Բարև, Ռոբիկ․․․ Պողոս Պողոսյանի ընկերը, ով ևս գտնվել է «Առագաստ» սրճարանում նոր մանրամասներ է հայտնում

«Առագաստ» սրճարանում 2001թ. Պողոս Պողոսյանի սպանությունից հետո անցել է 18 տարի: Նա սպանվել է այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Ականատեսների վկայությամբ՝ Պողոս Պողոսյանին ծեծի ենթարկելու պատճառ էր դարձել նրա ողջույնի ձևը՝ «Պրիվե՛տ, Ռո՛բ»: Չնայած նրան, որ որոշ վկաների պնդմամբ՝ ծեծին մասնակցել են մի քանի հոգի, Քոչարյանի թիկնազորի միայն մեկ անդամի՝ Կուկու մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի նկատմամբ դատարանը մեղադրանք ներկայացրեց և դատապարտեց ընդամենը մեկուկես տարվա պայմանական ազատազրկման՝ անզգույշ սպանության մեղադրանքով: Այս դատավճիռն առաջացրեց հանրության և ՄԻՊ որոշ կազմակերպությունների խիստ դժգոհությունը, որոնք նախագահ Քոչարյանին մեղադրեցին հանցագործությունը կատարողներին հովանավորելու մեջ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նոր մանրամասներ ներկայացրեց Պողոս Պողոսյանի ընկերը՝ Ստեփան Նալբանդյանը, ով սպանության օրը՝ 2001թ. սեպտեմբերի 24-ին, ընկերոջ հետ եղել է «Առագաստ» սրճարանում: «Հայ կրթական հիմնարկության մասնաճյուղի տնօերնն էի, Հայաստանում, Արցախում և Ջավախքում դպրոցներ էինք վերանորոգում: Ջավախքում մեր աշխատանքների, այսպես ասած, վերահսկիչը Պողոսն էր: 2000թ. Յուրա Նավոյանն էր ծանոթացրել նրա հետ, և մտերմացանք, որովհետև շատ ազնիվ ու հայրենասեր անձ էր: Այդ օրը հրավիրել էի, որ գումար տայի դպրոցի շինարարական աշխատանքների համար, նաև բարերարի՝ լուսահոգի ամերիկահայ Սերժ Փափայանցի հետ ծանոթացնելու... Բարերարի ցանկությամբ էինք որոշել հանդիպել «Առագաստում»: Յուրա Նավոյանը նույնպես եկել էր: Մենք զրուցեցինք գործից, Ս. Փափայանցը մեզ կոնյակ հյուրասիրեց: Այդ օրը սրճարանը մարդաշատ էր, աղմկոտ: Երկար չէր անցել, հանկարծ ծափահարություններ սկսեցին, տեսանք, որ մեր կողքով անցնում էին Քոչարյանը, Ազնավուրը և թիկնազորը: Պողոսը դաշնակցական էր և սատարում էր Քոչարյանին: Նա ուրախ էր, որ տեսավ Քոչարյանին, ուրախությունից կանգնեց ու ասաց՝ բա՛րև, Ռոբի՛կ: Չգիտեմ ինչու, բոլորի մոտ բարևը «պրիվետ» է դարձել, երևի այդ տարիների ժուռնալիստիկայի արդյունքն էր, որպեսզի ցույց տան, որ իբրև թե հեգնանք է եղել: Շատերը նաև ասում են, որ Պողոսը հարբած է եղել, բայց նա հարբած չի եղել... Բարևելու պահին Քոչարյանը թարս նայեց, թիկնապահներից մեկն էլ ասաց՝ լպի՛րշ, ձայնդ կտի՛ր: Մոտավորապես 10 րոպե հետո Պողոսին մոտեցավ մի երիտասարդ՝ թիկնազորի անդամ էր, քաղաքավարի հրավիրեց, գնացին: Պողոսը ուշացավ, Նավոյանին ուղարկեցի հետևից, վայրկյաններ անց Յուրային էլ խփեցին... Ես մինչև հասա, տեսա, որ մի 6 հոգով Պողոսին ծեծում են և քարշ տալով ուզում են մտցնել զուգարան...»: Մանրամասն՝ տեսանյութում: