Խաշմանյանը՝ առանց կես թիմի. Ինչ կտան փոփոխությունները մեր հավաքականին …

Խաշմանյանը՝ առանց կես թիմի. Ինչ կտան փոփոխությունները մեր հավաքականին …

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրապարակեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը: Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Փաստորեն, Հունաստանի դեմ խաղին ընդառաջ՝ բացեր կան մեր հավաքականի բոլոր օղակներում: Տևական դադարից հետո կրկին ազգային հավաքական է հրավիրվել մեր ամենափորձառու դարպասապահը՝ Գևորգ Կասպարովը: Հայաստանի հավաքականի վերջին մի քանի մարզիչները անհասկանալի պատճառներով Կասպարովին չէին հրավիրում՝ նախապատվությունը տալով կարգով ավելի ցածր դարպասապահների: Կարծում ենք՝ պարզ է, որ Աբրահամ Խաշմանյանը մտահոգված է դարպասապահի հարցով և, հրավիրելով 39-ամյա Կասպարովին, թեկուզ ժամանակավոր, բայց փորձել է լուծում գտնել: Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի հետ վճռորոշ հանդիպումներում դարպասապահ Արամ Հայրապետյանը խայտառակ սխալներ էր թույլ տվել՝ էապես նպաստելով ձախողմանը: Կարծում ենք՝ ճիշտ կլինի նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում հենց Գևորգ Կասպարովին ընդգրկել: Տևական դադարից հետո հավաքական է հրավիրվել նաև Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը: Վերջինիս ազգային թիմում չէր տեսնում նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Հարցազրույցներից մեկում էլ Սարկիսովը հայտարարել էր, որ զարմացած է հավաքական չհրավիրվելու փաստով: Սարգիս Ադամյանի բացակայության պայմաններում Սարկիսովին հրավիրելը, կարծում ենք, ճիշտ որոշում է: Այս ֆուտբոլիստը հատկապես հաջող է խաղում փոխարինման դուրս գալուց և բազմիցս աչքի է ընկել մեր հավաքականի կազմում: Բացի Կասպարովից և Սարկիսովից՝ կրկին հավաքական են հրավիրվել նաև Արմեն Մանուչարյանը, Արտյոմ Սիմոնյանը՝ «Փյունիկից», և Գեղամ Հարությունյանը՝ «Գանձասար-Կապանից»: Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը: Զգացվում է, որ Խաշմանյանը մտադիր է փոփոխություններ մտցնել հավաքականում, ինչը ողջունելի է: Ամեն դեպքում այս պահին դժվար է ասել՝ ինչ կտան այդ փոփոխությունները հավաքականին: Չմոռանանք, որ 4 առանցքային ֆուտբոլիստներ վնասվածքի պատճառով հավաքականում չեն: Հունաստանի խաղին չի մասնակցի նաև Հարոյանը: Ու փաստարեն, առաջիկա հանդիպմանը ընդառաջ՝ Խաշմանյանը զրկվել է կես թիմից: 5 առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը չի կարող լուրջ ազդեցություն չունենալ խաղի որակի և արդյունքի վրա: Մրցաշարային առումով Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումները այնքան էլ կարևոր չեն, քանզի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու հույսեր չունենք: Անկախ մրցաշարային դիրքից, սակայն, հանդիպումը պաշտոնական է, և բոլորն ակնկալում են հաղթանակ: Առաջիկա հանդիպումները լավ առիթ են, այսպես ասած, մոտիկից ծանոթանալու Խաշմանյանի մասնագիտական որակներին ազգային հավաքականի հարթության վրա: Երբ թիմը զրկվում է առաջատարներից, իր կարևոր խոսքը պետք է ասի գլխավոր մարզիչը՝ փորձելով լրացնել բացերը: Հայաստանի հավաքականի նախորդ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին չհաջողվեց լրացնել Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառնել Մկրտչյանի բացը: Հերթը Խաշմանյանինն է: Հայկական տարբեր թիմերում Խաշմանյանին հաջողվել է կարճ ժամանակում լուրջ քայլեր կատարել և արդյունք ցույց տալ: Չմոռանանք, որ Խաշմանյանը գլխավորել է նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մասնավորապես 2013/2014 թվականներին մեր երկրորդ հավաքականը Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրել է 6 հանդիպում, որոնցից 4-ում ցույց է տվել դրական արդյունք: Հենց նորամուտի խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի նկատմամբ: Հենց առաջին հանդիպմանը Խաշմանյանի կատարած դրական փոփոխություններն ակնհայտ էին: Պետք է դրական գնահատել նաև Խաշմանյանի աշխատանքը Հայաստանի Մ-19 հավաքականում: 2013 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Լիտվային 1:0 հաշվով զիջելուց հետո Հայաստանի հավաքականը նույն հաշվով առավելության էր հասել Լեհաստանի բավական ուժեղ ընտրանու նկատմամբ և ոչ-ոքի՝ 1:1 խաղացել Ռումինիայի հետ: Վիճակագրական այս տվյալներն ապացույցն են նրա, որ հավաքականների մակարդակով Խաշմանյանին հաջողվել է արդյունք ցույց տալ: Լիահույս ենք, որ 52-ամյա մասնագետը հաջողության կհասնի նաև մեր ազգային հավաքականում: Հիշեցնենք, որ ընտրական այս շրջափուլում Հայաստանի հավաքականը Հունաստանի հետ մրցել է Աթենքում և առավելության հասել 3:2 հաշվով: Անկախ ամեն ինչից՝ երևանյան խաղում մեզ համար բավարար արդյունք կլինի միայն հաղթանակը: