Երկու խորհրդանիշներ. Իսրայել Օրին և Գարեգին Նժդեհը

Երկու խորհրդանիշներ. Իսրայել Օրին և Գարեգին Նժդեհը

Խորհրդանիշները քաղաքական պայքարի անբաժանելի գործիքներն են, ինչպես միջազգային արենայում, այնպես էլ ներքաղաքական փոխհարաբերություններում: Ասվածի տրամաբանությամբ կարող ենք նշել, որ, մեր կամքից անկախ, Գարեգին Նժդեհը հենց խորհրդանիշի կարգավիճակ է ստացել, որին պատերազմ է հայտարարել հյուսիսային մեր «դաշնակիցը»: Ընդհանրապես, Ռուսաստանը չափազանց պրագմատիկ տերություն է և միշտ էլ այդպիսին է եղել: Նա կարող է աչք փակել ցանկացած ցավոտ թեմայի վրա, եթե, իհարկե, դա չի խանգարում իր կարճաժամկետ շահերին և գործարքներին: Այսինքն՝ Մոսկվան երբևէ չէր հիշի պրովինցիալ Հայաստանի պրովինցիալ հերոսին, նույնիսկ Տաթևի ձորը գլորված խորհրդային զինվորների հիշատակը մոռացության կմատնվեր, եթե, իհարկե, ռուսները Նժդեհի խորհրդանիշի մեջ խնդիր չտեսնեին: Հիմա փորձենք հասկանալ, թե որն է խնդիրը: Գարեգին Նժդեհը՝ որպես անկախության խորհրդանիշ Չնայած Գարեգին Նժդեհի գրվածքները չափազանց վիճարկելի են և տեղ-տեղ մոլորության հասնող, բայց, նրա կերպարը մարմնավորում և խորհրդանշում է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը: Այսինքն՝ քաղաքական իմաստով Նժդեհը պետք է դիտարկվի իր գրվածքներից անդին, քանի որ տեքստերը քիչ արժեքավոր են, իսկ ինքը՝ որպես գործիչ, անկախության գաղափարական անկյունաքարերից մեկն է: Ասվածից հետևում է, որ խնդիրը ոչ այնքան Նժդեհի մեջ է, այլ անկախության գաղափարի, որն ուղղակիորեն բախվում է ռուսական կայսերական գաղափարախոսության հետ: Ընդհանրապես միջազգային հարաբերություններում դեռևս միջնադարից ընդունված պրակտիկա է. խոշոր տերությունները ձգտում են տիրանալ հատկապես այն տարածքներին, որոնք ինչ-որ մի ժամանակաշրջան իրենց են պատկանել և հետագայում ինչ-ինչ հանգամանքներում անջատվել կամ էլ անկախացել: Այս տրամաբանությամբ են առաջնորդվել Բյուզանդիան, Արաբական խալիֆայությունը, սելջուկ-թյուրքերը, մոնղոլները, Բրիտանական կայսրությունը, Խորհրդային միությունը, և այսպես շարունակ: Օրինակ՝ 12-րդ դարում Բյուզանդիան ամեն ինչ անում էր Կիլիկիայի Ռուբինյան իշխանությունը ոչնչացնելու նպատակով, իսկ հիմնավորումն այն էր, որ հարուստ այդ երկրամասը պատմական ինչ-որ ժամանակաշրջանում իրեն է պատկանել: Պատմական այս համատեքստում Ռուսաստանը նույնպես չի կարող բացառություն լինել, քանի որ 19-րդ դարից ի վեր Արևելյան Հայաստանը կցվել է կայսրությանը, իսկ կարճատև անկախությունից հետո բռնակցվել Խորհրդային միությանը: Այսինքն՝ Հայաստանը պատմականորեն դիտարկվում է որպես ռուսական ազդեցության գոտի, կամ էլ 21-րդ դարի եվրասիականության տարածման փոքրիկ, բայց կարևոր մասնիկներից մեկը: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանի վերադարձի հիմքում ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին հիմնավորումներ կան, որոնք են Իսրայել Օրու գործունեությունն ու Գյուլիստանի պայմանագիրը (1813 թ.): Սրանք զուտ պատմական փաստեր և իրողություններ չեն, այլ 21-րդ դարում վերածնվող գաղափարներ: Իսկ եթե կան գաղափարներ, ապա տրամաբանորեն պետք է լինեն նաև դրանց գաղափարախոսները: Իսրայել Օրու արկածներն ու Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին կցման գործողությունը Երևանում անընդհատ պետք է արժևորվեն՝ դիտարկվելով որպես հայ-ռուսական դարավոր բարեկամության և եղբայրության ապացույցներ: Արցախի անառիկ լեռներից Զորի Բալայան անունով ինչ-որ մեկը պետք է նամակ գրի ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ հիշեցնելով Գյուլիստանի պայմանագրի և Արցախի «ազատագրման» պատմական կարևորության մասին: Իհարկե հասկանալի է, որ պատմական փաստերը դադարում են պատմական լինել, երբ դրանք դառնում են արդի քաղաքականության քննարկման առարկա: Ավելի շուտ՝ Իսրայել Օրին և Գյուլիստանի պայմանագիրը արդեն իսկ խորհրդանիշի կարգավիճակներ ունեն, որոնց հիմքում ռուսական վերադարձի գաղափարն է: Բնականաբար, ռուսական խորհրդանիշները չէին կարող անպատասխան մնալ, քանի որ Հայաստանը Մոլդովան կամ էլ Բելառուսը չէ, ազգային ոգին և ինքնիշխանության գաղափարը 1991-ից ի վեր ամուր ցեմենտված են պետականության հիմքերում: Դրանք ինքնին գոյություն ունեցող արժեքներ են, և ոչ մի արհեստական միջամտություն չի կարող խեղել դրանց լինելիությունն ու շարունակականությունը: Ասվածի համատեքստում պատասխանը համարժեք է և չափազանց ազդեցիկ: Փաստորեն, կողք կողքի դրված են հայկական երկու խորհրդանիշներ. առաջինը Իսրայել Օրու կողմից Պետրոս Առաջին կայսրին հասցեագրված ուղերձն է. «Միշտ հույսով ենք եղել, թե ինչպես Ձերդ մեծության միջոցով կարող ենք դեն շպրտել անհավատների լուծը… Մեր մտադրությունն է, որպեսզի մենք և մեր բոլոր ժողովուրդները՝ մեծ, թե փոքր, հանձնվենք Ձերդ մեծության իշխանությանն ու կառավարմանը… Մենք կլինենք մյուս բոլորից վերջինը և խոստանում ենք մեր կյանքն ու մեր ամբողջ ունեցվածքն ի ծառայություն Ձերդ մեծության և այս գործի...», իսկ երկրորդը Գարեգին Նժդեհի նախաձեռնած դիմադրությունն է Զանգեզուրում: Ամբողջ Այսրկովկասն արդեն իսկ խորհրդային էր, իսկ Սյունիքը շարունակում էր դիմադրել: Հայկական առաջին խորհրդանիշի հեղինակը Մոսկվային ծառայող կայսերական հայերն են, իսկ երկրորդը՝ ծնունդն է ազգային ոգու (օբյեկտիվ ոգի) և ինքնիշխանության: Տրամաբանական է, որ այս երկու խորհրդանիշները պետք է բախվեին և խոր հակամարտության մեջ հայտնվեին, ինչի արդյունքում էլ Գարեգին Նժդեհը պետք է դիտարկվեր որպես մերժելի և դատապարտելի կերպար: Գաղափարների դիմակայության հենց այս եռացող կաթսայի համատեքստում արհեստականորեն քննարկման առարկա է դառնում Գարեգին Նժդեհի «ամենամահացու մեղքը՝ Երրորդ Ռայխի հետ հայտնի համագործակցությունը»:   Մեղադրանքներ պատերազմի հրձիգից Վերջերս «Առաջին լրատվական»-ում մի հոդված էի գրել, որտեղ փորձել էի ցույց տալ, որ աշխարհի գրեթե բոլոր երկրները ուղղակի թե անուղղակի համագործակցել և առնչվել են Նացիստական Գերմանիայի հետ: Անգլիան, Ֆրանսիան, Հունգարիան, Իսպանիան, Ռումինիան, Լեհաստանը, Դանիան, Ֆինլանդիան, Հնդկաստանի ազգային կոնգրեսը, Իրանը, Թուրքիան, և վերջապես Խորհրդային միությունը ուղղակի համագործակցել, բանակցել և համատեղ գործողություններ են իրականացնել նացիստների հետ: Օրինակ՝ ԱՄՆ-ի ռազմաքաղաքական շրջանակներում տիրապետող էր այն տեսակետը, թե 1940-ականներին միջազգային արենայում տիրապետող են լինելու երկու խոշոր տերություններ՝ ԱՄՆ-ն և Գերմանիան: Սրանից ելնելով՝ Վաշինգտոնում նացիստների հետ համագործակցության և փոխհարաբերությունների տարատեսակ սցենարներ էին կանխատեսվում: Բրիտանական կայսրության և Ֆրանսիայի լուռ համաձայնությամբ և թողտվությամբ Ա. Հիտլերը օկուպացրեց գրեթե ամբողջ ցամաքային Եվրոպան: Ավելորդ չի լինի, եթե նկատենք, որ Չեխոսլովակիայի բավականին մարտունակ բանակը գերմանացիներին չդիմադրեց նաև հենց Լոնդոնի և Փարիզի ճնշման պատճառով: Իսկ Լեհաստանը միջազգային հարաբերություններում ուղղակի աջակցություն էր ցուցաբերում Հիտլերին Չեխոսլովակիայի բռնակցման գործում, քանի որ լեհերն էլ տարածքային պահանջներ էին ներկայացրել Պրահային: Իհարկե, չենք ուզում խորանալ պատմական մանրամասների մեջ (թեմայի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Երկրորդ աշխարհամարտ. վերելքը ազգայնական շովինիզմի և անհագ ծավալապաշտության» հոդվածում), հատկապես որ ցանկը բավականին մեծ է՝ Դանիայից մինչև Մահաթմա Գանդի: Ընդամենը ուզում ենք ցույց տալ, որ գրեթե բոլոր երկրներն էլ այս կամ այն կերպ համագործակցել են Ա. Հիտլերի և Բ. Մուսոլինիի հետ, ու այդտեղ որևէ առանձնահատուկ բան չկա: Մեծ քաղաքականության կանոններն են այդպիսին: Իսկ ինչ վերաբերվում է Խորհրդային միությանը, ապա վերջինս ոչ միայն համագործակցել է, այլ նաև մեծագույն ներդրում ունեցել պատերազմի բռնկման գործում: Այսինքն՝ Գերմանիան և ԽՍՀՄ-ը պատերազմը սկսել են համատեղ, բայց չգիտես ինչու՝ խորհրդային/ռուսական պատմագիտությունը աչք է փակում այդ փաստի վրա: Կարծում ենք՝ անհրաժեշտ է ընթերցողների համար որոշ մանրամասներ ներկայացնել. Եթե նայենք Խորհրդային միության պաշտոնական պատմագրությանը, ապա տպավորությունն այնպիսին կլինի թե 1941-ին ԽՍՀՄ-ն ապրում էր ծաղկող ներդաշնակության պայմաններում, զբաղված էր կոմունիստական հասարակարգի խաղաղ շինարարությամբ, և հանկարծ ագրեսորները հարձակվեցին՝ ընդհատելով խորհրդային ժողովրդի ներդաշնակ կյանքը։ Մերձգիտական տեսակետն այս, իհարկե, քարոզչական գործիքի կարգավիճակ ունի, որն ավանդույթի ուժով շարունակվում ու նոր երանգներ է ստանում նաև պուտինյան Ռուսաստանում։ Իրականությունը, իհարկե, մի փոքր այլ է, և սխալված չենք լինի, եթե պնդենք, որ Մոսկվան համարվում է աշխարհամարտի բռնկման մեծագույն հրձիգներից մեկը։ Պնդումը հիմնավորվում է մինչև 1941 թվականը միջազգային հարաբերություններում Խորհրդային միության կողմից իրականացված ագրեսիվ քաղաքականությամբ։ Կոմունիզմի «խաղաղ շինարարությամբ» զբաղված պետությունը 1939 թ․ օգոստոսին տասը տարի ժամկետով չհարձակման պայմանագիր կնքեց Գերմանիայի հետ։ Ինչպես հետո պարզվեց՝ պայմանագիրը ուներ նաև գաղտնի արձանագրություն, որի համաձայն՝ կողմերը պայմանավորվում էին Արևելյան Եվրոպան բաժանել ազդեցության գոտիների։ Դրա հիմքի վրա 1939-ի սեպտեմբերի 17-ին Խորհրդային միությունը ներխուժեց Լեհաստան։ Արևմուտքից և Արևելքից գերմանական ու խորհրդային զորքերի համատեղ հարվածների ներքո Լեհաստանը, որպես պետություն, դադարեց գոյություն ունենալ։ Նոյեմբերի 30-ին Մոսկվան պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ, որի արդյունքում բռնազավթեց Կարելական պարանոցը։ Հաջորդ հարվածն ուղղված էր Ռումինիայի դեմ, որից բռնազավթվեցին Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ Բայց սա դեռ ամենը չէ, Ազգերի լիգայից վտարված Խորհրդային միությունը հանցավոր միջամտությամբ հեղաշրջումներ նախաձեռնեց Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, ինչի հետևանքով էլ պետություններն այդ մեխանիկորեն կցվեցին ԽՍՀՄ-ին։ Ինքներդ դատեք, մի՞թե շուրջ երկու տարի Արևելյան Եվրոպայում ագրեսիվ քաղաքականություն իրականացնող Մոսկվան անմասն է մեծ պատերազմի բռնկումից։ Ինչպես տեսնում ենք՝ ԽՍՀՄ-ը պատերազմից խուսափելու և ագրեսոր Գերմանիային կանգնեցնելու ո՛չ իրական ցանկություն ուներ և ո՛չ էլ միտում։ Ավելին՝ Ստալինը մեծ խաղադրույք էր դրել հավանական պատերազմի վրա և պատրաստվում էր օգուտներ քաղել դրա մատուցած հնարավորություններից։ Չէ՞ որ Վ․ Լենինը սովորեցրել է, որ կապիտալիստական երկրների միջև պատերազմները ծնում են կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամեր, որոնցից էլ մշտապես ծագում են հեղափոխություններ։ Այսինքն՝ մոսկովյան գործարքով Ստալինը Հիտլերին դեպի Արևմուտք էր մղում՝ հույս ունենալով, որ մի կողմից Անգլիայի ու Ֆրանսիայի, իսկ մյուս կողմից Գերմանիայի և Իտալիայի բախումը ի վերջո քայքայելու է երկու կողմերին, ինչն էլ իրական հնարավորություններ է ստեղծում Եվրոպայում կոմունիզմի հաղթանակի և ռազմական ինտերվենցիայի համար։ Ի դեպ, ասվածի տրամաբանությամբ Ֆինլանդիայի դեմ պատերազմը հատուկ առաքելություն ուներ: Դրանով Կարմիր բանակը մեծ փորձառություն էր ձեռք բերում դեպի Կենտրոնական Եվրոպա արշավելու համար (Մաններհեյմի պաշտպանական գծի ճեղքումը): Եվ հիմա այսքանից հետո ինչ-որ ռուս քաղաքագետներ ու լրագրողներ, իբրև թե ռուս հասարակության անունից, համարձակվում են քննադատել Գարեգին Նժդեհին, որն ընդամենը փորձում էր փրկել ցեղասպանված ժողովրդին ևս մեկ աղետից և մեծ տերությունների ոտքերի տակ ոտնակոխ լինելուց: Այս ամենի մեջ, թերևս, ամենազավեշտալին այն է, որ ռուսներն հենց իրենք չեն կարողանում առերեսվել իրենց իրական պատմության հետ և անկարողության դիրքերից փորձում են դասեր տալ Հայաստանին: Ստալինիզմին, գուլագներին, մարդակուլ ռեպրեսիաներին պատշաճ գնահատական չտված մարդիկ պարզապես բարոյական իրավունք չունեն քննության առարկա դարձնել Նժդեհի կերպարը: Այս տեսանկյունից, ՀՀ վարչապետ Փաշինյանի դիտողությունը ավելի քան տեղին էր և հիմնավորված. թո՛ղ գնան Մոլոտովի և Ստալինի գործունեությունը ուսումնասիրեն, չէ՞ որ հենց իրենք էին Հիտլերի հետ միասին Եվրոպան իրար միջև բաժանում: