Որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ չգիտեմ Վատիկանների որ պադվալներում են պահված, վզներից բռնելու ենք. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ատելության քարոզի մասին խոսելիս նշեց, որ Իտալիայում թաքնված ամենահայտնի կոռուպցիոներները գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին: Այս մասին Փաշինյանն ասաց՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին:
«Անընդհատ ասում են ատելության քարոզ, իսկ ո՞վ և որտե՞ղ է տանում այդ ատելության քարոզը: Եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացումը եղել է ատելությունը, դրանում իմ մեղքը ո՞րն է: Մենք ո՞ւմ ենք կոչ արել որ ատեն: Ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն: Երբ ասում են, որ Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը: Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ, ինչպես իրենք էին ասում` Ադրբեջանի յոթ շրջանները խաղաղության դիմաց վերադարձնելն էր, ո՞րն էր Սերժ Սարգսյանի ռազմավարությունը, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եվ հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում: Եթե ատելություն ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, որ գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո` վերադարձվելու է: Այսօր Իտալիայում թաքնված են որոշ ամենահայտնի կոռուպցիոներներ, Հայաստանի արդարադատության ձեռքը հասնելու է նրանց, տանելու ենք, կանգնեցնենք դատարանում, և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին»,- ասաց Փաշինյանը: