ՏԻՄ ընտրությունները՝ փորձաքար նոր ընդդիմության ձևավորման համար. «Ժամանակ»

ՏԻՄ ընտրությունները՝ փորձաքար նոր ընդդիմության ձևավորման համար. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի՝ տարեվերջին՝ դեկտեմբերի 8-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի մի շարք համայնքներում՝ Արարատի մարզի Տափերական, Արագածոտնի մարզի Ավան, Կոշ, Հակո, Զարինջա, Թլիկ, Արմավիրի մարզի Նորապատ, Ֆերիկ, Ալաշկերտ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Կոտայքի մարզի Ողջաբերդ, Լոռու մարզի Անտառամուտ համայնքներում։ Թավշյա հեղափոխությունից հետո, իհարկե, տարբեր համայնքներում տեղի են ունեցել ընտրություններ, որոնց մասնակցել են հիմնականում անկուսակցական թեկնածուներ կամ էլ համայնքների նախկին ղեկավարները։ Եվ սա հարցեր է առաջացնում մի երկրում, որտեղ առկա է բազմակուսակացական համակարգ, որտեղ, եթե որևէ կուսակցության հարց ուղղես իր անդամների թվաքանակի մասին, մի պատկառելի ցուցակ կարող է խոթել աչքդ։ Սակայն այդ նույն կուսակցությունները զլանում և ավելորդ են համարում մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ունենալ արդար ընտրությունների միջոցով ընտրված գեթ մեկ համայնքապետ։ Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարող են իսկապես փորձաքար դառնալ նոր ընդդիմության ձևավորման համար, որի անհրաժեշտությունը կա, որի մասին խոսվում է պարբերաբար։ Մի ընդդիմության, որը կարող է իր օրակարգով, ծրագրերով ստվերում թողնել և քաղաքական աղբանոց նետել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: