Տուսկը շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ով՝ ով է. փակվում է ևս մեկ պատուհան ՀՀԿ-ի համար

Տուսկը շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ով՝ ով է. փակվում է ևս մեկ պատուհան ՀՀԿ-ի համար

Եվրամիության խորհրդի հեռացող նախագահ Դոնալդ Տուսկն ընտրվել է Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող կուսակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նոր նախագահ: Զագրեբում կայացած ԵԺԿ համագումարի ժամանակ Տուսկը խոսել է աջ ծայրահեղականների, պոպուլիստների և ավտոկրատների ներկայացրած վտանգի մասին՝ հայտարարելով, որ պետք է պայքարել այդ ուժերի դեմ: ԵԺԿ-ն ստեղծվել է 1976 թվականին: Հայաստանյան քաղաքական կուսակցություններից ԵԺԿ-ի անդամ են «Ժառանգություն»-ը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ԵԺԿ-ին հիշյալ կուսակցությունների անդամակցությունը հատուկ էր այն ժամանկվա թրենդներին. «Ե՛վ այն ժամանակվա իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմադիր կուսակցությունը, և՛ նաև իշխանությանն արբանյակ կուսակցությունը (նկատի ունի «Օրինաց երկրին»- խմբ.) փորձում էին այդ քայլով գնալ եվրոպականացման ճանապարհով։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ ամենն ուղղակի իներցիայի ուժով շարունակվում է և ընդհանրապես կապ չունի ներկայիս իրողությունների ու զարգացումների հետ։ Այն երկու կուսակցությունները, որպես այդպիսին, ընդհանրապես դե ֆակտո գոյություն չունեն, իսկ Հանրապետական կուսակցությունը վերցրել է մի կուրս, որն ընդհանրապես չի կարող կապ ունենալ եվրոպական արժեքների, Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ»։ Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀԿ-ն ավելի շատ ընդհանրություններ ունի «Ենի Ազերբայջան» կուսակցության, Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության, բայց ոչ՝ ԵԺԿ-ի հետ. «Եվ երկրորդը՝ նույն իներցիայի ուժով, քանի որ այնտեղ Ժոզեֆ Դոլն էր, կարողանում էին այդ լապշան կախել այնտեղ և ինչ-որ «մտահոգություններ» մուրալ այնտեղից՝ միանգամայն անհիմն, աբստրակտ, հերթապահ հայտարարություններ։ Պարզ է, թե ինչ աստիճանի են մուրացել, որ մի կերպ դա գցել են դիմացները ու ասել՝ դա վերցրեք ու գնացեք։ Բայց հիմա Դոնալդ Տուսկի ընտրությամբ այդ պատուհանն էլ կփակվի, ու Սերժ Սարգսյանի այդ խայտառակ ելույթը դրա վերջին ճիչն էր»։ Մեր այն դիտարկմանը, որ Տուսկը վատ հարաբերություններ չուներ նաև Սերժ Սարգսյանի հետ, ում հետ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Մեհրաբյանն արձագանքեց. «Ի վերջո՝ Տուսկը նաև ներկայիս իրողություններն է լավ պատկերացնում, և այստեղ հարցը անձնական հարաբերությունները չեն։ Նախևառաջ Տուսկը փայլուն հարաբերություններ ունի Հայաստանի ներկայիս իշխանության հետ՝ եթե խոսում ենք անձնական հարաբերությունների մասին։ Ի վերջո՝ չմոռանանք Տուսկի՝ Հայաստան կատարած այցը, որը քաղաքական մշակութային այց էր և նաև ճանաչողական էր, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Համոզված եմ, որ Տուսկը շատ լավ հասկացել է, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում և ով՝ ով է»։ Ինչո՞ւ Հայաստանի իշխող քաղաքական ուժը կամք ու ցանկություն չի ցուցաբերում եվրոպական կառույցներին անդամագրվելու համար՝ հարցին ի պատասխան քաղաքագետն ասաց. «Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը անդամագրվելու կամ այլ համաեվրոպական կուսակցությանն անդամագրվելու կամ դիտորդ լինելու համար պետք է նախևառաջ իրենց գաղափարախոսությունը ֆիքսեն։ Այսինքն՝ նրանք ա՞ջ են, ձա՞խ, կանա՞չ են, սոցիալ-դեմոկրա՞տ են, պահպանողակա՞ն, թե՞ լիբերալ։ Այսինքն՝ դա պետք է հստակ ֆիքսել, որովհետև այդ գաղափարախոսության հիման վրա են լինում այդ անդամակցությունները։ Այնպես չէ, որ նայենք՝ որն է լավ, ու գնանք այնտեղ։ Մենք տեսնում ենք, որ գոնե այս պահին Հայաստանի իշխող ուժը որևէ գաղափարախոսական հստակեցում չի ուզում մտցնել։ Չնայած եթե նայում ենք պրակտիկային ու այն քաղաքական քայլերին, որ նա անում է, նա շատ ավելի մոտ է լիբերալ կուսակցության»։ Մեհրաբյանի կարծիքով՝ այսօր խնդիրն այն է, որ մենք գործ ունենք Հանրապետական կուսակցության մնացուկների հետ, որոնք և՛ իրենց իշխանության օրոք էին զբաղված դիվերսիաներով ընդդեմ պետականության, և՛ նաև հիմա. «Պարզապես իրենց իշխանության օրոք պետական կառավարման լծակներ ունեին, իսկ հիմա՝ ոչ, և փառք Աստծու»։