Փաշինյանի «ուժային» օրը․ իշխանությունը նոր իմիջի անհրաժեշտություն ունի

Փաշինյանի «ուժային» օրը․ իշխանությունը նոր իմիջի անհրաժեշտություն ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Նիստի ընթացքում նախանշվել են Հայաստանի և Արցախի Զինված ուժերի համատեղ միջոցառումների ծրագրով ընթացիկ տարվա ընթացքում արձանագրված արդյունքները, քննարկվել 2020 թվականին, ինչպես նաև միջնաժամկետ հատվածում նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները: Այս իրադարձության մեջ, թերևս, արտառոց ոչ մի բան չկա՝ հատկապես, որ տարվա ավարտին ավանդաբար ամփոփումներ են արվում ու նախանշվում են հաջորդ տարվա ծրագրերը։ Սակայն Փաշինյանի գրաֆիկում ՊՆ այցելությունն այսօր միակ, այսպես ասած, «ուժային» միջոցառումը չի եղել։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել նաև Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: «Այսօրվա Անվտանգության խորհրդի մեր նիստն, ըստ էության արտահերթ է, բայց դա կախված է այն հանգամանքի հետ, որ նախորդ նիստերի օրակարգը ծանրաբեռնված է եղել և մենք օրակարգի որոշ հարցեր տեղափոխել ենք այսօրվա քննարկմանը»,- նշել է վարչապետ Փաշինյանը: ԱԽ նիստի օրակարգում եղել են անվտանգային ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: ԱԽ նիստերը, որպես կանոն, հրապարակային չեն լինում ու երբ դրանք հրավիրվում են, հասարակության շրջանում տպավորություն է ստեղծվում, որ երկրում արտակարգ ինչ-որ իրադաձություն է տեղի ունեցել։ Իհարկե, նման կարծիքը հեռու է իրականությունից ու ավելի շատ կարծրատիպերի հետևանք է ու նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ ԱԽ-ում իրապես պետք է կայացվեն ռազմավարական բնույթի կարևոր որոշումներ։ Բանն այն է, որ ԱԽ մասին թյուր պատկերացումներ ունեն անգամ մեր պատգամավորներից շատերը ու նույնիսկ տպավորությունն այնպիսինն է, որ նրանցից շատերը ծանոթ չեն Սահմանդրությանը ու իներցիոն ընկալում ունեն, թե ԱԽ-ն դեռ խորհրդատվական մարմին է՝ ինչպես եղել է նախկին երեք նախագահների պաշտոնավարման շրջանում։ Օրինակ, ավարտվող շաբաթվա ընթացքում խորհրդարանում քննարկվում էր մի օրինագիծ, որով ֆորմալիզացվելու էր ԱԺ նախագահի մասնակցությունը ԱԽ նիստերին։ Խորհրդարանական կառավարման պարագայում սա աբսուրդ է, որովհետև ԱԽ-ն գործադիր իշխանության մաս է ու, ըստ էության, կատարում է փոքր կաբինետի դեր, ըստ այդմ՝ իշխանության այլ ճյուղերի ներկայացուցիչներ սահմանադրական այս մարմնում ներկայացված լինել չեն կարող։ Դեռ լավ է, որ այս նախագծի ընդունումը տապալվեց՝ խորհրդարանական մեծամասնության թափթփվածության ու ընդդիմադիր խմբակցությունների ընդդիմանալու հետևանքով։ Մյուս կողմից՝ ԱԽ-ն, բացի ֆորմալիստական բաղադրիչից, նոր բովանադակության, մոտեցումների անհրաժեշտություն ունի․ այն շատ կարևոր ինստիտուտ է, որն առանցքային դերակատարություն ունի երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ։ ԱԽ գործող քարտուղարի հրապարակային հայտարարությունները լավատեսության հիմքեր չեն տալիս, որ նա մինչև վերջ գիտակցել է պետական այս ինստիտուտի ֆունկցիոնալ նշանակությունը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա վարչապետը նկատելիորեն իշխանության նոր իմիջ ձևավորելու խնդիր ունի։ Հեղափոխական էյֆորիան այլևս չկա, Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո ԱԱԾ-ն իշխանության համար կորցրել է նախկին գրավչությունը ու Փաշինյանի խնդիրն է ինստիտուցիոնալ նոր ուրվագիծ մշակել ուժային կառույցների համար՝ նպաստելով նաև իշխանության նոր իմիջի ձևավորմանը։