ համեմատաբար ճկուն քաղաքականություն է  դրսևորում, առանձնապես շտապելու տեղ չունի»։