Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լինելու է վարույթ հարուցող մարմին. ովքեր և ինչպես կպատժվեն հանձնաժողովի կողմից

ՀՀ Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին:  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ էին առաջադրել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները և Բարձրագույն դատական խորհուրդը: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Էդգար Շաթիրյանն է, ով ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, որ նա նաև կարող է հանձնաժողովի նախագահ ընտրվել, Էդգար Շաթիրյանը նշեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին ընտրելու է հանձնաժողովն իր կազմից: Էդգար Շաթիրյանի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լինելու է վարույթ հարուցող մարմին: «Այս հանձնաժողովին վերապահված է լայն գործիքակազմ, օրենսդրական մակարդակում հստակեցված են հանձնաժողովի գործունեության սկզբունքները, այդ թվում՝ հաշվետվողականությունը և թափանցիկությունը, օրենքում ամրագրված է առանձին հոդված, որը վերաբերում է հանձնաժողովի անկախությանը և անձեռնմխելիությանը: Օրենքում հստակ արտացոլված են հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները: Հանձնաժողովի որոշմամբ է սահմանվելու, թե հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը գործունեության ինչ ոլորտներ է համակարգելու»,- նշեց Էդգար Շաթիրյանը: Նա նաև ընդգծեց, որ հանձնաժողովի անդամներն առաջնորդվում են բացառապես օրենքներով և Սահմանադրությամբ, և ոչ ոք իրավասու չէ միջամտել հանձնաժողովի գործունեությանը և տալ ցուցումներ, անգամ նա, ով առաջադրել է: Մանրամասն տեսանյութում: