Գյուլբուդաղյանցի աքսիոման. Ինչ խնդիր պետք է լուծի Խաշմանյանը Հունաստանի դեմ խաղում

Գյուլբուդաղյանցի աքսիոման. Ինչ խնդիր պետք է լուծի Խաշմանյանը Հունաստանի դեմ խաղում

Վաղը կավարտվի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրը, որից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կհրապարակի այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հունաստանի և Իտալիայի հետ հանդիպումներին: Նոյեմբերի 15-ին մեր ազգային թիմն առաջին հանդիպումը կանցկացնի Խաշմանյանի գլխավորությամբ: Հանդիպում, որը շատերի կարծիքով՝ մեզ համար այնքան էլ կարևոր չէ, քանզի զրկվել ենք եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից: Այնուամենայնիվ, առաջիկա հանդիպումները պաշտոնական են, և անկախ մրցաշարային իրավիճակից՝ առաջնայինն արդյունքն է: J ենթախմբում Հայաստանի ընտրանին այս պահին երրորդ հորիզոնականում է, և ցանկալի կլինի, որ ընտրական շրջափուլն ավարտենք հենց այս դիրքում: Սպասվում է, որ առաջիկա խաղում թե՛ հավաքականի խաղում և թե՛ կազմում կլինեն փոփոխություններ: Խաշմանյանի առաջնային խնդիրներից է խաղային ձեռագրի հաստատումը, որը տարիներ շարունակ չի նկատվել: Նշենք, որ առաջիկա հանդիպումներին ընդառաջ՝ Խաշմանյանը բավական բարդ խնդիրների առաջ է կանգնած: Երեկ հայտնի դարձավ, որ Հունաստանի և Իտալիայի հանդիպումներին Հայաստանի հավաքականին չի կարողանա օգնել Հենրիխ Մխիթարյանը, որը դեռևս չի ապաքինվել վնասվածքից և ամենայն հավանականությամբ շարք կվերադառնա միայն նոյեմբերի վերջին: Հունաստանի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողել Ֆինլանդիայի և Լիխտենշտեյնի դեմ հավաքականի նախորդ երկու հանդիպումները: Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշված հանդիպումներում անհաջող ելույթները մասնավորապես կապել էր Մխիթարյանի, ինչպես նաև առանցքային այլ խաղացողների՝ Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ: Այդուհանդերձ, Ֆինլանդիայի հանդիպումից մի քանի օր անց Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողացել լուծել հավաքականի առաջ դրված խնդիրը, այն է՝ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը: Իր այս քայլով Գյուլբուդաղյանցը սահմանեց նշաձող և աքսիոմա ազգային թիմի ապագա մարզիչների համար: Մասնավորապես, որ անհաջողությունները չի կարելի կապել այս կամ այն ֆուտբոլիստի բացակայության հետ, և որ կադրային խնդիրներն ամենևին էլ արդարացում չեն: Եվ երկրորդ գլոբալ խնդիրը չլուծելու պարագայում գլխավոր մարզիչը պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի և հեռանա: Հետևաբար այս պահից պետք է ֆիքսենք, որ առաջիկա հանդիպումներում առկա կադրային խնդիրները չեն կարող պատճառ հանդիսանալ արդարանալու համար: Կրկնում ենք՝ ազգային հավաքականն այն հարթությունն է և կարևորագույն սուբյեկտը, որը յուրաքանչյուր խաղում պետք է անի առավելագույնը արդյունք ցույց տալու համար: Այո, Մխիթարյանն ու Հարոյանը չեն խաղա Հունաստանի դեմ խաղում, բայց այս մրցավեճում նույնիսկ ոչ-ոքին կդիտվի որպես անբավարար արդյունք: Հունաստանին այս շրջափուլում արդեն հաղթել ենք: Հաղթել ենք Աթենքում: Խաշմանյանն ունի մեկ շաբաթից քիչ ժամանակ հույների դեմ խաղին պատրաստվելու համար: Մեր նոր գլխավոր մարզչի նպատակը պետք է լինի վերջին երկու հանդիպումներում առկա սխալների շտկումը և երեք միավորի ապահովումը: Վստահ ենք, որ Խաշմանյանը կարող է թափ հաղորդել Հայաստանի ազգային հավաքականին: Հետևաբար բարի երթ ու հաղթանակներ ենք մաղթում մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզչին: