Տարածաշրջանը եռում է. Հայաստանի համար տագնապալից իրավիճակ է

Հայաստանի հարևան-բարեկամ երկրներում՝ Իրանում և Վրաստանում տիրող իրավիճակն անհանգիստ է, Իրանում անհանգստությունների պատճառը սոցիալ-տնտեսական է, իսկ Վրաստանում քաղաքական՝ խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին. այսօր Թբիլիսիի կենտրոնը կրկին վերածվել է վրանային ճամբարի: Ոչ պակաս հետաքրքիր գործընթացներ են նաև Ադրբեջանում. ընդդիմությունը չի կարողանում անգամ փոքր հանրահավաք կազմակերպել, մինչ սկսելը, ընդդիմադիրներին ձերբակալում են: Ալիևը ժողովրդական ճակատի կողմնակիցներին Ղարաբաղը հանձնող դավաճաններ է անվանում: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվականը» զրուցեց քաղաքագետ Արա Պապյանի, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ: Երևանին կհաջովի՞ արտաքին և ներքին հարաբերություններում պահպանել հավասարակշռություն: Ի պատասխան այս հարցի՝ Արման Նավասարդյանը նկատեց, որ շատ բան կախված է նաև նրանից, թե այդ խաղացողներն իրենց ինչպես կպահեն, և ինչպես կզարգանան դեպքերը: Նրա կարծիքով՝ Իրանում նույնպես անհանգստությունների պատճառը քաղաքական է. «Այդ անհանգստությունների տակ կա լուրջ քաղաքական մոտիվացիա, և այդտեղից է սկսվում ամեն ինչը: Երկիրը եռում է, և ժամանակ առ ժամանակ նման արտահայտություններ են լինում... Չեմ կարծում, որ Իրանում իշխանափոխություն կլինի, բայց այս ամենը հետք կթողնի զարգացման ընթացքի վրա»: Արման Նավասարդյանը նաև ընդգծեց, որ ոչ միայն ամբողջ տարածաշրջանում, այլ նաև երկրագնդի մասշտաբով շատ խորքային գործընթացներ են տեղի ունենում, որոնք միտում ունեն փոխելու աշխարհաքաղաքական լանդշաֆտը: Մանրամասն՝ տեսանյութում: