Հայաստանը կրկնեց Թուրքիայի «ռեկորդը» և մոտեցավ Ադրբեջանին

Հայաստանը կրկնեց Թուրքիայի «ռեկորդը» և մոտեցավ Ադրբեջանին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ J ենթախմբում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Ցավոք, ընտրական այս շրջափուլը մեզ համար նշանավորվեց պատմական հակառեկորդով: Հիշեցնենք, որ վերջին խաղում Հայաստանի հավաքականը Պալերմոյում 9:1 հաշվով զիջել էր Իտալիային: Պաշտոնական հանդիպումներում առավելագույնը պարտվել էինք 5 գնդակի տարբերությամբ: 0:5 հաշվով զիջել էինք Ռումինիային, 1:6 հաշվով՝ Լեհաստանին: Պաշտոնական հանդիպումներում մինչ այս բաց չէինք թողել 6-ից ավելի գնդակ: Հայաստանի հավաքականի ամենախոշոր հաշվով պարտությունը գրանցվել էր 1997 թվականին: Այդ տարի ընկերական խաղերում միևնույն՝ 7:0 հաշվով զիջել էինք Վրաստանին և Չիլիին: Ի դեպ, Վրաստանի այս հաղթանակն ամենախոշորն է պատմության մեջ: Բնական է, որ Իտալիայից կրած պարտությունը մեծ ռեզոնանս է առաջացրել եվրոպական ֆուտբոլում: Բացի Հայաստանից, ընտրական այս շրջափուլում 9 գնդակ բաց է թողել միայն Սան Մարինոն: Վերջինս 9:0 հաշվով պարտվել էր նախ՝ Ռուսաստանին, այնուհետև՝ Բելգիային: Ի տարբերություն Հայաստանի հավաքականի՝ Սան Մարինոյում հանդես են գալիս կիսասիրողական և սիրողական մակարդակի ֆուտբոլիստներ: Հայաստանի կրած խայտառակ պարտությանը բնականաբար բուռն արձագանք է գտել հարևան երկրներում և մասնավորապես Ադրբեջանում: Այս երկրի առաջատար կայքերը Հայաստանի կրած պարտության մասին տեղեկությունը զետեղել էին թոփ լուրերի շարքերում: Նշենք, սակայն, որ Հայաստանի հավաքականը, գերազանցելով իր հակառեկորդը, այնուամենայնիվ չի գերազանցել ադրբեջանցիների «ռեկորդը»: Ադրբեջանի ազգային հավաքականը պատմության մեջ ամենախոշոր պարտությունը կրել է 1995 թվականին, ընդ որում՝ պաշտոնական խաղում, Եվրո-96-ի ընտրական փուլի շրջանակներում: Օսեր քաղաքում տեղի ունեցած մրցավեճում Ֆրանսիայի ազգային հավաքականը Ադրբեջանի նկատմամբ առավելության էր հասել 10:0 հաշվով: Ընդ որում, Ադրբեջանի հավաքականի դարպասը երկու անգամ գրավել էր հայազգի կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը: Այո, պարտվելով 8 գնդակի տարբերությամբ՝ Հայաստանը մոտեցավ Ադրբեջանին, բայց լիահույս ենք, որ մեր հաևանների «ռեկորդը» երբևէ չենք կրկնի կամ գերազանցի: Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ երկու գնդակի առավելություն ունի նախ՝ ամենախոշոր հաշվով տարած հաղթանակի շրջանակում: Ադրբեջանի լավագույն ցուցանիշը 4 գնդակի տարբերությամբ 5:1 և 4:0 հաղթանակներն են համապատասխանաբար Սան Մարինոյի և Լիխտենշտեյնի նկատմամբ: Մինչդեռ Հայաստանի հավաքականին հաջողվել է 7:1 հաշվով պարտության մատնել Գվատեմալային: Կարող է զարմանալի թվալ, բայց ամենախոշոր պատմական հաղթանակի ցուցանիշով Հայաստանի ազգային հավաքականը մինչև Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը գերազանցում էր Թուրքիային: Վերջինս 8 գնդակի տարբերությամբ միևնույն՝ 8:0 հաշվով 1968 թվականին զիջել է Լեհաստանին, 1984 և 1987 թվականներին էլ՝ Անգլիային: Փաստորեն պարտվելով 8 գնդակի տարբերությամբ՝ մենք կրկնեցինք թուրքերի «ռեկորդը»: Պատմական պարտությունների քանակով, սակայն, թուրքերը շարունակում են «առավելություն» ունենալ Հայաստանի հավաքականի նկատմամբ: Նկատենք նաև, որ թուրքերը երկու անգամ պատմական պարտություն են կրել նույն Անգլիայի հավաքականից: Խոշոր հաշվով հաղթանակների առումով Թուրքիան մեկ գնդակի առավելություն ունի Հայաստանի հավաքականի նկատմամբ: Թուրքերը նույն՝ 7:0 հաշվով առավելության են հասել Սիրիայի, Սան Մարինոյի և Հարավային Կորեայի հավաքականների նկատմամբ: Ինչ վերաբերում է հարևան Վրաստանին, ապա վերջինիս պատմական հաշվով պարտությունը ավելի համեստ է: Վրացիները պատմության ընթացքում միայն 2 անգամ են պարտվել 5 գնդակի տարբերությամբ. 5:0 հաշվով զիջել են Ռումինիայի և 6:1 հաշվով՝ Դանիայի հավաքականներին: Ամենախոշոր հաշվով հաղթանակների ցուցանիշով մենք դժվար թե ռևանշի հասնենք մեր հարևանների նկատմամբ: Վրացիներից կրած 7:0 հաշվով պարտությունը, կարծում ենք, երկար կմնա հարևան երկրների ֆուտբոլային հակամարտության մեջ՝ որպես «փառահեղ» արդյունք: Անդրադառնանք նաև աշխարհի քառակի չեմպիոն Իտալիային: Այս հավաքականն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել է 1948 թվականին՝ 9:0 հաշվով առավելության հասնելով ԱՄՆ-ի նկատմամբ: Այս մրցավեճից հետո՝ մինչ Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը, իտալացիներին չէր հաջողվել 9 գնդակ խփել: Պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը իտալացիները կրել են հեռավոր 1924 թվականին՝ 7:1 հաշվով զիջելով Հունգարիային: Նշենք, որ ավարտված ընտրական մրցաշարում 10 խաղում տարավ նույնքան հաղթանակ: Իտալացիները 1934, 1938, 1982 և 2006 թվականներին դարձել են աշխարհի չեմպիոն: Երկու անգամ Իտալիան դարձել է աշխարհի փոխչեմպիոն և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր: 1968 թվականին Իտալիան նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: