Մոսկվայի երրորդ ճանապարհը Հայաստանում. բացառիկ տարբերակ

Մոսկվայի երրորդ ճանապարհը Հայաստանում. բացառիկ տարբերակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կա համաձայնություն, որ ռուսական գազի գինը Հայաստանում պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսությանը: Այդ հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը, որոնք Հայաստանում են, այսպես ասած, ճանաչողական այցով: Գազի գինը ոչ միայն հայ-ռուսական հարաբերության, այլ ընդհանրապես որևէ մեկի հետ ՌԴ հարաբերության կարևոր ինդիկատորներից է ոչ միայն տնտեսական, և անգամ գուցե ոչ միայն քաղաքական, այլ աշխարհաքաղաքական, ռազմա-քաղաքական համատեքստում, և հենց այդ պատճառով է նաև, որ գազի գնի հարցում հեղափոխությունից հետո տեղի ունեցող զարգացումներն ու դեռևս չավարտվող բանակցությունը դառնում են ինդիկատոր լայն դիտարկումների համար: Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են բանակցել, համենայնդեպս, ըստ պաշտոնական հավաստիացման, իսկ զուգահեռ, օրինակ, ոչ պաշտոնական հղումներով մամուլում հայտնվում են տեղեկություններ, որ Ռուսաստանը կայացրել է գազի գինը զգալիորեն բարձրացնելու որոշում, պարզապես խոսքը վերաբերում է դրա մասին հայտարարելու ժամկետին: Եվ այստեղ մենք՝ իբրև հանրություն ու պետություն, կանգնում ենք մեզ համար առանցքային դիլեմայի առաջ: Ակնառու է, որ գազի գինը ինչ-որ իմաստով դառնում է հայ-ռուսական հարաբերության առողջացման բարդ գործընթացի գին, հայ-ռուսական փոխհարաբերության միջպետականացման և, ի վերջո, թերևս, Հայաստանի ինքնիշխանության գին: Այստեղ է, որ առաջանում է լայն իմաստով հարց՝ Հայաստանի հանրությունը որքանով է պատրաստ վճարել այդ գինը, առավել ևս այն դեպքում, երբ նույն հանրությանը հենց հայաստանյան մի շարք շրջանակներ փորձում են այդ հարցում ենթարկել շահարկումների, մոլորեցնել, նենգափոխել խնդիրը, ընկալումներն ու իրողությունները՝ գազի գինը մեծ հաշվով դարձնելով հարմարվողականության հարց, թե ո՞ր իշխանությունն է կարողանում ավելի լավ հարմարվել Ռուսաստանի կամքին: Միևնույն ժամանակ, սակայն, հարցը միայն Հայաստանի հարց չէ, իսկ եթե կա այդպիսի դիտարկում, ապա դա կարող է լինել առավելապես թյուր տպավորություն: Ի վերջո, թանկացնել Հայաստանի համար գազը՝ որպես, այսպես ասած, քաղաքական պատիժ կամ մահակ, մեծ հաշվով հավասարազոր է, օրինակ, պատերազմի դեպքում Ադրբեջանին աջակցելուն: Այսինքն՝ Մոսկվան պետք է հստակ պատկերացնի դրա հետևանքը, մասնավորապես պատկերացնի այն, որ դա Հայաստանը կորցնելու ուղիղ ճանապարհն է: Այն, որ կան մի շարք ուժեր, որոնք ուղղակի շահագրգռված են դրանում, անկասկած է: Որովհետև այդ ուժերը հստակ են պատկերացնում՝ հայ-ռուսական խնդիրը դա նշանակելու է Ռուսաստանի համար լրջագույն խնդիր Կովկասում: Իսկ դա ունենալու է Դոմինոյի էֆեկտ առնվազն մինչև հյուսիսային Կովկաս: Այդ իմաստով Ռուսաստանը դրվել է երկընտրանքի առաջ՝ կամ Հայաստանը նվաճել՝ զենքով կլինի, թե գազի շանտաժով, աշխարհաքաղաքական ազդեցության կամ հետևանքի իմաստով տարբերությունը մեծ չէ, կամ կորցնել Հայաստանը: Երկու դեպքում էլ Ռուսաստանը կանգնում է Կովկասի կորստի, կամ Կովկասում դերի և դիրքի, ըստ այդմ՝ Դոմինոյի էֆեկտի վտանգավոր ճանապարհին՝ մի դեպքում կարճ, մի դեպքում՝ փոքր-ինչ երկար ճանապարհ: Բայց այս դեպքում երրորդ ճանապարհ Մոսկվան ունի, և դա Հայաստանին առնվազն չխանգարելու ճանապարհն է: Գազի գնի իմաստով, այստեղ դրվող տրամաբանությամբ՝ որ գինը պետք է լինի այնպիսին, որ չվնասի Հայաստանի տնտեսությանը, վարչապետ Փաշինյանը գործնականում արտացոլում է հայ-ռուսական հարաբերության խորքային, կարևորագույն ասպեկտը: Ակնառու է, որ օգնել Հայաստանին Ռուսաստանն ի վիճակի չէ՝ մի շարք առումներով: Մնում է չխանգարել, այսինքն՝ չվնասել: Այստեղ էլ իրավիճակը միարժեք չէ, սակայն առաջին քայլ, օրինակ, Մոսկվան արել է՝ չի միջամտել հայաստանյան ներքին գործին, ներքին վիճակին թավշյա հեղափոխության ընթացքում, չի խանգարել, չի վնասել: Այն, որ ուղղակի անպատկերացնելի է, թե ինչ կարող էին անել ժողովրդական հոծ շարժման պայմաններում, հարաբերական է. ի վերջո վնասել, խանգարել կարող էին հաստատ: Կարո՞ղ է Մոսկվան շարունակել կամա, թե ակամա ընտրած երրորդ ճանապարհը՝ Հայաստանին փոխվելու, արդիականանալու, զարգանալու հարցում չխանգարելու, չվնասելու ճանապարհը, որը Կովկասում իր դերն ու դիրքը կայուն պահպանելու թերևս բացառիկ ճանապարհն է: