Կա՞ արդյոք «հրաշք զենք», որը կվճռի պատերազմի ելքը․ ռազմական սցենարը չի կարելի բացառել

Կա՞ արդյոք «հրաշք զենք», որը կվճռի պատերազմի ելքը․ ռազմական սցենարը չի կարելի բացառել

Ադրբեջանում նոյեմբերի 12-ին հերթական լայնածավալ զորավարժություններն են մեկնարկել։ Այս տեղեկությունը հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ չհայտնելով, թե կոնկրետ քանի՞ զինծառայող և ի՞նչ քանակությամբ զինտեխնիկա է դրանցում ներգրավված լինելու։ Սրանք օպերատիվ վարժանքներ են, որոնք ընթանալու են երեք փուլով։ Դրանց հայտարարվող նպատակներից են՝ շտաբերի և ղեկավարման մարմինների պատրաստության, ինչպես նաև հարձակողական գործողություններում համազորային միավորումների, ռազմաօդային, ռազմածովային, հրթիռահրետանային և հատուկ նշանակության ուժերի միջև համագործակցության բարելավումը: Սա թվով 5-րդ խոշոր զորավարժությունն է, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանական Հանրապետության տարածքում։ Դրանցից առնվազն 2-ը եղել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ (մայիսի 1-3-ը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» և Նախիջևանում, հունիսի 7-11-ը՝ «Անխախտ եղբայրություն 2019» խորագրով զորավարժությունները)։ Վերջին խոշոր զորավարժությունները Հայաստանի արևելյան հարևանի տարածքում տեղի են ունեցել սեպտեմբերի կեսերին։ Այն ժամանակ ուսումնական վարժանքներին մասնակցել է մոտ 10 հազար զինծառայող, գործարկվել է 100 միավոր տանկ և զրահատեխնիկա, 120 միավոր հրթիռահրետանային տարբեր տրամաչափի համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մարտական ուղղաթիռներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Ադրբեջանական զինուժի թե՛ նախորդ և թե՛ այս նոր զորավարժությունները, հասկանալի պատճառներով, չեն կարող անտեսվել մեր երկրում, հատկապես ռազմական շրջանակների և մեդիափորձագիտական հանրության կողմից, քանի որ նմանատիպ միջոցառումները, հատկապես պատերազմող երկրների պարագայում, որոշակի ինդիկատոր են և կարող են ինչ-որ բաներ հուշել տվյալ երկրի թե՛ ռազմական ներուժի և թե՛ ռազմաքաղաքական հնարավոր ծրագրերի մասին։ https://cdn2.img.armeniasputnik.am/images//1597/32/15973259.jpg?fbclid=IwAR2tGWN0Te7AQKk0nZXmSqRm5AqkEbLb9UfMqaCVs2RfOqeTm0U-b6G1_ro Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանյան «Նոր պաշտպանական պատվեր. ռազմավարություններ» ամսագրի գլխավոր խմբագիր, Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի թղթակից, ռազմական մեկնաբան Լեոնիդ Ներսիսյանը։ - Լեոնիդ, ի՞նչ զորավարժություններ են սրանք, ինչո՞վ են առանձնահատուկ և որքանո՞վ կարող են կապված լինել այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ և ընդհանրապես տարածաշրջանում։ - Խոսքը բավական խոշոր օպերատիվ զորավարժությունների մասին է, որոնց ներգրավված են լինելու ինչպես ավիացիայի, այնպես էլ ցամաքային զորքեր։ Սակայն տեղեկությունները շատ աղքատիկ են, և վարժանքներին մասնակցող զորքերի ճշգրիտ թիվն առայժմ չի հայտարարվել։ Բայց ամեն դեպքում հայտնի է, որ սրանք ծրագրված զորավարժություններ էին, այսինքն՝ ճիշտ չի լինի դրանք ուղղակիորեն կապել աշխարհաքաղաքականության հետ։ Այս միջոցառումն անակնկալ չէր։ - Իսկ նման զորավարժություններին պե՞տք է ընդհանրապես ուշադիր լինել Հայաստանում։ - Բնականաբար, պետք է միշտ զգոն լինել և հետևել ինչպես այս, այնպես էլ բոլոր զորավարժություններին բոլոր հնարավոր միջոցներով, բայց չարժե դրանցից ինչ-որ առանձնահատուկ եզրակացություններ անել կամ առավել ևս խուճապի մատնվել, քանի որ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, մեկ տարվա ընթացքում բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում։ Դրանց մեծ մասը պլանային զորավարժություններ են, դրա համար նման վարժանքներն արդեն սովորական են դարձել։ - Իսկ ինչո՞ւ այս անգամ ավելի կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդել զորքի և զինտեխնիկայի քանակի մասին։ - Այո, առայժմ ես ճշգրիտ թվեր չեմ հանդիպել։ Կար 2-3 տեսանյութ, որոնցում երևում էին Մի-35 ուղղաթիռներ, Սու-25 գրոհիչներ։ Կա մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկը մարտական պատրաստության վիճակի բերվում։ Այդքանը։ Առայժմ տեղեկությունները շատ քիչ են։ Միգուցե զորավարժությունների ավարտից հետո ինչ-որ ամփոփիչ նյութ կհրապարակվի։ - Վերջին շրջանում Երևանն ու Բաքուն պարբերաբար փոխանակվում են բավական սուր հայտարարություններով, և փորձագետներն այս համատեքստում փորձում են հասկանալ Ադրբեջանի մտադրությունները՝ ունի՞ արդյոք ադրբեջանական կողմը լուրջ ծրագրեր՝ մոտ ապագայում դիմելու ռազմական նոր ագրեսիայի։ Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ։ - Ես կարծում եմ, որ գլոբալ առումով այս հարցում լուրջ փոփոխություններ չեն եղել՝ բացառությամբ 2016 թ․ ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների, որոնք լուրջ հաջողություն չբերեցին հարձակվող կողմին։ Եվ բացի այդ, Հայաստանն է վերջին տարիներին որոշակիորեն ավելացրել սպառազինության ձեռքբերման ծավալները։ Այս առումով ուժերի հարաբերակցության մեջ դրական փոփոխություն է եղել Հայաստանի օգտին։ Այնուամենայնիվ, չի կարելի բացառել ռազմական սցենարը, քանի որ Ադրբեջանը այսպես թե այնպես շարունակում է զենք գնել, ռազմական բյուջեն է գնալով աճում, մեծ բանակ ունի, իրենց ռևանշիստական տրամադրություններն էլ չեն թաքցնում։ Այնպես որ՝ ճիշտ չի լինի ասել, որ շուտով նոր պատերազմ կսկսվի, բայց մյուս կողմից՝ ամեն ինչ շատ արագ՝ ընդամենը մեկ-երկու ամսվա ընթացքում կարող է փոխվել։ Ուստի, բնականաբար, Հայաստանի Զինված ուժերը միշտ պիտի լինեն լիարժեք մարտական պատրաստության վիճակում։ - Վերջերս 2020 թ ՀՀ պետբյուջեի նախագծից տեղեկացանք, որ Հայաստանը հաջորդ տարի էապես չի ավելացնելու իր ռազմական ծախսերը։ Իսկ Ադրբեջանն, ընդհակառակը, 2020 թ-ին, 2019-ի համեմատ, մոտ 20 տոկոսով ավելի շատ գումար կհատկացնի ռազմական ծախսերի համար (Ադրբեջանի ռազմական բյուջեն 2020 թ-ին կկազմի մոտ 2 մլրդ 267 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այս տվյալներն ի՞նչ են հուշում հակառակորդի ռազմական ծրագրերի մասին։ - Ինչ վերաբերում է Հայաստանին՝ ռազմական բյուջեի հաշվարկի մեթոդաբանության պատճառով թվերը մի քիչ խճճված են։ Նախկինում դրա մեջ չէին ներառվում ռուսական ռազմական վարկերը։ Այս տարի ներառեցին, ինչի պատճառով այս տարվա բյուջեն զգալիորեն աճեց։ Սրանից հետո հաջորդ տարվա բյուջեում աճ գրեթե չի երևում, ինչի պատճառներից մեկն էլ հենց այն է, որ այս տարի ՌԴ-ի կողմից տրամադրված 100 մլն դոլարի ռազմական վարկի մարումը գերակատարվել է, իսկ հաջորդ տարի նոր վարկ չի լինելու։ Այսպիսով, վիճակն այս առումով մի քիչ խճճված է։ Իսկ Ադրբեջանի ռազմական բյուջեի աճն իսկապես բավական մեծ է․ հաջորդ տարի այն կկազմի ավելի քան 2 մլրդ դոլար։ Դրանք, իհարկե, դեռևս շատ հեռու են այն թվերից, որոնք մենք տեսնում էինք մինչև 2015 թվականը․ այդ տարիներին Ադրբեջանի ռազմական ծախսերի թիվը հասնում էր ընդհուպ մինչև 3,7 մլրդ դոլարի։ Բայց դա ամեն դեպքում տհաճ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն կփորձի ավելացնել սպառազինության գնման ծավալները։ Հավանաբար պետք է սպասել, որ կպատասխանի Հայաստանի կողմից Սու-30 կործանիչների ձեռքբերմանը։ Կարծում եմ, որ Ադրբեջանն անպայման կգնի որևէ տեսակի նոր կործանիչներ։ Դա իրենց համար հեղինակության հարց է։ Շատ հնարավոր է, որ հենց այդ գործարքի համար են հավելյալ գումարներ դուրս գրել բյուջեից։ -  Ձեր կարծիքով՝ հատկապես ի՞նչ զինատեսակների կարիք ունի Ադրբեջանը։ Կա՞ արդյոք ինչ-որ առանձնահատուկ զինատեսակ կամ համակարգ, որը ձեռք բերելու դեպքում նա վստահ կլինի, որ կարող է լայնածավալ պատերազմ սկսել։ - Չեմ կարծում, թե կա սպառազինության մի տեսակ, որը կարող է հրաշքով ամեն ինչ փոխել։ Նման բան ընդհանրապես չի լինում։ Ադրբեջանի զինված ուժերը բավական համաչափ են զարգացած, քանի որ գրեթե բոլոր զորատեսակներն էլ, թերևս բացառությամբ ավիացիայի, զինված են ժամանակակից սպառազինությամբ, ընդ որում՝ բավական մեծ քանակի սպառազինությամբ։ Բայց հարցը ոչ միայն քանակի մեջ է, այլև քաղաքական իրավիճակի, քաղաքական որոշման մեջ։ Հարցն այն է, թե տվյալ երկիրը, նրա տնտեսությունը իրապես պատրա՞ստ է մեծ պատերազմի, պատրա՞ստ է այն ռիսկերին, որոնք առաջանում են նման դեպքերում։ Ուստի չեմ կարծում, թե մեկ զինատեսակի գնումը կարող է փոխել իրավիճակը։ Առավել ևս, հակամարտող երկու երկրներն էլ մասնակցում են սպառազինության մրցավազքին, և հնարավոր չէ վերցնել ու մեկ քայլով լուծել բոլոր հարցերը։ Հիտլերյան Գերմանիայում էլ շարունակ փնտրում էին «վունդերվաֆֆե» (թարգմանաբար՝ «հրաշք զենք»)՝ զենք, որով կարելի է հաղթել պատերազմում։ Բայց նման զինատեսակ այսօր մոլորակի վրա կարող է համարվել թերևս միայն միջուկային զենքը, բայց դժվար թե Հայաստանն ու Ադրբեջանը երբևէ ունենան դրանից։