Սերժ Սարգսյանի ապահովության կորուստը

Սերժ Սարգսյանի ապահովության կորուստը

ԵԺԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը ինքնին ուշադրության արժանի հանգամանք էր՝ անկախ դրա բովանդակությունից: Սարգսյանն իր հրաժարականից մեկուկես տարի անց հայտնվում է եվրոպական ամբիոնում և բաց չի թողնում այդ պահը: Դա արդեն խոսուն հանգամանք է և հուշում է այն մասին, որ Սերժ Սարգսյանն ունեցել է, տեսել է դրա անհրաժեշտությունը: Ըստ այդմ՝ հարցը դառնում է այն, թե նա որտեղ է տեսել այդ անհրաժեշտությունը: Այդ հարցերին է, որ պետք է պատասխաներ նրա ելույթը: Բայց ելույթը ինքնին, որ հնչեց համագումարում, ավելի շատ առաջացնում էր հարցեր, քան տալիս պատասխան այն հարցին, թե ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարականից մեկուկես տարի անց հարկ համարել օգտագործել եվրոպական ամբիոնի հնարավորությունը: Խիստ միամտություն է կարծել, թե նա այդ քայլն արել է իշխանության վերադառնալու կամ իշխանությունը վերադարձնելու ակնկալիքով: Ավելին, նույնիսկ հակառակը կարծելը կամ ենթադրելը շատ ավելի հիմնավոր կթվա՝ հաշվի առնելով թերևս այն հանգամանքը, որ հեղափոխությունից մեկուկես տարի անց եթե մի հարցում հանրությունը շարունակում է ունենալ, այսպես ասած, կայուն կոնսենսուս և միատարր կարծիք, ապա դա երևի թե Սերժ Սարգսյանի մերժման հարցն է: Օբյեկտիվ, հիմնավո՞ր է այդ կոնսենսուսը, թե՞ ոչ՝ դա հարցի մյուս կողմն է, սակայն այն կա, և այն թերևս հազվադեպ միատարրություն ապահովող գործոններից է: Սերժ Սարգսյանն անշուշտ չի կարող չպատկերացնել այդ հանգամանքը, ըստ այդմ՝ թյուր է կարծել, որ նա կարող էր ԵԺԿ ամբիոնն օգտագործել իշխանության վերադարձի որևէ պլանի համար: Ընդ որում, դա բավական նկատելի էր նաև նրա ելույթի բովանդակությունից: Այդ ելույթը կարծես լիներ նրա արդարացումը հեղափոխության անարդյունավետության համար: Համենայնդեպս, ավելի շատ տպավորությունը հենց դա էր, քան հակառակը՝ Սերժ Սարգսյանը թիրախավորում է հեղափոխությունը: Իհարկե, նա խոսում էր ժողովրդավարության խնդիրների, քաղաքական հետապնդումների, իշխանության թևերի տարանջատվածության և հավասարակշռության սկզբունքի խախտման և այդօրինակ այլ բաների մասին, որոնք կազմում են նախկին իշխող համակարգի ուժգին քարոզչության ամենօրյա բովանդակությունը: Սակայն առնվազն տարօրինակ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը չխոսեր այդ մասին: Ըստ այդմ՝ անտուրաժը թերևս պետք չէ շփոթել տողատակի հետ: Իսկ տողատակում իսկապես բավականին բազմաշերտ ելույթ էր, որտեղ կար նույնիսկ ակնարկ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների համար Եվրոպայի պատասխանատվության մասին: Եվ այդ ամենով հանդերձ՝ բնականաբար դարձյալ հարցը՝ ինչո՞ւ, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանին մտահոգի հեղափոխության անարդյունավետությունը, եթե անգամ հանրությունը համաձայն չէ «անարդյունավետություն» գնահատականի հետ ընդհանրապես: Խնդիրը տվյալ պարագայում դրա հետ համաձայնել-չհամաձայնելը չէ, այլ հասկանալը, թե քաղաքական ինչ գործընթաց է Սերժ Սարգսյանին մղել այդօրինակ տողատակերով ելույթի: Այդ հարցի պատասխանը և ելույթում թերևս միակ բավականին հստակ պատասխանը նա հնչեցնում է թերևս այն ձևակերպման մեջ, որտեղ խոսում է, որ ավելի ու ավելի բարձր են հնչում ձայները նրանց, ովքեր իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին հանձնելու համար: Եվ որքան թուլանա հեղափոխությունը, ավելի բարձր են այդ ձայները Սերժ Սարգսյանին մեղադրելու այն ուժգին սթրեսի համար, որ ապրել են իշխանությունը և ապահովության զգացումը կորցնելու համար: Սերժ Սարգսյանը ԵԺԿ ամբիոն է բարձրացել իր ապահովության զգացումի կորստից, որի աղբյուրը, սակայն, բոլորովին էլ նոր իշխանությունը չէ, այլ նախկին իշխող համակարգը: