Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորումը ինստիտուցիոնալ առումով խնդրահարույց է

Երեկ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ հավանության արժանացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի բոլոր 5 թեկնածուներին, այսինքն՝ հանձնաժողովը փաստացի կարելի է համարել ձևավորված: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: «Ես չեմ կարող ասել, թե այնպիսի տպավորություն ունեմ, թե հանձնաժողովում իշխանությունն ընտրել է այնպիսի մարդկանց, որոնք նշանակումից հետո կլինեն ենթակա և հլու-հնազանդ»,- իր կարծիքը հայտնեց Դանիել Իոաննիսյանը: Սակայն, նրա խոսքով, հարցին ինստիտուցիոնալ առումով մոտենալու դեպքում խնդիր կա. «Այսօրվա իշխանությունը, այո, իրոք ցանկանում է պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն դա չի նշանակում, որ միշտ ենք այդպիսի իշխանություն ունենալու՝ ինչ-որ մի օր Հայաստանում գալու է մի իշխանություն, որը չի ցանկանալու պայքարել կոռուպցիայի դեմ: Ուստի կարևոր է, թե այս փուլում մենք ինչ ինստիտուտներ կստեղծենք, որոնք երկարաժամկետ առումով կապահովեն համակարգի իմունիտետը նման իշխանությունների նկատմամբ»: Վահագն Հովակիմյանը, սակայն, չհամաձայնեց այս դիտարկման հետ և ասաց. «Հայաստանում այլևս նման իշխանություն չի լինելու, որովհետև Հայաստանում այլևս ընտրություն չի կեղծվելու»: Հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորին՝ Դանիել Իոաննիսյանն ասաց. «Բացառված չէ, որ ամենակայացած ժողովրդավարական երկրում էլ իշխանության գա կոռումպացված քաղաքական թիմ, ցանկացած երկրի պատմության մեջ նման բան լինում է, ուստի կարևոր է այն, թե այդ երկրների ինստիտուտները որքանով են պատրաստ դիմակայել կոռումպացված ղեկավարներին»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: