2020 թվականի բյուջեն հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ. իշխանությունը լավատես է, ընդդիմությունն՝ այլ կարծիքի

Ազգային ժողովի այս քառօրյա նիստերը կարելի է համարել բազմաբովանդակ՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով:  «Առաջին լրատվական»-ի հետ մի քանի օրենսդրական նախաձեռնությունների և առանցքային փոփոխությունների շուրջ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: Պատգամավորներն անդրադարձան հարցին, թե 2020թ. պետական բյուջեի նախագիծը հեղափոխական է արդյոք, թե ոչ: Արկադի Խաչատրյանի խոսքով՝ իշխանական խմբակցությունը մատնանշում է բյուջեի նախագծի հեղափոխականության մասին՝ նախևառաջ նկատի ունենալով բյուջեի հեղափոխական աճը՝ ծախսային մասով: «Իհարկե մենք չենք հերքում, որ բյուջեն զգալիորեն մեծացել է, ինչը, սակայն, հեղափոխության ուժով հետհեղափոխական շրջանում հակակոռուպցիոն պայքարի հետ է կապված, ինչի արդյունքում ունենք ստվերի զգալի կրճատում, և բյուջեի մուտքերը հիմնականում դրանով են պայմանավորված: Մեր քննադատությունը հիմնականում վերաբերում է հետագայում տնտեսության զարգացման հեղափոխական տեմպերին և երկարաժամկետ տնտեսական զարգացման համար նախադրյալներին: Երկարաժամկետ զարգացման և տնտեսական աճի համար անհրաժեշտ են լուրջ նախադրյալներ, առայժմ դրանք չկան, և մեր քննադատության հիմնական մեխը վերաբերում է դրան»,- նշեց Ա. Խաչատրյանը՝ հավելելով, որ բյուջեի շրջանակում անհրաժեշտ է ստեղծել նախադրյալներ ապագայում կտրուկ տնտեսական զարգացում ապահովելու համար: Գևորգ Պապոյանի խոսքով՝ ըստ էության՝ ստվերի ռեսուրսը սահմանափակ է, և լավագույն աշխատանքի դեպքում այն կհասնի փոքր ցուցանիշի, որից հետո այդ եղանակով հնարավոր չի լինի բյուջետային միջոցներն ավելացնել: «Արդեն իսկ 2020թ. բյուջեի համար այդ առումով դժվարություններ կան… »,- նշեց Գ. Պապոյանը՝ թվարկելով դժվարությունները: Նա նաև ընդգծեց, որ 2020թ. բյուջեով նախատեսված է ավելի քան 120 տոկոսով ավելացնել տնտեսական հարաբերություններին ուղղված ծախսերը. «Սրանք ծախսեր են, որոնք ապագա տնտեսական աճի հիմքը պետք է դառնան»: Մանրամասն՝ տեսանյութում: