Ոստիկանությունը հայտնում է Մրգավետում 1,4 կիլոգրամից ավելի թմրամիջոց հայտնաբերելու մասին

ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները նոյեմբերի 18-ին տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Մրգավետ գյուղի 62-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պահում և օգտագործում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկությունների հիման վրա կատարված զննությամբ հայտնաբերվել են ընդհանուր 1 կիլոգրամ 400 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն չորացված զանգվածներ, ինչպես և կանեփի չորացված բույս՝ մոտ 40 գրամ քաշով։ Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զանգվածները կանեփ են ու իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմական փորձաքննություն։ Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։