«Մերժված» նախագահը պետք է այլ հարցերի պատասխաներ. Սերժ Սարգսյանը յուրայիններին կոչ արեց՝ «մենք խաղի մեջ ենք»

«Մերժված» նախագահը պետք է այլ հարցերի պատասխաներ. Սերժ Սարգսյանը յուրայիններին կոչ արեց՝ «մենք խաղի մեջ ենք»

Տևական լռությունից հետո ՀՀ երրորդ և Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցելով ԵԺԿ համագումարին՝ հանդես եկավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով։ Մեղադրելով գործող իշխանություններին պոպուլիզմի, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցներին ճնշելու, ատելության խոսք տարածելու մեջ՝ նա միևնույն ժամանակ շեշտեց՝ հրաժարական է տվել արյունալի իրադարձություններից խուսափելու համար։ Սարգսյանը նաև անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին և կոչ արեց ԵՄ անդամ պետություններին արագացնել իր օրոք ստորագրված համաձայնագրի վավերացումը։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ ելույթ էր, մեծ հաշվով, ոչնչի մասին. «Իհարկե, այնտեղ բարձրացված հարցերն իրականության հետ որոշակի առնչություն ունեին, բայց ինքը չէ այն մարդը, ով պետք է այդ հարցերը բարձրացնի։ Երրորդ նախագահը շատ այլ հարցերի պետք է պատասխանի։ Սա սովորական ելույթ էր, որը շատ մեծ դժվարությամբ կարելի է նույնիսկ քննարկել։ Խոսում էր, որ իշխանությունը հանձնել է պոպուլիստներին, բայց ավելի լավ կլիներ ասեր, թե ինչու հրաժարական չտվեց կուսակցության նախագահի պաշտոնից, երբ ամբողջ հասարակությունը մերժում էր նրան։ Ինչո՞ւ նա դեկտեմբերի 9-ին չհամաձայնեց իր կուսակիցների հետ, որ տեղամասերում ստուգեն՝ արդյոք ՀՀԿ-ն ստացել է 56.000 ձա՞յն և ոչ, ասենք, 66.000։ Շատ երկար ժամանակ ընդդիմադիր մամուլը գրում էր 50 տոկոս «փայ մտնելու» մասին, իսկ այսօր այդ հարցի մասին այլևս որևէ քննարկում չկար։ Նա շատ այլ հարցերի պետք է պատասխանի, քան եղած ելույթի բովանդակությունը»։ Ըստ Բադալյանի՝ երբ ինչ-որ տեղ ելույթ ես ունենում, պետք է ներկայացնես ապագան և ոչ՝ անցյալը. «Ի՞նչ էր ուզում ասել՝ որ Հայաստանում իշխանության են եկել պոպուլիստները, որ դատական համակարգը վատ վիճակում է, իշխանության տարանջատման գործընթացները չեն լինում, հետո՞։ Համաձայնագրի հետ կապված եղավ շեշտադրում, որ հենց ինքն է այն ստորագրել, ու փորձ արեց ամրապնդել իր դերը ու ցույց տալ, որ դեռևս կարևոր արժեք է ներկայացնում։ Իր ելույթը ապագային նայող ելույթ չէր, անցյալի մասին հիշեցնող, անցյալը փորփրող ելույթ էր։ Բնական է, որ ինքը չի կարող ապագան հիշեցնել, որովհետև մերժված է։ Ասում է, որ գնաց, որպեսզի արյուն չթափվի, բայց արդյոք դրա՞ համար գնաց, թե՞ իրեն պահանջել էին , որ գնա։ Եվրոպացիներն, օրինակ, չեն մոռացել նրա՝ Ասոցացման պայմանագրից մեկ գիշերում հրաժարվելու գործընթացը, և պահանջ կար գլոբալիստների կողմից, որ նա պետք է հեռանա։ Կրկնում եմ՝ սա ելույթ էր անցյալի և, մեծ հաշվով, ոչնչի մասին։ Բողոքներ էր ուղղում՝ իբրև ՀՀ նոր իշխանությունները չեն կարողանում ժողովրդավարություն հաստատել, բայց զավեշտալին այն է, որ դա ասում է մի մարդ, ով իր պաշտոնավարման ընթացքում իրականացրեց այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում եղան ապրիլ-մայիսյան իրադարձությունները։ Հավատացեք, այս շարքային ելույթը կես ժամ հետո բոլորը մոռանալու են։ Այնպես չէ, որ երրորդ նախագահն ամեն ինչ սխալ էր ասում, հարցը ճիշտն ու սխալը չէ, բայց խնդիրն այն է, որ 1.5 տարի հետո մերժված նախագահը պետք է լրիվ այլ բովանդակությամբ ելույթ ունենար, դեպի ապագան նայող ելույթ»։ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը չի կիսում հնչող այն տեսակետները, թե Սերժ Սարգսյանը «գանգատվել է» եվրոպական ամբիոնից. «ՀՀԿ-ն ԵԺԿ-ի անդամ է, նա լիիրավ իրավունքով է գնացել։ Դա պոլիտբյուրոն չէ, որտեղ ինքը գնացել ու բողոքում է ՀՀ իշխանություններից։ Այսինքն՝ դա ՀՀ իշխանություններից գանգատ չէ որևէ պոլիտբյուրոյում, Մոսկվայում, Տիզբոնում կամ Բրյուսելում։ Իսկ ընդհանրապես նրա ելույթի մեսիջներն ուղղված էին «Վերնատանն» ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին, ԲՀԿ-ին և «Լուսավոր Հայաստանին», որ եթե կա օրինական գործնական ու լեգիտիմ ընդդիմություն՝ դա հենց ՀՀԿ-ն է Եվրոպայի ժողովրդական կուսակցության ամբիոնից հայտարարված։ Դա ոչ թե «Եդինայա Ռոսիա», «Սպռավեդլիվայա Ռոսիա»-ն է, այլ Եվրամիության երկրների ազատական կուսակցության հարթակից կոչ է յուրայիններին, որ մի ընկճվեք, մենք խաղի մեջ ենք, մեր խաղն առաջադիմական է»։ Արշակյանի դիտարկմամբ՝ ուղերձը դա էր և միտված չէր «Իմ քայլին» կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: «Նա իր տեղն էր զբաղեցնում ընդդիմության շարքերում և նախևառաջ ընդդիմադիրներին էր ուղղված: Իմիջիայլոց, նա հատուկ առանձնացրեց, որ թավշյա իշխանության փոխանցման մի կողմն անձամբ ինքն ու իր կուսակցությունն են։ Ասում էր՝ մենք ժամանակին այլընտրանքի հնարավորություն տվեցինք մեր երկրի քաղաքացիներին, ու մենք պնդում ենք, որ ասելիք ունենք դեռ։ Օրինակ՝ պոպուլիզմը, մենք իրատեսական ենք եղել, իսկ նոր իշխանությունները դեռ պետք է ապացուցեն՝ իրենց ասածը գործ դառնալո՞ւ է, թե՞ ոչ։Եթե գործ չդարձավ՝ ուրեմն պոպուլիզմ է, եթե դարձավ՝ ուրեմն իրատեսական ու հեղափոխական է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։