Հույս ունեմ՝ Ալիևը կընդունի իմ առաջարկը. Փաշինյանը՝ ադրբեջանցի բլոգերին

Միլանում՝ հայկական եկեղեցում տեղի հայերի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը որպես ադրբեջանցի բլոգեր ներկայացած անձը փորձեց սադրանք հրահրել։ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ադրբեջանցին մտել է հայկական եկեղեցի, և հարց է տալիս Հայաստանի վարչապետին և գտնվում է անվտանգության մեջ, սակայն անհնար է պատկերացնել հակառակը՝ երբ հայը մտնի ադրբեջանական մզկիթ ու անկաշկանդ հարց տա Իլհամ Ալիևին։ Ադրբեջանցի բլոգերը հայերին մեղադրում էր Խոջալուում ցեղասպանություն իրականացնելու մեջ: Վարչապետն ի պատասխան նշեց, որ դա բացարձակ սուտ է և հիշեցրեց, որ Ադրբեջանի նախկին նախագահներից մեկը՝ Այազ Մութալիբովն է ընդունել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել է ադրբեջանական ընդդիմությունը՝ երկրում հեղափոխություն իրականացնելու համար։ Ադրբեջանցին խոսեց խաղաղությունից, ինչին վարչապետն արձագանքեց, որ ինքն առաջարկել է խաղաղության բանաձևը Իլհամ Ալիևին։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքը Ալիևին ասել է՝ Արցախյան հակամարտության կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ժողովրդի և ադրբեջանցիների համար։ Փաշինյանը կոչ արեց, որ Ալիևը նույնը կրկնի։ Փաշինյանը նաև ընդգծեց, որ այն նույն ժամանակ, երբ Ադրբեջանը դուրս է եկել ԽՍՀՄ կազմից, հենց այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղը դուրս է եկել ադրբեջանական կազմից և հստակ ինքնորոշում իրականացրել: Մանրամասն՝ տեսանյութում: