Իրանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով

Իրանը ԱՄՆ-ին բողոք է հայտնել իր ներքին գործերին միջամտելու պատճառով

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ին բողոք է հայտնել երկրի «ներքին գործերին միջամտելու» համար: Այդ մասին նոյեմբերի 20-ին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ բողոքը հայտնվել է չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարություն կանչված Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին, որը ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը: Դեսպանին կանչելու վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել է Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից քանիցս արված հայտարարությունների ֆոնին: Մասնավորապես, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմի՝ նոյեմբերի 17-ին տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է Իրանի ժողովրդի խաղաղ ցույցերը և դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների դեմ: Մինչ այդ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է Թեհրանի կողմից երկրում Ինտերնետն անջատելու փորձերը, ինչպես նաև ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել «Իրանի բազմաչարչար ժողովրդին»: Մինչդեռ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ Իրանի կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել վառելիքի գների բարձրացման վերաբերյալ նախարարների կաբինետի որոշումից հետո: Նրա խոսքով՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել էին օտարերկրացիները»: Խամենեին նշել է, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայում առկա են երկրում»: Իր հերթին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում անկարգությունները կազմակերպել էին ԱՄՆ-ը և Իսրայելը՝ նպատակ ունենալով երկրի անվտանգության խարխլումը: «Անկարգությունների մասնակիցները կազմակերպված էին, նրանց ակցիաները պլանավորված էին, նրանք զինված էին՝ գործելով որոշակի պլանով, որոնք կազմել էին տարածաշրջանի ռեակցիոն ուժերը՝ սիոնիստներն ու ամերիկացիները»,- ասել է Ռոհանին։