Նորատուսցի Ալիկի եղբոր խուլիգանության գործով հարցաքննվել են նրա «ամենօրյա ընկեր»՝ «Ջիլը», «Չեչենը» ու Սաքոն

Նորատուսցի Ալիկի եղբոր խուլիգանության գործով հարցաքննվել են նրա «ամենօրյա ընկեր»՝ «Ջիլը», «Չեչենը» ու Սաքոն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց Նորատուսցի Ալիկի եղբոր՝ Արա Բանդուրյանի գործի դատական քննությունը: Արա Բանդուրյանին մեղադրանք է առաջադրված խուլիգանության հոդվածի ծանր մասով՝ զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության, ինչպես նաև ապօրինի զենք ձեռք բերելու, կրելու համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 1-ին մասերով: Արա Բանդուրյանը գրավով ազատ է արձակվել: Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13 –ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, Արա Բանդուրյանը, մի խումբ անձանց հետ գտնվելով Հյուսիսային պողոտայի «Հուկաման» ակումբում, «իր անձի ենթադրյալ առավելություններով» տարված և «անթաքույց արհամարհանք դրսևորելով» ակումբում գտնվող հանրության նկատմամբ, զենքի գործադրման սպառնալիքով ու անկանոն կրակոցներ արձակելով՝ կատարել է խուլիգանություն: Ըստ մեղադրանքի՝ Արա Բանդուրյանը նախ դեպի ակումբի պարահրապարակ է նետել տարբեր առարկաներ, այնուհետև գործով չպարզված անձից ձեռք է բերել ու կրել հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ առաջացնելով անհանգստության մթնոլորտ: Բանդուրյանը, ըստ մեղադրանքի, անտեսելով ակումբում գտնվողներին, անկանոն կրակոցներ է արձակել՝ նրանց կյանքի ու առողջության համար իրական վտանգ և վախի, տագնապի մթնոլորտ առաջացնելով: Դատարանը վկաների հարցաքննության փուլում է: Դատարան էին ներկայացել ու հարցաքննվեցին Արա Բանդուրյանի ընկերներ Դավիթը՝ «Ջիլ» մականունով, Արմենը՝ «Չեչեն» մականունով, և մասնագիտությամբ իրավաբան, Ռուսաստանում ակումբ ունեցող Սարգիսը: Երեք վկաներն էլ մեղսագրված արարքի պահին եղել էին Բանդուրյանի հետ «Հուկաման» ակումբում: «Ջիլ» մականունով Դավիթը դատարանում ասաց, թե դեպքի հետ կապված շատ բան չի հիշում: Նա չհերքեց դատարանի կողմից հրապարակված նախաքննական ցուցմունքը: Դավիթը քննիչին ներկայացել էր ձախ ձեռքը կապված վիճակում: Նա հայտնել էր, որ ոչ մի տեղ չի աշխատում, Արա Բանդուրյանն իր «ամենօրյա ընկերն է»: Դեպքին նախորդող երեկոյան ընկերների՝ Արայի, Սարգիսի, Արմենի, Անուշավանի հետ գնացել էր Դավթաշենի «Պալկովնիկի օբյեկտ»: Հաց են կերել, տնական օղի են խմել, խմել են նաև Արայի եղբոր՝ Ալիկի կենացը, ում վերաբերյալ այդ ժամանակ քրեական գործ էր քննվում, ու նա գտնվում էր անազատության մեջ: Արան այդ օրը շատ անտրամադիր էր, նա ասում էր, թե եղբորը «շառով» են դատում քիչ չի, դեռ դատախազն էլ 8 տարի «սրոկ է ուզել»: Արան ասում էր՝ քիչ է մնում գնա ու... եղբոր կողքին նստի, կարոտը առնի... Ընկերները, տեսնելով, որ Արայի տրամադրությունը շատ վատ է, առաջարկել են գնալ Հյուսիսային պողոտայում գործող «Հուկաման» ակումբ՝ զվարճանալու: Արան սկզբում չի համաձայնել՝ ասելով. «Կլուբը գնալու տեղ չի»: Բայց ընկերները համոզել են, երկու՝ Արայի ու նրա մորաքրոջ որդի Գագոյի մեքենաներով գնացել են Հյուսիսային պողոտա: Արայի մորաքրոջ տղան հաջորդ օրը հարսանիք պիտի գնար, նա վերցրել է Արայի մեքենան, թողել է իրենը ու հեռացել է: Իսկ Արան ու նրա մի քանի ընկերները, ըստ վկա Դավիթի, մտել են «Հուկաման» ակումբ, բայց ակումբում ազատ սեղան չի եղել: Տղաները որոշել են գնալ Ջրվեժ, բայց Ջրվեժի ակումբում նույնպես տեղ չի եղել, վերադարձել են Հյուսիսային պողոտա: Նորից մտել են «Հուկաման» ակումբ, որտեղ արդեն տեղ կար, մենեջերը նրանց խմբին նստեցրել է մուտքից դեպի ձախ գտնվող սեղանի շուրջ: Ըստ Դավիթի՝ հարևան սեղանի մոտ նստածները բարևել են Արային, հարցրել են՝ ո՞նց ես, բայց Արան անտրամադիր էր, չի պատասխանել: Ըստ Դավիթի՝ սեղանի մոտ Արայի կողքին նստել է մի անծանոթ աղջիկ, երբեմն Արային մոտեցել է նաև ակումբի աշխատակցուհին՝ մենեջերը: Ընկերներից՝ Անուշավանը սկսել է պարել: Դավիթը քիչ անց նկատել է, որ Արան կանչում է պարող Անուշավանին, բայց վերջինս չի լսում ու չի արձագանքում: Արան սեղանից վերցրել է անձեռոցիկի տուփն ու նետել է Անուշավանի ուղղությամբ, բայց նա չի նկատել: Արան սեղանից վերցրել է մոխրամանն ու նույնպես նետել է Անուշավանի ուղղությամբ, դարձյալ՝ անարդյունք: Նետված մոխրամանը չի ջարդվել, ինչպես հետո համոզվել է Դավիթը՝ մոխրամանը «ռեզինից» էր: Դավիթը մոտեցել է Անուշավանին ու հայտնել է, թե Արան նրան է կանչում: Անուշավանը մոտեցել է Արային, իսկ Դավիթը հատակից վերցրել է Արայի նետած մոխրամանը ու այդ ժամանակ է հասկացել, որ այն «ռեզինից» է: Դավիթն ասել է, թե զգացել է, որ վնասված թևը սառչում է, գնացել, մեքենայի միջից վերցրել է բաճկոնը, իսկ երբ վերադարձել է ակումբ, տեսել է, որ ընկերները դուրս են գալիս: Ինքը մեքենայով Արային տուն է տարել, մյուս ընկերները գնացել են հավանաբար տաքսիով: Վկան պնդել է, որ իրենց՝ «Հուկաման» ակումբում գտնվելու ընթացքում աղմուկ չի եղել, հաճախորդները պարել են, ակումբը բնականոն աշխատել է: Հաջորդ օրն ինքը համացանցային կայքում կարդացել է՝ իբր «Հուկաման» ակումբում խուլիգանությւոն է եղել, ու զարմացել է: Վկան պնդել է, որ ակումբում իրենց ու որևէ այլ անձի միջև կոնֆլիկտ չի եղել, իսկ իր ձեռքը վնասվել էր ավելի վաղ՝ հոկտեմբերի սկզբին: Ինքն աստիճաններից ընկել ու ձեռքը ջարդել էր: Ձեռքը վիրահատել, «շշեր» էին դրել, դրա համար ձեռքն ամրացված էր կրծքին, «Հուկաման» ակումբում ինքը եղել է կապված ձեռքով: Վկան հայտնել է՝ ակումբից տուն գնալու ճանապարհին Արան քնել է, իրենք ոչինչ չեն խոսել: Այդ օրն ինքը ակումբում որևէ մեկի ձեռքին զենք չի տեսել: Քննիչը հարցրել է՝ ըստ տեղեկությունների՝ «Հուկաման» ակումբում Արան կողքի սեղանի «գլխին» նստած անձից ատրճանակ է վերցրել ու կրակոցներ է արձակել: Վկա Դավիթն ասել է, թե ինքը նման բանի ականատես չի եղել, կրակոցի ձայն չի լսել: Քննիչը հարցրել է՝ ըստ տեղեկությունների՝ Արայի հետ ակումբում եղել է «Ջիլ» մականունով ընկերը, ճանաչո՞ւմ եք նրան: Վկա Դավիթը պատասխանել է, թե «Ջիլը»... հենց ինքն է... Քննիչն առաջարկել է միասին զննել ակումբի տեսահսկող սարքի կատարած տեսագրությունը: Փաստաբանի ներկայությամբ հարցաքննվող վկա Դավիթը հրաժարվել է՝ ասելով, թե ակումբում ինքը ժամանակ է անցկացրել, դա իր անձնական կյանքին է վերաբերում, ինքն օգտվում է իր իրավունքից ու իր անձնական կյանքին վերաբերող տեղեկությունը չի մեկնաբանում... «Ջիլի» հարցաքննությունը հայտարարվեց ավարտված: Ամբաստանյալ Արա Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը հանդես եկավ հայտարարությամբ: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց վկայի հայտնած այն տեղեկության վրա, որ ակումբ գնալուց առաջ և ակումբում Արա Բանդուրյանը եղել է նյարդայնացած, վատ տրամադրությամբ: Պաշտպանը հիշեցրեց, որ խուլիգանություն հանցարարքը կարող է կատարվել բացառապես խուլիգանական դրդումներով, բայց տվյալ դեպքում Բանդուրյանը անձնական պատճառներով եղել է նյարդային ու անտրամադիր, խուլիգանական դրդումներ նրա գործողություններում չեն եղել: Հարցաքննվեց վկա Սարգիսը: Նա ասաց, թե բարձրագույն կրթություն ունի, իրավաբան է, Ռուսաստանում ակումբ ունի: Արա Բանդուրյանն իր ընկերն է: Ինքը գիտի, որ նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրված, բայց ինքը ներկա է եղել «Հուկաման» ակումբում, այնտեղ խուլիգանություն չի եղել: «Բացի ուրախանալուց ու զվարճանալուց՝ ուրիշ բան չի եղել»,- ասաց վկա Սարգիսը: Նա նշեց, թե չի նկատել, որ Արան կրակոց արձակի կամ մոխրաման, անձեռոցիկի տուփ նետի: Ինքը նստած է եղել Արայի կողքին, բայց՝ հարևան սեղանի ազատ աթոռին: «Անհնար էր, որ Արան խուլիգանություն աներ, ու ես չնկատեի... Արան մի քիչ նեղված էր, բայց մենք եթե անգամ գոռացել ենք՝ զվարճանալով ենք գոռացել, կոնֆլիկտային ոչինչ չի եղել»,- ասաց վկան: Նա նշեց, որ ակումբ մտնելու և դուրս գալու ժամանակ տեսել են ոստիկանության աշխատակիցների, բարևել են նրանց, ուրիշ ոչինչ չի եղել: Վկան հնարավոր համարեց, որ կարճ ժամանակով ինքը ակումբից դուրս եկած լինի՝ «մի փոքր օդափոխվելու», քանի որ «սաղս խմած էինք և ակումբում միայն ուրախացել ենք»... Վկա Արմենը՝ «Չեչեն» մականունով, արտաքինով ինչ-որ չափով համապատասխանում էր մականունին: Նա ռուսերեն բառեր էր հաճախ օգտագործում՝ մտքերն ավելի «պարզ» արտահայտելու համար: Վկան նշեց, որ Արան «Պալկովնիկի օբյեկտում» ու «Հուկաման» ակումբում տխուր էր՝ «տրամադրություն չկար վրեն», եղբոր մասին էր խոսում, ասում էր՝ հերիք չի դատում են, «սրոկ» էլ են տալիս... Արայի տրամադրությունը բարձրացնելու համար են գնացել «Հուկաման» ակումբ. «Մենք մերոնցով որոշեցինք, գնացինք, նորմալ ուրախացանք, պարինք, էկանք»: Իսկ հաջորդ օրը համացանցում «վիդեոներ էին գցած», գրված էր՝ որոնվում են... Վկա Արմենը հիշեց, որ ակումբում Արան մի քանի անգամ ձայն է տվել Անուշավանին, բայց Անուշավանը «ուղեղը անջատած» պարում էր, չէր լսում, Արան ձեռքով է արել, այդ ժամանակ սեղանից մի բան է ընկել՝ «սալֆետկա էր, ինչ էր», Արան այդպիսի շարժում է արել, որ Անուշավանի ուշադրությունը գրավի, նա «ֆռռա» իր կողմը: Վկա Արմենը բավական մշուշոտ ասաց, թե ընթացքում ակումբի աշխատակցուհին մոտեցել, Արայից ինչ-որ բան է վերցրել, ինքն էլ այդ «բանը» վերցրել է աղջկանից ու տվել է իրեն անծանոթ մի երիտասարդի, այդքան բան, ակումբում ոչ մի միջադեպ չի եղել: Վկան ընդունեց, որ քննիչը հարցաքննության ժամանակ իրեն տեսագրություն է ներկայացրել. «Մեր վիճակն էր ցույց տալիս՝ ոնց ներս մտանք, որտեղ նստեցինք, քննիչը հարցուփորձ էր անում...»: Վկան հիշեց նաև, որ ակումբում մի պահ կորել էր Սարգիսի մատանին, իրենք փնտրում էին այն իրենց նստած «դիվանի» մոտ: Վկան պնդեց, որ ատրճանակ չի վերցրել, որևէ մեկին չի փոխանցել: «Հուկաման» ակումբում էլ սովորական «կլուբային վիճակ էր»՝ «քոռացնող լույսերով», իրենք Սարգիսի մատանին «ֆանարիկով» էին ման գալիս, բայց ինքը չի հիշում՝ գտա՞ն, թե՞ ոչ: Վկան նաև նշեց, թե չգիտի՝ ի՞նչ առարկա է վերցրել ակումբի աշխատակցուհուց ու փոխանցել անծանոթ տղային. «Ես ֆիքսված չէի, ոչ էլ էքսպերտ եմ, որ ճանաչեի ատրճանակը... Ես կյանքումս զենք տեսած չկամ... Որ տեսնեմ էլ՝ կմտածեմ՝ զաժիգալկայա»: Նախագահողը վկային ցույց տվեց նախաքննական ցուցմունքի յուրաքանչյուր էջին դրված ստորագրությունը, նաև՝ ցուցմունքի վերջում ձեռագրով գրվածը, վկան ասաց, թե ստորագրություններն ու ձեռագիրը «պիտի որ» իրենը լինեն. «Ես էքսպերտ չեմ»՝ հիշեցրեց վկան: Հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը: Վկան հայտնել էր, թե «Հուկաման» ակումբ իրենք իրենց հետ «Պալկովնիկի օբյեկտից» տնական օղի էին տարել: Ակումբում Արայի մի կողքին երկու անծանոթ աղջիկներ էին նստած, մյուս կողքին էլ՝ մի աղջիկ: Արան ընթացքում ձայն է տվել պարող Անուշավանին, նա չի լսել, Արան նրա ուղղությամբ անձեռոցիկի տուփ ու մոխրաման է նետել, մոխրամանը երևի «ռեզինից» էր կամ երկաթից, որովհետև չի ջարդվել: Արան, ըստ վկայի, Անուշավանին կանչել, ականջին ինչ-որ բան է ասել, Անուշավանը գնացել է: Ինքը հասկացել է, որ Արան տխուր երգ է պատվիրել: Երբ այդ երգը միացրել են, Արան լսել է գլուխը բռնած: Վկան նշել էր՝ Արայի մոտից մի աղջիկ մի բան վերցրեց, ես էլ այդ բանը վերցրի այդ աղջկա ձեռքից, տեսա՝ զենք է՝ ծանր էր, երկաթի նման ինչ-որ մետաղից: Ըստ վկայի՝ ինքն անակնկալի է եկել, բայց զենքը չի ուսումնասիրել, մոտեցել է մի անծանոթ տղա, ինքը զենքը տվել է նրան: Հետո իրենք հինգ ընկերներով դուրս են եկել ակումբից, Դավիթը Արային մեքենայով տուն է տարել... Քննիչի հարցին պատասխանելով՝ վկա Արմենն ասել է, թե համացանցով տեսել է ակումբում կատարված տեսագրությունը, տեսել է՝ մարդիկ պարում են, իրեն է տեսել, Արային, տեսել է, որ լույսերը տատանվում են, իսկ կրակոց չի լսել... Քննիչը հարցրել է՝ ըստ տեղեկությունների՝ Արա Բանդուրյանը ատրճանակից 6 կրակոց է արձակել, ակումբում գտնվողները վախեցե՞լ են: Վկա Արմենը պատասխանել է՝ կրակոց չեմ տեսել, ակումբում ոչ ոք չի վախեցել, ես էլ չեմ վախեցել: Քննիչը վկայի հետ զննել է ակումբի տեսահսկող սարքի տեսագրությունը: Վկան ճանաչել է «Ջիլին», Սարգիսին, Արային, ում կողքերին անծանոթ աղջիկներ էին նստած, իսկ Անուշավանի ուսերին բաճկոն էր գցած... Արան անձեռոցիկի տուփը նետել է դեպի Անուշավանը, հետո մոխրամանն է նետել... Արան կողքի սեղանին նստածից մի առարկա է վերցրել, երբ նրա ձեռքին էր այդ սև առարկան... լույս է երևացել... Մի աղջիկ Արայից վերցրել է սև առարկան, այն հետո աղջկանից վերցրել է ինքը, տվել է կողքի սեղանից մի տղայի, իրենք հատակին ինչ-որ բան են փնտրել՝ Սարգիսի մատանին էին փնտրում... Նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո վկան ասաց, թե տեսանյութում ինչ-որ «պրեդմետ» է տեսել, որն ինքը վերցրել է աղջկա ձեռքից ու փոխանցել է մեկ ուրիշին: Չի կարող ասել՝ դա ատրճանա՞կ էր, թե՞ ոչ: Քանի որ ակումբում մութ էր, այդ առարկան կարող էր «զաժիգալկա» լինել, «պա աշչուշչայեմըստի»՝ ըստ շոշափելու՝ նման էր ատրճանակի՝ երկաթանման բանից էր, նիկելապատ... Վկան նշեց, որ քննիչների մոտ եղել է տասներկու ժամից ավելի՝ «մեր ուղեղն էլ, քննիչների ուղեղն էլ արդեն չէր աշխատում, պերեկրյոստնի դապրոս էին անում»: Ըստ հարցաքննության արձանագրության՝ հարցաքննությունը ժամը 19-ից 22-ն էր տևել, վկան, ինչպես նաև նրա ընկեր մյուս վկաները նախաքննական հարցաքննության գնացել էին փաստաբանի հետ, արձանագրությունը ստորագրված էր ոչ միայն վկայի, այլ նաև փաստաբանի կողմից... Վկայի հարցաքննությունն ավարտվեց: Արա Բանդուրյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը հայտարարեց՝ վկան ըստ էության՝ վերահաստատեց իր նախաքննական ցուցմունքները, և նա շոշափելով զգացել է, որ իր վերցրած առարկան ատրճանակ է՝ ամեն բան պետք է օբյեկտիվորեն արձանագրենք ու հաշվի առնենք, որ ամբաստանյալի աթոռին վկայի ընկերն է... Պաշտպանը դատարանին ներկայացրեց Արա Բանդուրյանի՝ Ֆրանսիայում ծնված երեխաների ծննդյան վկայականները: Հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 16-ին, դատարանը կշարունակի վկաների հարցաքննությունը: Վկաների մեծ մասի վերաբերյալ կայացվեցին բերման ենթարկելու որոշումներ: