Արցախում տանկերով և զրահամեքենաներով հակահարձակողական զորավարժություն է անցկացվել

Արցախում տանկերով և զրահամեքենաներով հակահարձակողական զորավարժություն է անցկացվել

Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկի ընդգրկմամբ Արցախում անցկացվել է մարտավարական զորավարժություն, որի ժամանակ իրականացվել է նաև մարտական հրաձգություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը։ «Զորախաղերի մտահղացման համաձայն՝ հարձակման անցած և յուրային ուժերի առաջնագիծ մխրճված պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը կանխելու և նրան հետ շպրտելու նպատակով մարտի էին դուրս եկել … զորամասի զրահատանկային ստորաբաժանումները», – նշվում է հրապարակման մեջ։ Հայկական կողմից հակառակորդի դեմ պայմանական մարտը սկսվել է հրետանային կրակով թիրախների խոցումով։ Ապա տանկերն ու զրահամեքենաները անցել են գրոհի, վերականգնել են առաջնագիծը։ Դրանից հետո հայկական ստորաբաժանումները հետապնդել են պայմանական նահանջող հակառակորդին՝ առավելագույնս վնաս պատճառելով նրա կենդանի ուժին ու զինտեխնիկային: «Զորավարժությունը հիմնականում հարձակողական բնույթի էր և պարունակում էր այնպիսի տարրեր, որոնք բխում են նաև ապագայում հակառակորդին թելադրվելիք նախապայմաններից»,- նշել է միավորման շտաբի պետ, գնդապետ Սամվել Գրիգորյանը։ Հրամանատարության վստահեցմամբ՝ զորավարժությունն անցել է դրված խնդիրների լիարժեք կատարմամբ։