Ռազմականից՝ մարդասիրական շանտաժ. Ալիևի նոու-հաուն

Ռազմականից՝ մարդասիրական շանտաժ. Ալիևի նոու-հաուն

Իտալիայում հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգերի «հայտնությունը» հայաստանյան համացանցում արժանացել է առավելապես տեսարանային ընկալման, վարչապետի պատասխանի վերաբերյալ մի կողմից՝ հիացական, մեկ այլ՝ նրա քննադատների կողմից էլ՝ հերթական «դավադրապաշտ» մեկնաբանություններով: Մինչդեռ Իտալիայի եկեղեցում տեղի ունեցածն ունի թերևս շատ ավելի խորքային դիտարկման կարիք: Առավել ևս, որ համացանցում տարածվել է նաև տեղեկությունը, որ «բլոգերը» մեծ հավանականությամբ ֆեյք է և իրականում Ադրբեջանի հատուկ ծառայության կամ ոստիկանության աշխատակից, որի համապատասխան լուսանկարները տեղակայել են մի շարք հայ օգտարերեր: Եվ դա առավել ևս սրում է հարցը՝ արդյոք տեղի ունեցածը լոկ դրվա՞գ էր, որը կանցնի, կգնա, և տարիներ անց կարող ենք հիշել միայն համացանցային պատուհաններին հայտնվելու դեպքում: Թե՞ Ադրբեջանը փորձարկում է Հայաստանի դեմ տեղեկատվաքարոզչական պատերազմի նոր տարբերակ կամ շանտաժի դիվանագիտության նոր տարբերակ՝ բախվելով ռազմական դիվանագիտության խափանման իրողությանը: Ադրբեջանցու քայլը այլ բան չէր, քան, այսպես ասած, «մարդասիրական շանտաժ»: Նա Հայաստանի վարչապետին «խնդրում, աղաչում» է վերադարձնել Ղարաբաղը, իր հայրենիքը, Շուշին և այլն: Եվ այստեղ արդեն վարչապետի կամ հայաստանցի որևէ պաշտոնյայի հնչող պատասխանը որքան էլ ուժգին է հայի ականջի համար, միևնույն է՝ տեղեկատվական-քարոզչական ընդհանուր միջավայրում կարող է կորցնել իր ուժգնությունը «մարդասիրական շանտաժի» ներքո: Այո, Բաքուն գուցե փորձում է ներկայանալ խեղճ, խնդրող, բայց խաղաղություն խնդրող: Այդպիսով, Ալիևը չի հայտարարում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք ժողովուրդների համաձայնության պայմաններում, այնպես, որ երեք ժողովուրդներն էլ տան հավանություն, բայց նա իր ժողովրդին գործուղում է «խաղաղություն խնդրելու»: Եվ ինչ, եթե ադրբեջանցի «բլոգերները» տարածվեն ամբողջ աշխարհով, Հայաստանի վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետքով, մարդասիրական շանտաժի քաղաքականության շրջանակում՝ Ալիևին պատերազմ հրահրողից վերածելով խաղաղություն խնդրողի, աղաչողի: Հայաստանին ըստ երևույթին պետք է չափել և գնահատել միլանյան դրվագի հնարավոր դիվանագիտաքաղաքական ռիսկերը, երբ մեկ բլոգերը վաղը կարող է դառնալ երկու, հետո խումբ, այսպես ասած՝ մարդասիրական դիվերսիոն ստորաբաժանում, որը պատմական լկտի ստերը կարող է քողարկել մարդասիրական և խաղաղասիրական դիմակի, խղճմտանք հարուցող խաղաղության մուրացիկության ներքո՝ խաղաղության համար պատասխանատվությունը կաթիլ առ կաթիլ հայկական կողմի վրա տեղափոխեու հաշվարկով: Որովհետև այժմ՝ Նիկոլ Փաշինյանի արդեն հայտնի բանաձև-արտահայտության շնորհիվ, Երևանը խաղաղության համար պատասխանատվությունը փաստացի ամբողջությամբ դրել է Ալիևի վրա: Ադրբեջանի նախագահի լռությունն ակնառու է, որովհետև մի ամբողջ սերունդ հայերի հանդեպ ատելությամբ և հաղթական պատերազմի սպասումով դաստիարակած Ալիևը չի կարող հանկարծ խոսել հայ ժողովրդի համար ընդունելի լուծման մասին: Դա դիվանագիտական-քաղաքական փակուղի է, որը ավելանում է 2016 թվականի ռազմական փակուղուն: Ալիևը կարող է մտածել դրանից «խաղաղություն մուրացողի» կերպարով դուրս գալու համար, առավել ևս, որ դա չի անելու անձամբ, այլ, այսպես ասած, բլոգերների և գուցե այլ մասնագիտության տեր ադրբեջանցիների միջոցով: Երևանը 2016-ից քայլ առ քայլ փակել է Բաքվի ռազմական շանտաժի ճանապարհը: Այժմ պետք է պատրաստվել հնարավոր «մարդասիրական շանտաժը» արգելափակելու քայլերի մասին: