Հրաժարական տվեք, դուք քանդում եք պետությունը․ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչը՝ վարչապետին

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում է։ Միլանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ համայնքի ներկայացուցիչներից մի կին հայտնեց, որ անհանգստացած է Հայաստանի իշխանությունների կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության համար, երկրում ատելության քարոզ է տարվում և վարչապետին կոչ արեց հրաժարական տալ և լքել երկրի ղեկավարի պաշտոնը, ինչից հետո մյուս ներկաները սկսեցին վանկարկել, որ համաձայն չեն, իսկ կինը հեռացավ դահլիճից։
Փաշինյանը դիմելով կնոջն ասաց․ «Գուցե լսեի՞ք իմ պատասխանը, թե՞ գնում եք»։
Անդրադառնալով կնոջ կոչին վարչապետը նշեց․ «Ասում եք ատելության քարոզ, իսկ ո՞վ և որտեղ է տանում այդ քարոզը։ Գիտեք, եթե Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց նկատմամբ ժողովրդի ունեցած միակ զգացմունքը ատելությունն է, դրանում իմ մեղքը ո՞րն է։ Մենք ո՞ւմ ենք կոչ արել, որ ատեն, ընդհակառակը, մեր հեղափոխությունը եղել է սիրո և համերաշխության հեղափոխություն։ Ասում են Արցախի հարցում մենք չունենք ռազմավարություն, իսկ ո՞րն էր Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ռազմավարությունը, Մեղրին տա՞լն էր ռազմավարությունը, թե այն էր, որ ինչպես իրենք էին ասում՝ Ադրբեջանին 7 շրջանները վերադարձնենք խաղաղության դիմաց, ո՞րն էր ռազմավարությունը Սերժ Սարգսյանի, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, և հիմա նրանք մեզ մեղադրում են, որ մենք հող ենք վերադարձնում։ Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիա, այո այդ ինստիտուտը քանդված, ջախջախված է, և այդ ինստիտուտի ողնաշարը ջարդված է Հայաստանի Հանրապետությունում, եթե դուք ատելությունը ասելով նկատի ունեք մեր այն պնդումը, թե գողացված մինչև վերջին կոպեկը վերադարձվելու է, այո՝ վերադարձվելու է։