Հայերն ունեն բոլոր նախադրյալները իսրայելական հրաշքը կրկնելու համար

Ինչպես ոչնչից դառնալ աշխարհի հզորագույն պետություններից մեկը, ինչպես դառնալ երկիր, որի նկատմամբ ցանկացած ոտնձգություն սասանում է տարածաշրջանային անվտանգությունը։ Թեմայի շուրջ զրույցի համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է իսրայելագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Դմիտրի Մարյասիսին։ Ի՞նչ նպատակով եք դուք գտնվում Երևանում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դմիտրի Մարյասիսը պատասխանեց․ «Ես մասամբ զբաղվում եմ Իսրայելի ուսումնասիրությամբ։ Համատեղ նախագծով ես դասախոսություն եմ կարդում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ նվիրված ժամանակակից Իսրայելի պատմությանը, քաղաքականությանը, որպեսզի ուսանողներն ավելի լայն պատկերացում կազմեն, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում և ներկայացվեն տարբեր մոտեցումներ սուր ճգնաժամերի լուծման համար։ Դասախոսությունները ներկայացնում ենք հինգ հոգով՝ յուրաքանչյուրը 2-3 դասախոսություն։ Հուսով ենք, որ այն միակը չի լինի և առաջիկայում կընկերանանք ու կկնքենք համաձայնագիր այն շարունակական դարձնելու համար»։ Շատ հաճախ զուգահեռներ են անցկացնում հրեաների և հայերի միջև․ երկու ազգերն էլ հայտնվել են թշնամիների օղակում, երկու ազգերի պատմություններն էլ նման են իրար և երկու ազգերն էլ գտնվում են բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Չնայած այս ամենին, հայ-իսրայելական հարաբերությունները չի կարելի համարել կայուն, երկարաժամկետ, ո՞րն է պատճառը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Դմիտրի Մարյասիսը պատասխանեց․ «Գիտեք, ես համաձայն եմ ձեզ հետ, որ երկու ազգերն էլ շատ ընդհանուր բաներ ունեն, բայց, կարծում եմ, որ այստեղ աշխարհաքաղաքական հարցը երկու ազգերի մոտ բաժանված է։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, իսկ ինչպես գիտեք, ներկայիս Իրանը չի ճանաչում Իսրայել պետությունը։ Իր հերթին, Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, որը հակամարտության մեջ է Հայաստանի հետ։ Ինչպես նաև չկա Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում, ինչը հիվանդագին է ընդունվում հայերի կողմից։ Այնպես է ստացվել, որ Ադրբեջանը Իսրայելի համար հանդիսանում է տարածաշրջանային գործընկեր։ Այս ամենն արդեն երկար տարիներ է, ինչ գոյություն ունի և բացասական է ազդում Հայաստանի և Իսրայելի հարաբերությունների վրա»։     Մանրամասները՝ տեսանյութում։