Ուկրաինայի հայ համայնքի չիրացված ներուժը. Զարեհ Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Ուկրաինայի հայ համայնքի չիրացված ներուժը. Զարեհ Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Ուկրաինա աշխատանքային այցի երկրորդ օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը սկսեց Ուկրաինայի հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվորյանի հետ հանդիպմամբ: Մասնակցում էին միության մի շարք անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են` գլխավոր հանձնակատարը ողջունեց ներկաներին և իր ուրախությունը հայտնեց ծանոթության առթիվ: «Առաջին այցս է Ուկրաինա: Այստեղ հսկայածավալ հայ համայնք ունենք՝ մեծ ներուժով և հնարավորություններով, որը պետք է սերտ համագործակցության միջոցով հնարավորինս իրացնել և միասին աշխատել: Հայ համայնքն իրոք գործուն է, դինամիկ»,-նշեց Զարեհ Սինանյանը: Վիլեն Շատվորյանը ներկայացրեց համայնքային կյանքը, միության գործունեությունն ու աշխատանքի ձևաչափը հայ համայնքի ներսում, ինչպես նաև կարևորեց հայերի դերակատարությունը հայ-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: «Այստեղ «ոսկի» երիտասարդություն ունենք՝ հետաքրքիր ու ակտիվ, նրանք ամբողջապես մասնակցում են համայնքային կյանքին, և մենք էլ շահագրգռված ենք նպաստելու սերնդափոխությանը»,- նշեց միության ղեկավարը: Նա հավելեց, որ Ուկրաինայի բազմահազարանոց հայ համայնքն իրոք ահռելի չիրացված ներուժ ունի, և հանձնակատարի այս այցը նոր, ավելի սերտ հարաբերությունների մեկնարկի խոսուն ազդակ է: «Պատրաստ ենք համագործակցության, պարզապես պետք է ճիշտ ձևաչափ մշակել: Համայնք իրոք համախմբված ու միասնական է, և մենք փորձում ենք առավելագույնս օգտակար լինել Հայաստանին»,-նշեց Վիլեն Շատվորյանը: Միության անդամները մանրամասնորեն ներկայացրին ՈւՀՄ-ի աշխատանքը հայ համայնքում, կառուցվածքը, բաժանմունքները, միության ներսում գործող երիտասարդական, մշակութային և այլ շրջանակները: Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորեց միության գործունեությունը և սերտ աշխատանքի ու մշտական հետադարձ կապի հույս հայտնեց: