Կեղծ ավանդապաշտ ենք. ավանդապաշտությունը միավորվել է կրիմինալի, քրեականության գովքին

ԱԺ հերթական քառօրյան բուռքն քննարկումներով է անցել հիմնականում կապված քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ առաջարկված օրինագծի հետ: Հայաստանում քրեական մշակույթին հարելը, այսպես ասած, օրենքով գող լինելը և այդ նպատակով հավաքները կդառնան քրեորեն պատժելի, օրենքի նպատակն այն է, որ այս ամենի հետ առնչություն ունեցող ենթամշակույթը տարածող մարդիկ ենթարկվեն պատասխանատվության: Վրաստանում և ՌԴ-ում նմանատիպ օրենքներ արդեն ընդունվել են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գրող-հրապարակախոս Գևորգ Տեր-Գաբրիելյանը, անդրադառնալով այս դիտարկմանը, նշեց. «Ես չեմ կարող ասել, թե որքան օրենքով գող կա, որ կարող է գալ Հայաստան և որքան կան Հայաստանում, և արդյոք նրանք օրենքով գող են, թե իրենց են վերագրել այդ ստատուսը, բայց ինձ համար այս նախագիծը սպասված էր, որպես նոր կառավարության ռազմավարական ուղղություններից մեկի՝ «Ոչ բռնությանը» կարգախոսի որոշակի մասի հասցեագրում: Քրեական մշակույթի դեմ պայքարելը կարևոր է ոչ միայն վերևից ներքև, այլ նաև ներքևից վերև… Այս մշակույթի էությունն այն է, որ այն այսօրվա ետխորհրդային Հայաստանում և այլ երկրներում պարոդիական կերպով կրկնվում է, պարդադիր չէ քրեականացված տարրի կողմից, փաստորեն, որպես մշակույթ, վերցվում է երիտասարդների կողմից, և նրանք սկսում են կրկնօրինակել այդ բարքերն իրենց ամենօրյա կյանքում, և դա կարող է ստեղծել բռնության այն մթնոլորտը, որ կարող ենք տեսնել դպրոցում, երբ խոսքը գնում է որոշ աշակերտների դեմ հալածանքների մասին, բանակում, քրեակատարողական հիմնարկներում և այլն»: Օրենքի ընդունմամբ, թերևս, խնդիրը չի լուծվի, մտածելակերպի փոփոխություններ են անհրաժեշտ: Տեր - Գաբրիելյանի կարծիքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե որոնք են այդ մշակույթի ակունքները, դրա համար պետք է ուսումնասիրել անցյալը… «Կա երկու շատ կարևոր տեսակ՝ մեկը, երբ քրեական անձնավորությունը, այսպես ասած, գողականը, դուրս գալով ճամբարից, իր հետ բերում է այդ բարքերը և սերմանում իր շրջապատում: Մյուսը՝ երբ ճամբարում ճնշված անձնավորությունը, ով այդ բարքերից տուժող է եղել, բայց դուրս գալով ճամբարից, այնքան է տպավորվել այդ մշակույթից, որ որոշում է ուրիշներին ճնշել և այդ մշակույթը բերում է իր համայնք, իր ընտանիք: Դրանով շատ արժեքներ են պայմանավորված…»,- նշեց մեր զրուցակիցը: «Այն միֆը, որ գողականն արդարն է, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պետությունն թույլ է և անարգված,- նշեց Տեր-Գաբրիելյանը հավելելով, որ այսօր դա անընդունելի է, այդ մշակույթը պետք է վերանա: Տեր-Գաբրիելյանի դիտարկմամբ՝ օրենքի այս նախագիծը և բռնության բացառման քաղաքականությունը մշակույթը փոխելուն է ուղղված և ոչ թե մարդկանց առանց պատճառի դատապարտելուն. «Իսկ մարդկանց դատապարտելը կարող է և շատ բարդ լինել, մանավանդ երբ դատական համակարգն էլ է ճգնաժամի մեջ»: Մանրամասն՝ տեսանյութում: