Գիտնականները զգուշացրել են փետուրե ծածկոցների մահացու վտանգի մասին

Գիտնականները զգուշացրել են փետուրե ծածկոցների մահացու վտանգի մասին

Բրիտանացին կարող էր մահանալ փետուրե ծածկոցի պատճառով. ալերգիան թոքերի լուրջ վնասվածք էր առաջացրել, սակայն բժիշկներին հաջողվել է ժամանակին ճիշտ ախտորոշում անել և փրկել տղամարդուն: Դեպքը նկարագրված է BMJ Case Reports ամսագրում: 43-ամյա չծխող տղամարդը դիմել է բժշկի՝ դժգոհելով շնչարգելությունից և մշտական հոգնածությունից, որոնք նրան տանջում էին վերջին մի քանի ամիսների ընթացքում: Ախտանիշները ցույց էին տալիս ստորին շնչուղիների վարակվածություն: Բուժումից հետո նրա վիճակը բարելավվել է, բայց որոշ ժամանակ անց տղամարդու ինքնազգացողությունը կրկին վատացել է: Մի քանի ամիս անց նա այլևս չէր կարող կանգնել նույնիսկ մի քանի րոպեից ավելի երկար: Արյան հետազոտությունը և կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունը նորմայից ոչ մի շեղում ցույց չէին տալիս: Այնուհետև բժիշկները նրան լրացուցիչ հետազոտության են ուղարկել շնչառական հիվանդությունների բուժման մեջ մասնագիտացած կլինիկա: Այնտեղ պարզել են, որ վերջերս հիվանդը սինթետիկ վերմակը փոխարինել է փետուրե ծածկոցով: Ալերգենների վերլուծությունը ցույց է տվել հակամարմինների չափազանց բարձր մակարդակ՝ թռչունների օրգանիզմում արտադրվող որոշ սպիտակուցների նկատմամբ: Հետագա հետազոտությամբ տղամարդու մոտ էկզոգեն ալերգիկ ալվեոլիտ է ախտորոշվել: Փետուրե ծածկոցից հրաժարվելուց և ստերոիդներով բուժումից հետո հիվանդի վիճակը զգալիորեն բարելավվել է: Սակայն, նա լիովին ապաքինվել է միայն վեց ամիս անց: